Մատչելիության հղումներ

Դիտորդները բարձրաձայնում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնության դեպքի մասին. ՔԿԾ-ից պարզաբանում են


Բանտերում շարունակվում են «բռնության դեպքերը», մտահոգված են իրավապաշտպանները։ Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական խումբը հայտարարում է, որ անցած ամիս «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ են ունեցել, թե պատժախցերից մեկում արգելված իրեր կան, խուզարկելու նպատակով մտել ու 11 հոգով ծեծի են ենթարկել այնտեղ պահվող երկու ազատազրկվածի։

Խմբի անդամներն այցելել են քրեակատարողական հիմնարկ ու անձամբ տեսել նրանց մարմնական վնասվածքները, դրանք նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում են ֆիքսել։ Բանտերում դիտորդություն իրականցնող խմբի անդամները հարցնում են՝ որքանո՞վ են իրավաչափ ազատազրկված անձանց նկատմամբ կիրառված հատուկ միջոցներն ու ֆիզիկական ուժը։ Խմբի անդամներից Արա Ղարագյոզյանն ասում է՝ Արդարադատության նախարարությունը չպետք է տեղի ունեցածը որպես քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարի շրջանակներում դիտարկի և բռնությունն արդարացնի. - «Մենք մի շարք հարցադրումներ էինք ուղարկել արդարադատության նախարարին հրատապ հաշվետվությամբ, օրինակ, թե ինչ հակաօրինական գործողություններ են կատարվել, նկարագրեն հակաօրինական գործողությունները, անհրաժեշտությունն ինչից է եղել, որ 12 կամ 11 աշխատակից պետք է այդ գործողությունը կատարեր»:

Արդարադատության նախարարն, օրերս պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր՝ այսօր իրենք պայքարում են քրեական ենթամշակույթի և դրա հետևանքների դեմ։ ՔԿԾ օպերատիվ բաժնի պետի տեղակալ Վարդան Հասրաթյանն «Ազատությանը» փոխանցեց՝ օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տվյալ խցում արգելված իր` ականջալար կա, աշխատակցիները սկզբում 2, հետո 3 հոգով փորձել են խուզարկել խուցը, բայց մի քանի անգամ կոշտ դիմադրության արժանանալով` ստիպված լրացուցիչ ուժեր են ներգրավել։ Այսպիսով, ըստ Հասրաթյանի՝ արգելված իր համարվող ականջալարը հայտնաբերվել է, իսկ բջջային հեռախոսին շատ նման փոքր չափերի նվագարկիչն՝ անհետացել. - «Կներեք արտահայտությանս, այս դեբոշը սարքել են միայն մի նկատառումով, որպեսզի կարողանան հասնել նրան, որ մենք չհայտնաբերենք արգելված իր հանդիսացող հեռախոսը: Սկսել են քաշքշոց, գոռգոռալ, տարբեր անհարկի խոսակցություններ, չեն կարողացել մեր աշխատակիցները շարունակել խուզարկությունը: Այդ 11 հոգին ուժ կամ հատուկ միջոցներ բոլորը միասին չեն կիրառել: Դրանից հետո օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում 2 աշխատակից մեկ կալանավորված անձի նկատմամբ, 3 աշխատակից մեկ կալանավորված անձի նկատմամբ, որոնք ավելի ագրեսիվ վարքագիծ են դրսևորել, եթե չի ստացվում ձեռնաշղթաների կիրառումն այդ պահին, հատուկ նշանակության բաժնի աշխատակիցներն իրավասու են նաև կիրառել ֆիզիկական ուժ, այլ հատուկ միջոցներ: Սակայն արդեն մոտավորապես առաջին մուտքից հետո ժամուկես անցել է, ինչ ասես հնարավոր է այդ արգելված իրերի հետ անել, ընդհուպ կարող էին փշրել, մանր կտորներով պատուհանից դուրս շպրտել, դրա համար դրանից հետո որևէ բան չի հայտնաբերվել»:

Պաշտոնյան ասում է՝ խցում պահվողներից մեկը քրեական ենթամշակույթի կրող է։ Արա Ղարագյոզյանը պատմում է, որ մինչև դեպքի հրապարակայնացումը կլանավորված անձինք ասել են, թե իբր ընկել են մահճակալից։ Իրավապաշտպանի համոզմամբ՝ տեղի ունեցածի մասին խոսել հրաժարվելը վկայում է այն մասին, որ բանտերում դեռ քրեական ենթամշակույթի ազդեցությունը շարունակվում է պահպանվել։ Քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետի տեղակալն էլ շարունակում է՝ հենց դրա դեմ են իրենք պայքարում։ Պաշտոնյան ասաց՝ արգելված իրերից, օրինակ՝ թմրանյութ վերջերս անգամ դրոնով են փորձել նետել ՔԿՀ-ի տարածք, չհերքեց նաև այն փաստը, որ եղել են դեպքեր, երբ հենց իրենց աշխատակիցներն են երբեմն այդ արգելված իրերը փոխանցող դարձել, բայց նաև բանտերի աշխատակիցներն են բռնությունների ենթարկվել, նրանք նկատմամբ նաև մահափորձեր են տեղի ունեցել, շարունակեց Հասրաթյանը. - «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից մեկը սափրվելու բիկի սայրը կոտրել է, այնքան խորը մարմնական վնասվածքներ էր պատճառել, որ ավելի շատ նման էր սպանության փորձի: Երկու աշխատակցի լուրջ ձևախեղել էր բառիս բուն իմաստով: Դրանից մի քանի օր անց «Սևան» քրեակատարողական հիմնարկում մեր աշխատակիցն իր գործառույթների շրջանակներում պահանջում է դադարեցնել ինչ-որ ապօրինություն դատապարտյալի կողմից, արժանանում է դաժան ծեծի»:

Հասարակական խմբի անդամ Արա Ղարագյոզյանն էլ հիշեց հեղափոխությունից հետո իր վստահորդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքը, ասաց՝ ՔԿՀ-ի աշխատակիցները երիտասարդ ազատազրկվածին դաժան ծեծի էին ենթարկել իրենց չբարևելու համար, հետո թողել նրան առանց օգնության՝ արյան մեջ, որոշ ժամանակ անց նրան տեղափոխել են հոգեբուժարան, որտեղ էլ նա ինքնասպան է եղել։ Պատմում է` մայրը հուղարկավորության ժամանակ սրբել է որդու դեմքի գրիմն ու տեսել բռնության հետքերը: Այս գործով ըստ իրավապաշտպանի՝ ոչ մի լուրջ իրավական ընթացք չկա։ Վերադառնալով քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարին՝ Ղարագյոզյանն ասում է՝ ծեծն ու խոշտանգումը դրանով պետք չի արդարացնել, նաև նկատեց՝ դատարաններն էլ են թերանում այս գործում. - «Իրականում դատարանները քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մեծ անելիքներ ունեն, որը չի արվում, իսկ նմանատիպ դեպքերը քրեակատարողական հիմնարկներում բռնության որևէ քրեական ենթամշակույթի դեմ պայքար հնարավոր չի տանել»:

«Կիրառված ուժն եղել է համաչա՞փ, թե ո՞չ, թող վարույթն իրականացնող մարմինը պատասխանի», - հակադարձում է ՔԿԾ օպերատիվ բաժնի պետի տեղակալը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG