Լեհաստանի սահմանամերձ Մեդիկա գյուղը դարձել է ուկրաինացի փախստականների ընդունման անցակետերից մեկը։ Գյուղում փախստականների հաշվառման կետ է բացվել, նրանց տրամադրված դպրոցի մարզադահլիճի հատակին այլևս տեղ չկա պառկելու համար, գյուղը փախստականներին օգնում է ինչով կարող է։
Խարկովից այստեղ հասած 50-ամյա Օլգա Խոմենկոն ասել է, որ հուսահատություն է զգում, ցավ, վախ։ Բացարձակապես հնարավոր չէ ապագայի որևէ պլան կազմել, նշել է նա։
40-ամյա Նատալիա Լուցենկոն Չեռնիգով քաղաքից է։ Նա «Ռոյթերս»-ին ասել է, թե անհասկանալի է՝ ինչո՞ւ է Ռուսաստանը հարձակվել Ուկրաինայի վրա։ «Ինչո՞ւ է Պուտինն այդքան ատում Ուկրաինայի խաղաղ ժողովրդին։ Ինչո՞ւ է նա ռմբակոծում խաղաղ տները։ Այսքան շատ զոհեր, արյուն, սպանված երեխաներ, սարսափելի է։ Ինչո՞ւ է նա այդքան շատ ատում Ուկրաինան, ինչո՞ւ»,- ասել է Նատալիա Լուցենկոն՝ հավատալով Ուկրաինայի բանակի հաղթանակին։
Գյուղապետ Մարեկ Իվասիեցկոն ասել է, որ երազում են այս իրավիճակի ավարտ ու կայունության մասին։ «Մենք հոգնել ենք, բայց պատրաստ ենք օգնել մինչև վերջ»,- ասել է ուկրաինացի փախստականներին ընդունող լեհական գյուղի գյուղապետը։