Պատերազմի մեկնարկից գրեթե վեց շաբաթ անց Ուկրաինայում կրկին հայտարարում են՝ եթե «Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտոնապես մեզ հրավիրի, պատրաստ ենք անդամակցել ՆԱՏՕ-ին»։
«Մենք վաղն արդեն պատրաստ ենք անդամակցել ՆԱՏՕ-ին՝ անտեսելով անգամ Ռուսաստանի առաջ քաշած նախապայմանները։ Եթե վաղը մեզ լրջորեն առաջարկեն անդամակցել ՆԱՏՕ-ին՝ մենք կհամաձայնենք։ Ցավոք սրտի, դա տեղի չի ունենա և մինչ օրս էլ տեղի չի ունեցել։ Այդ իսկ պատճառով մենք պետք է ստեղծենք մեր սեփական անվտանգության երաշխիքները, որոնք կպաշտպանեն մեզ, կպաշտպանեն մեր կյանքերը», - այսօր Կիևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Խոսելով ռազմաճակատում տիրող կացության մասին՝ Զելենսկին խոստովանում է՝ ամենածանր իրադրությունը Մարիուպոլում է, որտեղ կռվող ուկրաինական ստորաբաժանումներին օգնության հասնելը գրեթե անհնարին է։
«Այսօրվա դրությամբ ռազմական ճանապարհով Մարիուպոլի ազատագրումը շատ բարդ է, և այնտեղ կռվող տղաները դա շատ լավ հասկանում են», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ հերթական անգամ արձագանքելով Մարիուպոլը անհապաղ կերպով ապաշրջափակելու կոչերին։
Փողոցային մարտերը Մարիուպոլում շարունակվում են շուրջ մեկ ամիս, և երկու կողմերի փոխանցմամբ՝ գրեթե 400 հազար բնակչություն ունեցող արդյունաբերական այս կենտրոնի մեծ մասը այս պահին գտնվում է ռուսական ուժերի վերահսկողության ներքո։ Ուկրաինական ստորաբաժանումները շարունակում են դիմադրել քաղաքի մի շարք հատվածներում, մասնավորաբար, «Ազովստալ» գործարանի տարածքում։
Քաղաքի ապաշրջափակումը, սակայն, գործնականում անհնարին է, քանի որ Մարիուպոլը այս պահին գտնվում է ռուսական ուժերի խոր թիկունքում՝ ռազմաճակատի գծից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան Թուրքիային առաջարկել է անվտանգության երաշխավոր դառնալՆման իրավիճակում ռուսական հրամանատարությունը առաջարկեց այսօր առավոտյան դադարեցնել կրակը՝ շրջապատման մեջ գտնվող ուկրաինական ստորաբաժանումների համար Մարիուպոլից դեպի Կիևի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիե անվտանգ միջանցք ստեղծելով։ Պաշտոնական Կիևը, սակայն, առայժմ պատրաստ է խոսել միայն վիրավորների և զոհված զինվորականների մարմինների դուրսբերման մասին՝ այս հարցում ակնկալելով պաշտոնական Անկարայի աջակցությունը։
«Թուրքիան պատրաստ է նավերով դուրս բերել վիրավորներին և սպանվածներին։ Այս գործողության համար անհրաժեշտ բոլոր ենթակառույցները մեզ մոտ պատրաստ են, սպասում ենք Պուտինի արձագանքին։ Այս հարցի շուրջ ես խոսում եմ Էրդողանի հետ, նա էլ` Ռուսաստանի նախագահի», - ասել է Զելենսկին։
Թուրքական իշխանությունները մի քանի ժամ առաջ հաստատեցին, որ պատրաստ են Մարիուպոլից տարհանումը կազմակերպելու հարցում աջակցություն ցուցաբերել։ Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, սակայն, այսօր խոսում էր ոչ թե ուկրաինացի վիրավոր զինվորականների, այլ քաղաքացիական անձանց, մասնավորաբար, Մարիուպոլում մնացող Թուրքիայի քաղաքացիների տարհանման մասին։
Կիևցի լրագրողները այսօր հետաքրքրում էր նաև Ռուսաստանի հետ ընթացող բանակցությունների ճակատագիրը։ Արդյոք Բուչայում տեղի ունեցած իրադարձությունները բավարար պատճառ չե՞ն բանակցություններից ի սպառ հրաժարվելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան հաղորդում է Բուչայի փողոցներում տասնյակ սպանվածների դիերի առկայության մասին«Ասել թե այլևս որևէ բանի մասին չենք խոսելու, դա ամենահեշտ մոտեցումն է։ Շատ ավելի դժվար է մատնացույց անել հակառակ կողմին այն ամենն, ինչ նրանք կատարել են, ասել, որ սա Ռուսաստանի պատերազմն է Ուկրաինայի դեմ, ասել, որ նրանք ցեղասպանություն են գործում, բայց դրա հետ մեկտեղ նաև հանդիպելու հնարավորություն գտնել։ Եվ ինչը թերևս ամենակարևորն է՝ այդ հանդիպման ընթացքում այնպիսի ելքեր գտնել, որպեսզի մենք մեր տարածքները չկորցնենք», - պատասխանել է Զելենսկին։
Նշենք սակայն, որ չնայած վերջին օրերին ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում ակտիվ ռազմական գործողություններ չեն ընթանում, որոշ տեղերում ռուսական ուժերը թեև դանդաղորեն, բայց շարունակում են առաջ շարժվել։ Այսօր դա հաստատեցին նաև Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբում։
«Բարվենկովո բնակավայրի ուղղությամբ հակառակորդը մասնակի հաջողություն ունի։ Այն առաջ է շարժվել շուրջ յոթ կիլոմետրով», - այսօր հայտարարում էր Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով նաև, որ ի տարբերություն Կիևի, երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի մերձակայքից ռուսական ուժերը առայժմ նահանջել չեն պատրաստվում։
«Ռուսաստանցի զավթիչները շարունակում են արգելափակել Խարկովը՝ չդադարող հրետակոծություններով վնասելով քաղաքի բնակելի թաղամասերը և ենթակառույցները», -հայտարարել է ուկրաինական ԳՇ ներկայացուցիչը։
Պաշտոնական Կիևը նաև հաստատում է, որ ռուսական ուժերին հաջողվել է որոշակի առաջխաղացում ապահովել Նիկոլաևի ուղղությամբ՝ գրավելով քաղաքից մոտ 25 կիլոմետր հարավ գտնվող Ալեքսանդրովկա ավանը։ Նիկոլաևը ռազմաճակատի հարավային հատվածի առանցքային կետն է, քանի որ այն գրավելու դեպքում ցամաքային ուղիղ ճանապարհ է բացվում դեպի Օդեսա և Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետություն։