Բուչայի իրադարձություններից հետո Արևմուտքն անմիջապես հայտարարեց Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու և նոր պատժամիջոցներ կիրառելու ծրագրերի մասին։ Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնի խոսքով՝ դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա վաղը։
Բացի այդ, Ֆրանսիան Բրյուսելին առաջարկել է արագ միջոցներ ձեռնարկել ռուսական նավթի և ածխի ներկրումը դադարեցնելու համար։
Ավելի վաղ այն մասին, որ Բրյուսելը պատրաստվում է ապրիլի 6-ին Ռուսաստանի դեմ նոր սահմանափակող միջոցներ Բուչայի սպանդից հետո, գրել էր Financial Times-ը։
Ապրիլի 3-ին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու՝ Եվրամիության մտադրության մասին հայտարարել էր Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը։
Պատժամիջոցների փաթեթի մասին խոսում է նաև Վաշինգտոնը՝ առանց մանրամասների։
Բացի պատժամիջոցներից, Արևմուտքը ցանկանում է նաև է՛լ ավելի մեկուսացնել Ռուսաստանին քաղաքակիրթ աշխարհից և կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը այն միջազգային կազմակերպություններում, որտեղ դա հնարավոր է։
Բուչա ավանում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մասին տեղեկատվության հրապարակումից հետո Միացյալ Նահանգները և Բրիտանիան առաջարկել են Ռուսաստանին վտարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից։
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը երեկ հայտարարել է․ - «Ռուսաստանի անդամությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին խեղկատակություն է, դա սխալ բան է, և հենց այդ պատճառով մենք համարում ենք, որ եկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ռուսներին այդ խորհրդից քվեարկությամբ վտարելու ժամանակը»։ Ըստ Թոմաս-Գրինֆիլդի՝ Բուչայից ստացված պատկերները պարտադրում են խոսքը գործով ապացուցել։
Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին անհնարին է համարել նաև Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը՝ հայտարարելով․ - «Հաշվի առնելով պատերազմի հանցագործությունների մասին վկայող համոզիչ տեղեկությունները, այդ թվում՝ զանգվածային գերեզմանների և Բուչայում մարդկանց սարսափելի սպանդի մասին տեղեկությունները, հարկ է փաստել, որ Ռուսաստանն այլևս չպետք է լինի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ»։
Թրասը նաև ասել է՝ Մեծ յոթնյակի և ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կհանդիպեն և կհայտարարեն նոր պատժամիջոցների մասին։ Նրա խոսքով՝ օրակարգում պետք է լինի Ռուսաստանին ֆինանսական բոլոր եկամուտներից զրկելու հարցը։ «Փաստն այն է, որ փողն Արևմուտքից դեռ հոսում է Ռուսաստան և ֆինանսավորում է Պուտինի պատերազմի մեքենան: Դրան պետք է վերջ տալ», - ընդգծել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ դրան հավանություն տան ՄԱԿ-ի անդամ 193 անդամ պետությունների առնվազն երկու երրորդը։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո տեղի ունեցած քվեարկությունները ցույց են տալիս, որ այդ արդյունքը դժվար չի լինի ապահովել։
Բացի այդ, մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Դանիան, հայտարարել են ռուս դիվանագետներին արտաքսելու մասին։
Մոսկվան շարունակում է հերքել բոլոր մեղադրանքները
Մոսկվան, իր հերթին, շարունակում է հերքել բոլոր մեղադրանքները։ Ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, թե ռուսական բանակը Ուկրաինայի տարածքում խաղաղ բնակչության դեմ որևէ գործողություն չի իրականացրել, իսկ Բուչայում սպանդի տեսարանները կեղծ են և բեմականացված։
Ավելին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօր հայտարարել է, թե ուկրաինական կողմը պատրաստվում է այդօրինակ քայլերի գնալ նաև այլ քաղաքներում։ «Հաստատված տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 4-ի երեկոյան Կիևից 23 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Մոշչուն գյուղում հոգեբանական գործողությունների 72-րդ ուկրաինական գլխավոր կենտրոնի զինվորականները հերթական բեմականացված նկարահանումներն են իրականացրել իբր ռուսական զինված ուժերի բռնի գործողությունների հետևանքով սպանված խաղաղ բնակիչների մասին՝ հետագայում արևմտյան լրատվամիջոցների միջոցով տարածելու համար: Նմանատիպ միջոցառումներ ուկրաինական հատուկ ծառայություններն այժմ կազմակերպում են Սումիում, Կոնոտոպում և այլ քաղաքներում»։
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավար
Վալենտինա Մատվիենկոն էլ այսօր հայտարարել է, թե Մոսկվան հաջողությամբ ըստ ծրագրածի կավարտի հատուկ ռազմական օպերացիան Ուկրաինայում և աշխարհին կապացուցի, թե ինչ է իրականում կատարվել Բուչայում։
«Բարի գալուստ անցյալ՝ Սովետական Միություն․ այս անգամ վարագույրը չուգունից է»
Պաշտոնական Մոսկվան ընդհանրապես որդեգրել է ամեն ինչ ժխտելու և պատերազմում անխուսափելիորեն հաղթելու դիրքորոշում։ Եվ բոլոր հայտարարությունները՝ թե՛ դրսի, թե՛ ներքին լսարանի համար, հենց այս մոտեցման շրջանակում են։
Անխուսափելի հաղթանակի մեջ պետությունը փորձում է համոզել նույնիսկ դպրոցականներին: Ռուսաստանի բոլոր դպրոցներում այս օրերին հատուկ դասեր են անցկացվում, որոնց ժամանակ ուսուցիչներն աշակերտներին պատմում են Պուտինի հատուկ ռազմական օպերացիայի, Արևմուտքի՝ Ռուսաստանին հայտարարած տնտեսական պատերազմի մասին ու համոզում, որ արևմտյան պատժամիջոցները միայն օգնելու են ռուսական տնտեսության աճին և ազատելու են Ռուսաստանը արևմտյան ապրանքներից կախվածությունից։
«Բարի գալուստ անցյալ՝ Սովետական Միություն», - արձագանքելով այս արշավին՝ գրում են ռուսաստանցի օգտատերերը համացանցում և կատակում, որ այս անգամ, սակայն, Արևմուտքի և Ռուսաստանի միջև վարագույրը ոչ թե երկաթից է, այլ շատ ավելի պինդ նյութից՝ չուգունից։