Մատչելիության հղումներ

Բրյուսելում նախատեսված Բայդեն-Էրդողան հանդիպումը չի կայացել


Ակնկալվում էր, որ Բրյուսելում Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները առիթ էին ունենալու քննարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների կնճռով հարցերը:

Թուրքիան շարունակում է սատարել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և չի ճանաչելու Ղրիմի բռնակցումը, հայտարարել է Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի անհապաղ դադարեցման համար Թուրքիան աշխատում է երկու երկրների հետ, հետևում է կողմերի միջև բանակցություններին և ջանքեր գործադրում դրանց նպաստելու համար. - «Մենք շարունակելու ենք քննարկումները և' Պուտինի, և' Զելենսկու հետ, և մեր ջանքերը ուղղված են երկու առաջնորդների հանդիպման միջոցով խաղաղության մթնոլորտի ձևավորմանը»:

Այսօր Բրյուսելից վերադարձի ճանապարհին Էրդողանը լրագրողներին ասել է, թե գագաթնաժողովի ընթացքում ունեցած հանդիպումների շուրջ քննարկումներ է ունենալու Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ. նախ այսօր խոսելու է Վլադիմիր Զելենսկու, իսկ առաջիկա օրերին Վլադիմիր Պուտինի հետ:

Ամփոփելով նախօրեին Ուկրաինայի հարցով Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների արտահերթ հավաքը՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ գագաթնաժողովում ընդունված որոշումները ուղղված են Հյուսիսատլանտյան դաշինի զսպման և պաշտպանական մեխանիզների ամրապնդմանը. - «Կրկին ընդգծեցինք, որ դաշինքը Ռուսաստանի կամ որևէ այլ երրորդ երկրի համար վտանգ ներկայացնող մեխանիզմի մեջ ընդգրկված չէ»:

Այսօր Թուրքիայի ղեկավարը անդրադարձել է նաև շրջանառվող լուրերին, թե Անկարան մտադիր է ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ճնշման տակ հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանական S-400 (С-400) համակարգերից և պատրասվում է դրանք փոխանցել Կիևին։ Էրդողանը ընդգծել է, որ այս համակարգերը իրենց սեփականությունն են և S-400-ների հետ կապված հարցը փակված է:

Թայիփ Էրդողանը երեկվա ասուլիսի ժամանակ նաև խոսել էր թուրքական ռազմական արդյունաբերության նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից. - «Երբ ակնհայտ են թուրքական ռազմական արդյունաբերության հաջողությունները, այս ոլորտում մեր հանդիպած արգելքները ոչ մի խելամիտ պատճառաբանություն չունեն: Մեր համատեղ շահից է բխում, որպեսզի մեր որոշ դաշնակիցներ արդեն չեղարկեն մեր ռազմաարդյունաբերության առաջ դրված սահմանափակումները: Դաշնակիցների միջև թաքուն, թե ակնհայտ էմբարգեներ ոչ թե չպետք է լինեն, այլ նման հարց առհասարակ չպետք է քննարկվի, օրակարագ բերվի»:

2019 թվականին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը, ԱՄՆ-ն որոշեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանեց թուրքական ռազմաարդյունաբերության նկատմամբ: Փոխհատուցում ստանալու ակնկալիքով Անկարան դիմել էր Վաշինգտոնին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար:

Ինքնաթիռում պատասխանելով F-16-ի հնարավոր գործարքի մասին հարցին՝ Էրդողանը հայտնել է, թե Բայդենը իրեն ասել է, որ Կոնգրեսին կներկայացնի իր դրական կարծիքը ու այս հարցում հետևողական կլինի:

Ակնկալվում էր, որ Բրյուսելում Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները առիթ էին ունենալու քննարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների կնճռոտ հարցերը: Սակայն Էրդողան-Բայդեն հանդիպումը այդպես էլ չկայացավ: Անկարայից և Վաշինգտոնից այս մասին որևէ հայտարարություն դեռ չի հնչել:

Փոխարենը, էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների ղեկավարներին: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ զրույցում ևս գլխավոր թեման Ուկրաինայում տիրող իրավիճակն է եղել: Մակրոնը Էրդողանին ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հեռանկարի հարցում համակարծիք են՝ այդ հակամարտությունը կարճ ժամանակում չի հանգուցալուծվելու: Երկու նախագահները պայմանավորվել են շարունակել ջանքները Ուկրաինայում հրադադարի հաստատման և մնայուն խաղաղության հասնելու ուղղությամբ, ինչպես նաև ռազմական գործողություններից մեծապես տուժած ուկրաինական Մարիուպոլ քաղաքում համատեղ հումանիտար օպերացիա անցկացնել:

Թուրքիայի նախագահը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի, Իտալիանի, Էստոնիայի առաջնորդների հետ:

XS
SM
MD
LG