Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ երկու երկրների առաջնորդները շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և կապահովի ԼՂ բնակչության խաղաղ կյանքը իր հողում, փոխանցում է կառավարությունը։
«Բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը և Ձեր անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բարենպաստ կենսապայմանների ապահովման գործում։
Վստահ եմ, որ այս բոլոր ջանքերը կհանգեցնեն մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը, իսկ Ռուսաստանի հետագա միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, ամբողջությամբ ուղղված կլինեն հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը», - ասված է Հայաստանի ղեկավարի ուղերձում։
Նա նաև վստահություն է հայտնել` հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու փոխադարձ ձգտումը, բարձր և բարձրագույն մակարդակներում վստահելի երկխոսությունն այսուհետ ևս կկանխորոշի ընդհանուր ջանքերը՝ ի շահ երկու երկրների, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման, ինչը, ինչպես նշված է ուղերձում, բխում է ժողովուրդների և պետությունների ռազմավարական շահերից։
Այս տարի նշվելու է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:
Մոսկվան և Երևանը համակարգում են ջանքերը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում, իր ուղերձում նշել է Պուտինը:
«2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը նպաստում է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը», - նշել է Ռուսաստանի նախագահը։
Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային կապերի հետագա ամրապնդումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին։ Պուտինը Հայաստանի նախագահին և վարչապետին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ երկրի քաղաքացիներին՝ «խաղաղություն և բարօրություն»։
Հայաստանն ու Ռուսաստանը ուղիղ 30 տարի առաջ՝ 1992թ. ապրիլի 3-ին, հուշագիր են ստորագրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։
Երկու երկրների արտաքին գործերի նախարարները ևս ուղերձներ են փոխանակել: Միրզոյանը կարևորել է Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում` «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը», հաղորդում է ԱԳՆ-ն:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, նշել է, որ երեք տասնամյակների ընթացքում Ռուսաստանին և Հայաստանին հաջողվել է կառուցել իրական ռազմավարական փոխգործակցություն, որն ընդգրկում է ուղղությունների ամենալայն շրջանակ: Նախարար Լավրովը վստահություն է հայտնել, որ «այս հոբելյանը նոր խթան կհաղորդի արգասաբեր գործընկերության հետագա ընդլայնմանը»: