Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից մեկ ամիս անց էլ Կրեմլին չի հաջողվել հասնել իր քաղաքական նպատակին՝ զրկել Կիևին ինքնիշխանությունից, հայտարարում է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։
Ճի՛շտ մեկ ամիս առաջ՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան ռուսական զինուժը ներխուժեց Ուկրաինա՝ Մոսկվայի ներկայացրած պատճառաբանությամբ, թե նպատակը Ռուսաստանից հետո Եվրոպայում մեծությամբ երկրորդ և ավելի քան 44 միլիոն բնակչություն ունեցող այդ երկիրը «նացիստներից մաքրելն» ու «ապառազմականացնելն» է։
«Ռուսաստանի ագրեսիայի քաղաքական նպատակը՝ Ուկրաինան վերածել Ռուսաստանի պրոտեկտորատի, իրականություն չի դարձել և չի կարող դառնալ։ Ոչնչացնելով բնակչությունը և կենսաապահովման համակարգերը՝ Մոսկվան ձգտում է հարկադրել Կիևին զիջումների գնալ՝ կրակի դադարեցման ու զինադադարի շուրջ բանակցություններում։ Անցած մեկ ամսվա ընթացքում ի հայտ եկավ ռուսական հրամանատարության անգամ ոչ թե թուլությունը, այլ պրոֆեսիոնալ առումով ողորմելի վիճակը։ Նախապատրաստված չէին [ռուսական] զորքերի երկրորդ ու հաջորդ էշելոնները, մշակված չէ լոգիստիկան», - նշեց Ավտոնոմովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Զելենսկի. «Մեր զինվորը հիմա Ուկրաինայի ժողովուրդն է»Այսօր Երևանում՝ Ուկրաինայի դեսպանատանը կայացած ասուլիսի ժամանակ Ավտոնոմովը ընդգծեց՝ Ուկրաինայի բնակչությունն անցել է համընդհանուր դիմադրության։
«Զավթիչները ոչ մի տեղ հանգիստ չեն գտնելու։ Խերսոնում և մարզի խոշոր քաղաքներում խաղաղ ցույցեր են զավթիչների դեմ, որոնց առաջարկում են կորչել ռուսական ռազմական նավի՝ հայտնի ուղղությամբ։ Նրանք ուժ են կիրառում, առայժմ անհաջող կերպով՝ տեղի կոլաբորացիոնիստների միջոցով փորձում են ստեղծել օկուպացիոն վարչակազմեր։ Ցանկանում եմ ընդգծել Ուկրաինայի հայ համայնքի դերը, որը առաջին իսկ օրից սատարեց իր երկրորդ հայրենիքի պայքարը՝ հանուն ազատության և անկախության. նրանք՝ [հայերը] օգնում են մարդկանց, կռվում են [Ուկրաինայի] զինված ուժերում, կռվում են տարածքային պաշտպանության ուժերի կազմում», - ասաց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։
Հայ համայնքը միավորված է Ուկրաինայի շուրջ. Դավիթ Մկրտչյան
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն այսօր տեսազանգի միջոցով «Ազատությանը» փոխանցեց, որ տեղի հայ համայնքը միավորված է Ուկրաինայի շուրջ։
«Տրամադրությունները տարբեր են, Ուկրաինայի տարածքի մարդիկ, մանավանդ հայերը, տարբեր ձև են մտածում, բայց էն, որ բոլորս միավորված ենք Ուկրաինայի շուրջ, էդ արդեն 100 տոկոս ա», - ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարիուպոլում բազմաթիվ հայեր են մնացել, մարդասիրական միջանցք չկա, քչերին է հաջողվում լքել քաղաքը․ Դավիթ ՄկրտչյանՄկրտչյանը առանց թիվ նշելու հավելեց, որ թեժ կետերում՝ Մարիուպոլում, Խարկովում «դեռ շատ հայություն» կա, նրանց հետ, սակայն, կապը դյուրին չէ։ Հատկապես Մարիուպոլում, որը ռուսական զորքերի շրջափակման ներքո է և ուր պատերազմից առաջ բնակվում էր մոտ տասը հազար հայ, կապ հաստատել լինում է, երբ մարդիկ կարողանում են հոսանքազրկված քաղաքում ինչ-որ կերպ լիցքավորել բջջային հեռախոսները։
Նախքան պատերազմը, ըստ տեղի հայկական կառույցների, Ուկրաինայում բնակվում էր մոտ 350 հազար հայ։ Քանիսն են դեռ մնացել այնտեղ և քանիսին է հաջողվել լքել երկիրը, ստույգ տվյալներ չկան։ Կրկին, տեղի կառույցների տվյալներով, պատերազմի ընթացքում արդեն 15 հայ է զոհվել՝ և՛ զինվորականներ, և՛ խաղաղ բնակիչներ։