Հայաստանը պատրաստ է անմիջապես սկսել բանակցություններ Ադրբեջանի հետ` ամբողջական սկզբունքների հիման վրա Մինսկի համանախագահության շրջանակում, այսօր Երևանում իտալացի գործընկերոջ հետ հայտարարության ընթացքում կրկին ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Տեղեկացրել եմ, որ Ադրբեջանն առաջարկներ է փոխանցել մեզ, որոնք մենք համարել ենք ընդունելի, բայց ոչ ամբողջական և լրացրել ենք մեր առաջարկներով և բարձրաձայնել ենք մեր պատրաստակամությունն անմիջապես սկսել բանակցությունները՝ այդ ամբողջական սկզբունքների հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», - ասաց նա։
Աշխատանքային այցով Երևանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն և Միրզոյանը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, Միրզոյանն իտալիացի գործընկերոջն է ներկայացրել Ղարաբաղում վերջին շաբաթներին ստեղծված իրավիճակը։
«Ես ներկայացրել եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված քայլերի, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի քաղաքականության և այլ դրսևորումների հետևանքներով ստեղծված իրավիճակը: Կարծում ենք, որ միջազգային հանրությունը պատշաճ և հասցեական արձագանք պետք է տա ադրբեջանական կողմի այս գործողություններին և աջակցի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին», - շեշտեց նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԱՀԿ նախագահը Երևանին և Բաքվին կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցություններինՀայաստանի արտգործնախարարը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն հստակ ու հասցեական արձագանքել են տեղի ունեցածին։ Հենց Մինսկի խմբի շրջանակում էլ Երևանը պատկերացնում է խաղաղ բանակցությունների հնարավորությունը Բաքվի հետ։
Միրզոյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի՝ խաղաղության բանակցությունների 5 կետերին պատասխանել են՝ նշելով, որ դրանք ընդունելի են, բայց ոչ ամբողջական և պետք է լրացվեն։ Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցությունների օրակարգում ընդգրկելու Հայաստանի առաջարկին Ադբեջանից այդպես էլ չեն արձագանքել, իսկ հինգշաբթի վարչապետի՝ Ղարաբաղում ստեղծված լարված իրավիճակի մասին ելույթից հետո միայն Բաքուն նորից հայտարարեց, որ կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը։
«Անդրադարձ ենք կատարել նաև 44-օրյա պատերազմից հետո առաջացած և դեռ չլուծված հումանիտար խնդիրներին, և առաջին հերթին, բնականաբար, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությանը, և բարձր ենք գնահատում այս առումով Իտալիայի խորհրդարանի կողմից անցած տարի մարտին ընդունված բանաձևը»։
Լուիջի դի Մայոն տարածաշրջան է եկել՝ այցելելու Բաքու և Երևան։ Ըստ Իտալիայի արտգործնախարարության կայքում հրապարակված տեղեկության` Մայոյի այցը Բաքու պայմանավորված է «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Իտալիայի՝ էներգետիկ դիվանագիտության ակտիվացմամբ, որի նպատակը արդեն եղած համագործակցության շրջանակում էներգետիկ դիվերսիֆիկացիայի գործընթացն արագացնելն է և Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարման ծավալի մեծացման հնարավորության քննարկումն է Տրանս-Ադրիատիկ խողովակաշարի (TAP) միջոցով»։
Նույն աղբյուրը հաղորդում է, որ «Հայաստանում նպատակ ունեն վերանայել երկկողմ հարաբերությունների վիճակն ու վերահաստատել ամուր կամքը՝ խթանելու երկկողմ գործընկերության զարգացմանը բոլոր ոլորտներում, և հաղորդել, որ Իտալիան հույս ունի, որ իրավիճակը տարածաշրջանում արագ կկարգավորվի»։
«Իտալիան տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ հետևանքների և խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին։ Իտալիան երբեք չի զլանա աջակցել խաղաղ բնակչությանը։ Մենք դրական ենք վերաբերվում բարձր մակարդակի ուղիղ շփումներին և վճռականորեն աջակցելու ենք խաղաղ, ընդհանուր և կայուն լուծմանը, որը կերաշխավորի խաղաղության ու կայունության հեռանկար ողջ կովկասյան տարածաշրջանի համար, որն իսկապես ռազմավարական խաչմերուկ է Եվրոպայի համար», - հայտարարեց նա։
Իտալացի նախարարը նաև նշեց, որ մեծ նշանակություն են տալիս Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների զարգացմանը` Բրյուսելի ու Երևանի միջև գործող պայմանագիրը համարելով արժեքավոր հնարավորություն կողմերի համար։
Լուիջի դի Մայոն նախարար Միրզոյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում խոսեց նաև ուկրաինական պատերազմի մասին՝ հիշեցնելով, որ Իտալիան խիստ դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անընդունելի ագրեսիան և լիակատար աջակցություն է հայտնում Կիևին։
«Իտալիայի կառավարությունը պատրաստ է նպաստել խաղաղ գործընթացին, ինչպես հայտարարել է վարչապետ Դրագին, Իտալիան պատրաստ է լինել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի երաշխավողորղը»։
Միրզոյանի հետ հանդիպումից հետո Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին ընդունել է Հայաստանի վարչապետը, որն, իր հերթին, ըստ պաշտոնական հաղորդագրության, «ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ Ադրբեջանի սադրիչ գործողություններին»:
Փաշինյանը ևս շեշտել է հակամարտության կարգավորման գործընթացում Արցախի կարգավիճակի հստակեցման, անվտանգության ապահովման և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:
Իսկ իտալացի նախարարը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսությանը: