Մատչելիության հղումներ

Ուկրաինան Թուրքիային առաջարկել է անվտանգության երաշխավոր դառնալ


Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղուն, արխիվ
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղուն, արխիվ

Արդեն երեք շաբաթից ավելի Ռուսաստանի դեմ պատերազմ մղող Ուկրաինան Թուրքիային առաջարկել է անվտանգության երաշխավոր դառնալ։ Այս մասին այսօր ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո հայտարարել է Թուրքիայի արտգործանախարարը՝ չհստակեցնելով, սակայն, արդյոք Անկարան պատրա՞ստ է ստանձնել այդ դերը։

Մևլյութ Չավուշօղուի խոսքով, Կիևը ցանկանում է, որ Թուրքիան ևս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի հետ միասին դառնա անվտանգության երաշխավոր, եթե պատերազմող կողմերը հասնեն համաձայնության։ Թուրք նախարարը հայտարարել է, որ նախօրեին Մոսկվայում ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է այս հարցը, և Ռուսաստանը դեմ չէ այս առաջարկին:

Ավելի վաղ՝ պատերազմի երկրորդ շաբաթում նախագահ Վլադիմիր Զելենսկու կուսակցությունն էր առաջարկել միջազգային բազմակողմ նոր համաձայնագիր կնքել, որով Թուրքիան, Միացյալ Նահանգները և Ուկրաինայի անմիջական հարևանները հանդես կգան որպես այդ երկրի անկախության և ինքնիշխանության երաշխավորներ։


Երեկվա մոսկովյան բանակցություններից հետո Մևլյութ Չավուշօղլուն այսօր Լվովում է հանդիպել Դմիտրի Կուլեբային: Առանձնազրույցից հետո կայացած ասուլիսում Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է միջնորդական ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատման և խաղաղության վերականգնման գործընթացում:

«Նախագահ Էրդողանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ, այսօր էլ զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ: Ամբողջ աշխարհը տեսնում է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի մղած պայքարը այս պատերազմում: Մենք լիովին սատարում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Ուկրաինային ցուցաբերած աջակցությունը Թուրքիայի սկզբունքային քաղաքականության ու ռազմավարական դաշնակցության արդյունքն է», - նշել է Մևլյութ Չավուշօղլուն:

Դմիտրի Կուլեբան իր հերթին հայտարարել է, որ բարձր են գնահատում Թուրքիայի միջնորդական առաքելությունը այս հակամարտության մեջ: Նա ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է աշխատելու դիվանագիտական բոլոր հարթակներում Ռուսաստանի ագրեսիային վերջ դնելու համար: Կուլեբայի խոսքով, թուրք գործընկերոջ հետ պայմանավորվել են շարունակել ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու համար:

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Մոսկվայի և Կիևի հետ լավ հարաբերություններ ունեցող Անկարան պատրաստ է հյուրընկալել ինչպես հակամարտող երկրների արտգործնախարարների, այնպես էլ նախագահների հանդիպումը:


«Ուրախ կլինենք Անթալիայում կրկին անցկացնել Կուլեբայի և Լավրովի հանդիպումը: Պետք է հող նախապատրաստել նաև առաջնորդների շուտափույթ հանդիպման համար: Ավելի վաղ հայտնել ենք, որ ցանկանում ենք հյուրընկալել առաջնորդների մակարդակով հանդիպումը: Իմ երկու այցերի արդյունքում դժվար է հստակ բան ասել պատերազմի վերաբերյալ, բայց հրադադարի հույսը մի փոքր մեծացել է», - ընդգծել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը վերջին մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ է հանդիպում իր ռուս և ուկրաինացի պաշտոնակիցներին: Մեկ շաբաթ առաջ՝ մարտի 10-ին Չավուշօղլուն Անթալիայում հյուրընկալել էր Լավրով-Կուլեբա առաջին բանակցությունները պատերազմի սկզբից ի վեր։

XS
SM
MD
LG