«Արմավիր» ՔԿՀ-ում տեղադրվել են անվտանգության նոր տեսախցիկներ

Պետական միջոցներով ու Եվրամիության բյուջետային աջակցությամբ տեղադրված այս 404 տեսախցիկները, ըստ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի, կուժեղացնեն հսկողությունը։

Մասնագետը բացատրում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղադրված անվտանգության նոր տեսախցիկների գործառույթները։ Ասում է՝ ցանկացած շարժ ֆիքսում են, տեսադաշտից ոչինչ չի վրիպում։

Հայաստանյան 10 բանտերից ամենամեծում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում պետական միջոցներով ու Եվրամիության բյուջետային աջակցությամբ տեղադրված այս 404 տեսախցիկները, ըստ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի, կուժեղացնեն հսկողությունը։

Կարեն Անդրեասյան

Նախարարը վստահ է, որ բանտերում սպանության, ինքնասպանության, խաղամոլություն և մի շարք այլ ապօրինությունների թիվը օնլայն ռեժիմով հսկողության շնորհիվ կնվազի. - «Ապօրինությունների շրջանառությունը, դա կլինի թմրանյութ, թե կլինի խաղեր, թե կլինի ճնշումներ, այդ տեսակ շրջանառությունները լինում են մի խցից մյուս խուց գնալու ճանապարհին։ Եվ երբ քրեակատարողական հիմնարկը ամբողջովին կույր է, այսինքն՝ չունի էդ պատկերացումը, թե ինչ շարժ է տեղի ունենում, կորցնում ենք հետևելու, ապօրինությունները բացահայտելու մեր հնարավորությունները։ Այս համակարգը դադարեցրել է մեր քրեակատարողական ամենամեծ հիմնարկի կուրությունը, այսուհետ մեր օպերատիվ ծառայությունը կունենա ավելի լայն հնարավորություններ հետևելու, թե ինչ շրջանառություն է տեղի ունենում։ Ճիշտ է, սա ամբողջությամբ չի լուծի ապօրինությունների հարցը, բայց էականորեն կնվազեցնի»։

Առանձին մի խումբ էլ Երևանից օնլայն հետևելու է այս բանտի ներսում տեսակցխիկների աշխատանքը կառավարողների գործին։

«Արմավիր» ՔԿՀ-ն հայաստանյան 10 բանտերից ամենամեծն է, ընդհանուր 2179 դատապարտյալներից ու կալանավորված անձանցից 925-ն այստեղ է պահվում։ Տեսախցիկների հաջորդ խումբը կտեղադրվի «Արթիկ» ՔԿՀ-ում։

2019-ին քրեակատարողական հիմնարկներում մահվան 21 դեպք է արձանագրվել։ Դրանից հետո մենամեծ թիվը նախորդ տարվանն էր՝ 13 դեպք։

Բանտերը դիտարկող հասարակական խմբի անդամներն ասում են, որ տեխնիկական վերազինումը կարևոր է, բայց առավել կարևոր են մահվան դեպքերով քրեական գործերի խորությամբ ուսումնասիրումը, ծառայողական քննությունները, որ աշխատակիցների ապօրինություններն էլ աչքաթող չարվեն։

Զարուհի Հովհաննիսյան

«Մեր պրակտիկան ցույց է տալիս, որ եթե քրեական գործը հարուցվում է և արդեն իսկ քննությունը ընթացքի մեջ է, կարծես թե ծառայողական քննությունը անտեսվում է։ Դա ևս շատ կարևոր է համակարգային խնդիրները բարձրաձայնելու, լուծելու և համակարգի հենց ներսում պատկերը հստակորեն իմանալու [առումով], որովհետև մենք գիտենք, որ դատական պրակտիկաները տարիներով ձգձգվում են և ի վերջո արդեն իսկ ազդեցություն չեն ունենում համակարգային խնդիրների լուծման, ախտորոշման և վերհանման ուղղությամբ», - ասում է դիտորդական խմբի ղեկավար Զարուհի Հովհաննիսյանը։

Բանտում կախված 41-ամյա դատապարտյալի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ հարցաքննվել են վկաներն ու ընտանիքի անդամները, ձերբակալվածներ չկան, նախաքննությունը դեռ չի ավարտվել։

Դա մեր էսօրվա հնարավորություններն են. նախարար

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած դատապարտյալները պահվում են անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պայմաններում», - օրերս հայտարարել էր դիտորդական խումբը և լուսանկարներ էր հրապարակել։ Առաջին հայացքից դժվար է ասել, որ դրանք մարդկանց համար նախատեսված տարածքներ են։

Հարցին, թե արդյոք տեսել է այդ խցերի պայմանները, արդարադատության նախարարն արձագանգքեց. - «Մենք գիտենք, թե ինչ անմխիթար վիճակ է Նուբարաշենում։ Ձեր հարցը ևս մի անգամ հիմնավորում է, թե ինչու պետությունը պիտի շուտափույթ մեծ ծախս անի, կառուցի նորը, որպեսզի էդ ամոթալի տեղերում... էնպես չի, որ մեր քրեակատարողական համակարգի ղեկավարները շատ ուրախությամբ են էդտեղ մեկուսացնում, կամ էդտեղ տրամադրում։ Դա մեր էսօրվա հնարավորություններն են, մենք դրա համար ենք ուզում, որ էդ բոլոր ամոթալի տեղերը փակվեն, դրա փոխարեն լինի գոնե Արմավիրի չափ կահավորված և վերանորոգված մի տարածք, չասեմ որ շատ ավելի լավը, որը հիմա մենք նախատեսում ենք»։

Իշխանությունները նախատեսում են երևանյան չորս բանտերը միավորել մեկ՝ նո՛ր կառուցվելիք շենքում, նախագիծն արդեն կա։ Խոստանում են ծրագիրն ավարտին հասցնել առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում։ Համաներումների, խափանման այլընտրանքային միջոցների կիրառման շնորհիվ վերջին 5 տարիներին Հայաստանում դատապարտյալների թիվը նվազել է շուրջ 3000-ով, սակայն դիտորդական խմբի տվյալներով, կայուն է մնում բանտերում հացադուլ հայտարարողների թիվը։ Վերջին տվյալները 2020-ին են վերաբերում՝ 601 մարդ։