Ռուսաստանը երկրորդ անգամ պաշտոնապես տվյալներ հրապարակեց իր կորուստների մասին՝ 1351 զոհ

Ռուսաստանը երկրորդ անգամ պաշտոնապես հայտնեց Ուկրաինայում իր կորուստների մասին՝ զոհվել է 1351 զինծառայող, վիրավորվել` 3825-ը։ Տվյալներն այսօրվա ճեպազրույցում հրապարակեց Ռուսաստանի գենշտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, գեներալ Սերգեյ Ռուդսկին։

Առաջին անգամ մարտի 2-ին հաղորդվել էր 498 զոհվածների մասին։ Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսական բանակի կորուստները անցել են 16 հազարը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սա չի մեկնաբանում` իր հերթին ներկայացնելով ուկրաինական բանակի մեծ կորուստների թվեր։ Սերգեյ Ռուդսկին այսօր ասել է, որ ուկրաինական բանակն ու ազգային գվարդիան 14 հազար զոհ են տվել։ Բայց սա էլ ուկրաինական կողմը չի հաստատում։

Սերգեյ Ռուդսկին չի բացառել ուկրաինական պաշարված կամ կիսաշրջափակված քաղաքների վրա գրոհները, բայց նշել է, որ հիմնական ուժերն ու միջոցները կենտրոնացվելու են «Դոնբասի ամբողջովին ազատագրման վրա»։

Համատեղ ասուլիսում Պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովն ասել է, թե Ուկրաինայում իրականացվող «հատուկ գործողությունն» ընթանում է հաստատված պլանի համաձայն։

Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանը «հատուկ գործողություն է կոչում և երկրի ներսում արգելել է, նույնիսկ պատիժ է սահմանել պատերազմ բառն օգտագործելու համար։

Պատերազմական իրավիճակում վերջին օրերին էական փոփոխություններ, զորքերի մեծ տեղաշարժ չեն արձանագրվել։ Տեղական նշանակության մարտեր են ընթանում։ Ռուսաստանը շարունակում է հեռահար ռմբակոծությունների մարտավարությունը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «Իսկանդեր» հրթիռների արձակման տեսանյութ է տարածել` պնդելով, թե հարվածել են ուկրաինական բանակում վարձկանների ճամբարին։ Սակայն այսօր հրապարակված տեսանյութում հրթիռային հարձակման կոնկրետ վայրի և ժամանակի մասին որևէ տեղեկատվություն չկա։

Իգոր Կոնաշենկովն, այսօր առավոտյան ներկայացնելով մարտական վերջին գործողությունների արդյունքները, ասել է, որ երեկ երեկոյան ուկրաինական ուժերի վառելիքի խոշոր բազա է ոչնչացվել․ «Մարտի 24-ի երեկոյան ծովային բազավորման «Կալիբր» գերճշգրիտ թևավոր հրթիռներով հարված է հասցվել Կիևի մոտ Կալինովկայում գտնվող վառելիքի բազային։ Ոչնչացվել է ուկրաինական բանակին մնացած վառելիքի խոշոր բազան, որը վառելիք էր մատակարարում Ուկրաինայի կենտրոնական շրջանների զորքերին»։

Նա նաև հայտնել է, որ Դոնեցկի մարզում ռուսական ուժերը անցած գիշերվա ընթացքում 4 կիլոմետր առաջ են շարժվել։ Մարտական ուղղաթիռների գիշերային հարվածներից ուկրաինական բանակի 15 զրահատեխնիկա է ոչնչացվել՝ տանկեր և զրահամեքենաներ։ Անցած գիշերը ռուսական ուժերը ընդհանուր առմամբ հարվածել են ուկրաինական 51 ռազմական օբյեկտների, ասել է Կոնաշենկովը և ինչպես միշտ թվարկել պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական կողմի ռազմական կորուստները, որոնք այսօր ներկայացած տվյալներով` արդեն անցնում են երեք հազարը։

Բայց անկախ աղբյուրներից թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմի ներկայացրած տվյալները հնարավոր չէ ճշտել։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի այսօրվա տեղեկատվության համաձայն` անցած մեկ օրում ուկրաինական բանակը հակառակորդի ինը գրոհ հետ է մղել, ոչնչացվել է ավելի քան երեք տասնայկ ռազմական տեխնիկա՝ տանկեր, զրահամեքենաներ, հրետանային համակարգեր և շուրջ 200 զինվոր։

Հյուսիսում ուկրաինական ուժերը պահում են Չեռնիգով քաղաքը և զսպում Կիևի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումը։ Արևելյան ուղղությամբ ևս պաշտպանական գործողություններ են ընթանում։

Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը Տելեգրամ կանալի իր էջով հայտնում է, որ անցած մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերը 55 անգամ հարվածել են Խարկովին, 6 քաղաքացի է զոհվել, 17-ը` վիրավորվել։ Նա հայտնել է, որ ռուսական ուժերը համազարկային կրակի «Գրադ» և «Ուրագան» համակարգերով հարվածել են նաև Խարկովի օդանավակայանին։

Ուկրաինայի հյուսիսում Չեռնիգով քաղաքը ռուսական հրետակոծություններից ամենաշատ տուժած բնակավայրերից է։ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն տեսանյութ է տարածել` ցուցադրելով քաղաքի ավերածությունները։ Նա և Չեռնիգովի քաղաքապետը մեքենայով անցել են Չեռնիգովի փողոցներով ու նկարահանել ավերված քաղաքը։

Ուկրաինայի պատերազմական գործողությունների վերաբերյալ ամենօրյա վերլուծություններ է հրապարակում Բրիտանիայի ռազմական հետախուզությունը։ Այսօր հրապարակված սեղմ ամփոփագրում նշված է, որ ուկրաինական բանակին հաջողվել է Կիևի մատույցներից արևելյան ուղղությամբ հետ մղել ռուսական ուժերին մինչև 35 կիլոմետր հեռավորության վրա։ Ուկրաինայի հարավում ռուսական ուժերը փորձում են շրջանցելով Նիկոլաև քաղաքը ցամաքով մոտենալ Օդեսային։

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը, որն ամերիկյան հետազոտական անկախ կենտրոն է, հաղորդում է, որ ուկրաինական ուժերը Կիևից հյուսիս-արևմտյան ուղղությամբ ռուսական ստորաբաժանումներին ստիպել են պաշտպանության անցնել` այդպիսով կանխելով Չեռնիգովի մարզի շրջափակումը։

Իսկ հարավում ՝ պաշարված Մարիուպոլում, ռուսական ուժերը առաջ են շարժվել` մարտի 24-ին մտնելով քաղաքի կենտրոն, ուկրաինական տեղական իշխանությունը հեռացել է քաղաքից։

Այնուամենայնիվ, Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հաղորդագրություններ է տարածում` այսօր հայտնելով, որ մարտի 16-ին դրամատիկական թատրոնի շենքը ռուսների կողմից հրթիռակոծելու հետևանքով մոտավորապես 300 մարդ է զոհվել, շենքում և նկուղում հարյուրավոր մարդիկ թաքնվել էին ռմբակոծություններից։ Բայց Մարիուպոլի քաղաքային խորհուրդը վկայակոչում է ականատեսներին, անկախ այլ աղբյուրներից 300 զոհերի մասին տեղեկատվությունը հնարավոր չէ ճշտել։