Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն «Արմավիր» ՔԿՀ-ի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտել


Ազգային անվտանգության ծառայությունը, հայտնում է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողից կաշառք ստանալու դեպք է բացահայտել։

Ըստ հաղորդագրության, Ա. Հ-ն, զբաղեցնելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, ունենալով արդարադատության մայորի հատուկ կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, ակնհայտ ապօրինի գործողության համար նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից ընդունել է կաշառք ստանալու առաջարկն ու ստացել այն:

Մասնավորապես, ԱԱԾ-ն նշում է, որ պաշտոնատար անձ Ա. Հ-ն, ի թիվս այլ լիազորությունների, իրավասու լինելով հսկողություն իրականացնել անձանց, հանձնուքների, ծանրոցների, անձնական իրերի խուզարկությունների և զննումների նկատմամբ, 2021 թվականի մարտին ընդունել է դատապարտյալ Ա. Ն-ի կողմից իրեն արված ակնհայտ ապօրինի գործողության առաջարկը՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված առարկաները ՔԿՀ բերել և Ա. Ն-ին հանձնել, պայմանավորվելով, որ կաշառքի գումարն ու արգելված առարկաներն իրեն է փոխանցելու Ա. Ն-ի որդին:

Ինչպես ասված է հաղորդագրությունում, իրականացնելով իր հանցավոր մտադրությունը՝ Ա. Հ-ն 2021 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, իր՝ Երևան քաղաքում գտնվող տանը Ա. Ն-ի որդուց ստացել է կաշառքի գումարը, ինչպես նաև դատապարտյալին փոխանցելու համար արգելված առարկաները, սակայն բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և ձերբակալվել:

Կատարված անձնական խուզարկությամբ Ա. Հ-ի մոտից հայտնաբերվել են արգելված առարկաները, իսկ կաշառքի գումարը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկության արդյունքում:

Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից և զգուշացնում, որ լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հանրային ծառայության տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն երևույթները բացահայտելու և դրանցում ներգրավված անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG