Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն վերահաստատեց` Կիևին կօգնեն զենքով, բայց ոչ զորքով ու խաղաղապահ առաքելությամբ


ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

«Աջակցությունը բազմապիսի է». Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երեկվա գագաթնաժողովի ավարտին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս մեկ անգամ հայտարարեց՝ Ուկրաինային կօգնեն զենքով, բայց զորք չեն ուղարկի:

«Մենք մատակարարում ենք Ուկրաինային նաև ժամանակակից օդային պաշտպանության համակարգեր, հակատանկային միջոցներ, զինամթերք ու վառելիք: Աջակցությունը բազմապիսի է, միաժամանակ մենք հստակ ասել ենք, որ չենք ուղարկի ՆԱՏՕ-ի ցամաքային կամ օդային զորքեր», - ասել է նա:

Կանոնավոր զորամիավորումներից բացի, դաշինքը մերժեց նաև խաղաղապահ առաքելություն ուղարկելու առաջարկը, որ ներկայացվել էր Լեհաստանի կողմից։ Արձագանքելով այս մասին հարցին՝ դաշինքի գլխավոր քարտուղարը երեկ շեշտեց․ «Մենք պարտավոր ենք ապահովել, որ հակամարտությունը չտարածվի Ուկրաինայից դուրս, ինչը էլ ավելի մեծ տառապանք, ավելի մեծ թվով զոհեր ու ավերածություններ կպատճառի»։

Մինչ այդ Լեհաստանն առաջարկել էր նաև «ՄԻԳ -29» կործանիչներ տրամադրել ուկրաինական բանակին՝ դրանց դիմաց ամերիկյան F-16 կործանիչներ ստանալու ակնկալիքով։ Վաշինգտոնը, սակայն, մերժել էր այդ առաջարկը, ինչից հետո Վարշավան առաջարկել էր խաղաղապահներ տեղակայել Ուկրաինայում։

Մատեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ Ուկրաինան իրավունք ունի իր տարածք հրավիրել «բոլորին, ում ցանկանում է», այդ թվում՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահներին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սադրանք էր որակել Լեհաստանի այդ առաջարկը` պնդելով, որ այն կհանգեցնի բախման Հյուսիատլանտյան դաշինքի և Ռուսաստանի բանակի միջև։

«ՆԱՏՕ խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելը նշանակում է ուղիղ առճակատում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, սա մի բան է, որից բոլորը կուզեին խուսափել, ավելին՝ նման բան երբեք պետք է տեղի չունենա», - նշել է նա:

«Կարող եք կարդալ բոլոր պատճառները, թե ինչու կարելի է միջուկային զենք կիրառել»

Դեռևս մինչև Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելը Ռուսաստանի նախագահն իր ելույթներից մեկում ասել էր. «Մոսկվան հասկանում է, որ ՆԱՏՕ-ն, եթե խոսքը սովորական պատերազմի մասին է, ավելի ուժեղ է, քան Ռուսաստանը»: Սրա հետ մեկտեղ նա ընդգծել էր` պետք չէ մոռանալ, որ «Ռուսաստանն ամենահզոր միջուկային գերտերություններից է, եթե ոչ ամենահզորը»։

Արևմտյան առաջնորդները, այդ թվում` Միացյալ Նահանգների նախագահն անընդհատ կրկնում են, որ ՆԱՏՕ- Ռուսաստան ուղիղ ռազմական առճակատումը նշանակում է երրորդ համաշխարահային պատերազմ, ընդ որում միջուկային պատերազմ։ Մոսկվան էլ չի թաքցնում, որ որ պատրաստ է նաև միջուկային զենք կիրառել, եթե այլ ելք չմնա։

Ընդ որում, արևմտյան տարբեր աղբյուրներ, վերլուծաբաններ համոզված են` նույնիսկ առանց դաշինքի ուղիղ ռազմական միջամտության ռուսական բանակի պարտությունը Ուկրաինայում կհրահրի Պուտինին քիմիական և միջուկային զենք կիռարել այնտեղ։ Ռուսաստանի իշխանությունները ռուս-ուկրաինական պատերազմը համարում են ռուսական պետության գոյության համար պատերազմ, թեև այս մասին դեռ քչերն են հրապարակավ խոսում։

Նախօրեին, օրինակ, նման հայտարարություն էր արել Ռուսաստանի նախագահի օգնական, ռուս-ուկրաինական բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին` նշելով՝ ներկայիս պատմական շրջանը, որով անցնում է Ռուսաստանը, սպառնում է նրա գոյությանը։

«Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն գտնվում է հանրային տիրույթում, կարող եք կարդալ բոլոր պատճառները, թե ինչու կարելի է միջուկային զենք կիրառել, այսինքն՝ եթե երկրի գոյությանը վտանգ կա, ապա այն կարող է օգտագործվել. մեր հայեցակարգին համապատասխան», - СNN ին տված հարցարզւոյցում ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

ՆԱՏՕ-ն կարձագանքի, եթե ՌԴ-ն քիմիական զենք կիրառի

Արևմտյան առաջնորդներին, այդ թվում` Ջո Բայդենին լրագրողները պարբերաբար հարցնում են, թե ի՞նչ կանի ՆԱՏՕ-ն, եթե Ռուսաստանը, օրինակ, քիմիական զենք կիրառի: Երեկվա ասուլիսին ԱՄՆ նախագահն ասել էր, թե դաշինքը կարձագանքի, սակայն չի մանրամասնել, թե հատկապես ինչ արձագանքի մասին է խոսքը, և արդյոք այս դեպքում ՆԱՏՕ-ն զորքեր կմտցնի Ուկրաինա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG