Մատչելիության հղումներ

Դմիտրի Կուլեբա. «Ռուսաստանն «Իսլամական պետությունից» վատն է»


Կիևը պահանջում է դատել Պուտինին ու նրա գեներալներին

«Ցեղասպանություն, վայրագություն, պատերազմի հանցագործություն, աներևակայելի գազանություն»՝ այս և բազում ուրիշ խիստ մեղադրանքներ են այսօր՝ պատերազմի 40-րդ օրը, հնչեցվում Ռուսաստանի հասցեին:

Միջազգային համայնքի ցասումն ու վրդովմունքն առաջացրել են դաժան լուսանկարներն ու տեսագրությունները Բուչա անվամբ բնակավայրից, որտեղից մարտի 30-ին հեռացել են ռուսաստանցի զինծառայողները: Լուսանկարներում և տեսագրություններում կապված ձեռքերով գնդակահարված մարդիկ են, բռնաբարված կանայք և կտտանքների ենթարկված բնակիչներ:

«Այն, ինչ տեսել ենք Բուչայում և դրա մերձակայքում, մեզ թույլ է տալիս առանց չափազանցության փաստել, որ Ռուսաստանն «Իսլամական պետությունից» վատն է»,- ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:

Ռուսական զորքի հեռանալուց հետո Բուչայի փողոցներում քաղաքացիական անձանց տասնյակ դիեր են հայտնաբերվել
please wait

No media source currently available

0:00 0:03:17 0:00

Կիևը հայտարարել է, որ Բուչայում և զավթիչներից ազատագրված բոլոր մյուս բնակավայրերում տեղի ունեցած վայրագությունների մասին փաստերն ու վկայությունները կփոխանցվեն միջազգային պատկան կառույցներին, որոնք պետք է դատական պատասխանատվության կանչեն Ռուսաստանի բանակի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին և նրա ենթակայության տակ գտնվող բարձրաստիճան զինվորականներին:

«Պատերազմի հանցագործություն և ցեղասպանություն»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Բուչա: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե «Ռուսաստանն Ուկրաինայում պատերազմի հանցագործություններ և ցեղասպանություն է իրականացնում»:

Նախագահը խոսել է նաև ճգնաժամի կարգավորման կարևորության մասին, ասելով, որ Կիևը Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների կողմնակից է:

«Մենք կշարունակենք դիվանագիտական և ռազմական ջանքերը»,- հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը:

«Բուչան Կիևի ռեժիմի կողմից բեմադրված հերթական ներկայացումն է»

Կրեմլը պնդում է, որ Բուչայում տեղի ունեցածը սարսափելի սադրանք է, որը կազմակերպել են Ուկրաինայի ղեկավարները և նրանց արևմտյան հովանավորները:

Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան երեկ ասել է, թե ոչ մի փաստ չներկայացնելով՝ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն կեղծ վկայություններ են մոգոնել և փորձում են Բուչայի ողբերգությունների համար մեղքը Ռուսաստանի վրա բարդել:

«Այն, որ նրանց {արևմտյան երկրների ղեկավարների} հայտարարությունները հնչեցվել են այսպես կոչված` փաստերի հրապարակումից ընդամենը րոպեներ անց, կասկած չի թողնում, թե ով է Ռուսաստանին վարկաբեկող նյութերի իրական պատվիրատուն»,- ասել է Զախարովան:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է, թե «առանց արժանահավատ փաստերի հրապարակված Բուչայի լուսանկարները ոչ այլ ինչ են, եթե ոչ Կիևի ռեժիմի կողմից բեմադրված հերթական ներկայացում»:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ասել է, թե ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մասնագետների, «այդ տեսահոլովակներն արժանահավատ չեն, քանի որ կեղծվել են»:

Այդ է պնդել նաև Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն, ով այսօր Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիտսին:

«Վերջերս հերթական ֆեյք-գրոհն է եղել Կիևի շրջանի Բուչա ավանում այն բանից հետո, երբ ծրագրի և պայմանավորվածության համաձայն ավանից դուրս են եկել ռուսաստանցի զինծառայողները: Դրանից օրեր անց այնտեղ մի բեմականացում են սարքել և այն հիմա բոլոր խողովակներով տարածում են ուկրաինացիներն ու նրանց արևմտյան հովանավորները»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով, Բուչայի քաղաքապետը դեռ մարտի 31-ին հրապարակավ հայտարարել է, թե ամեն ինչ կարգին է, և մեկ էլ երկու օր անց այդ ֆեյքն է սարքվել:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտարարել է, թե հետաքննություն է սկսում Բուչայի իրադարձությունների վերաբերյալ «Ռուսաստանին վարկաբեկող կեղծ տեղեկատվություն միտումնավոր տարածելու փաստով»:

Մարդկանց գնդակահարել են մոտ տարածությունից

AP լրատվական գործակալության թղթակիցները պնդում են, որ Բուչայի փողոցներում տեսել են առնվազն 21 գնդակահարվածի, ընդ որում այդ մարդկանցից 9-ի դիակները եղել են մի փողոցում, որի հարևանությամբ դեռ անցած շաբաթ ռուսների ջոկատն է տեղակայվել:

Բոլոր սպանվածները քաղաքացիական հագուստով են և գնդակահարվել են մոտ տարածությունից: Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Կիևին հարակից բնակավայրերում առնվազն 410 խաղաղ բնակիչների դիակներ են հայտնաբերվել:

Մակրոնն առաջարկում է Մոսկվայի նկատմամբ սահմանել նոր սանկցիաներ

Մինչդեռ, միջազգային համայնքը խստագույն կերպով դատապարտում է ռուսներին: Բուչայի մասին հայտարարություններ են հրապարակել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը «ցեղասպանություն» է անվանել ռուս զինծառայողների ենթադրյալ գործողությունները Բուչայում:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն էլ ասել է, որ Բուչայում տեղի ունեցածը պատերազմի հանցագործություն է:

«Անհրաժեշտ են նոր սանկցիաներ, հստակ միջոցներ: Մենք այս հարցը կհամակարգենք մեր եվրոպացի գործընկերների, նախևառաջ Գերմանիայի հետ և լրացուցիչ քայլերի կդիմենք: Եվ ես կողմ եմ, որ մենք սանկցիաները տարածենք նաև ածխի ու մասնավորապես նավթի վրա, ինչն առավել ցավոտ կլինի ռուսների համար»,- ասել է Մակրոնը:

Բուչան է ռուսների վարած պատերազմի իրական դեմքը

Եվրոպական միությունը հայտարարել է, որ բոլոր մեղավորներն անխուսափելիորեն պետք է ենթարկվեն դատական պատասխանատվության:

«Խաղաղ բնակիչների շրջանում մեծ թվով զոհերի և վիրավորների, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացման ապացույցները ցույց են տալիս Ուկրաինայում Ռուսաստանի վարած այս դաժան պատերազմի իրական դեմքը: Բուչայում և Ուկրաինայի այլ քաղաքներում զանգվածային սպանությունները կներառվեն եվրոպական հողի վրա կատարված վայրագությունների ցանկում: Պատասխանատվությունը Ռուսաստանն է կրելու, որովհետեև ըստ օկուպացիայի մասին միջազգային օրենքի, հանցագործությունները տեղի են ունեցել ռուսաստանյան զինված ուժերի հսկողության տակ գտնվող տարածքներում»,- հայտարարել է Եվրամիությունը:

Եվրոպական միությունը նաև իր աջակցությունն է հայտնել Միջազգային քրեական դատարանին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության Քննչական կոմիտեին, որոնք քննում են Ուկրաինայում պատերազմի հանցագործությունները և մարդկայնության դեմ հանցագործությունները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG