Քրեական գործ է հարուցվել երեք դատապարտյալների «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ենթադրաբար ծեծի ենթարկելու դեպքի առթիվ, հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով:
Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ դատախազությունը նյութերի նախապատրաստումը շարունակելու և ընթացքը լուծելու նպատակով Հատուկ քննչական ծառայություն էր ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալի հաղորդման կապակցությամբ նույն ՔԿՀ-ում նախապատրաստվող նյութերը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի, Մարդու իրավունքների պաշտպանի՝ գլխավոր դատախազին հասցեագրված գրությունները՝ ՔԿԾ աշխատակիցների կողմից երեք դատապարտյալների «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ենթադրաբար ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ: