Անթալիայում շաբաթավերջին կայացած եռօրյա դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քանիցս հայտարարեցին, որ Հայաստանը պետք է ընդառաջ գնա Ադրբեջանի առաջարկին և խաղաղության պայմանագիր կնքի:
«Հիմա Հայաստանը պետք է պատասխանի այս առաջարկին: Ի վերջո, խոսքը խաղաղության պայմանագրի մասին է, ոչ թե բախման, անհամաձայնության, միջնորդության: Իհարկե, տարածաշրջանային խաղաղության համար բոլորը պետք է քայլեր անեն», - նշել է Չավուշօղլուն:
Ֆորումի փակման օրը լրագրողների հետ զրույցում Մևլյութ Չավուշօղլուն ասել է, որ «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնելու նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին առաջինը աջակցեց նախագահ Թայիփ Էրդողանը. տարածաշրջանային համագործակցության եռակողմ, քառակողմ մեխանիզմներ կան, և եթե Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները կարգավորեն ու խաղաղության գնան, Երևանը ևս կարող է ընդգրկվել այս ծրագրերում:
«Հայաստանը ևս պետք է նույն մոտեցումն ունենա: Խաղաղության շուրջ բանակցություններում երրորդ կողմի կարիքը չպետք է լինի: Պատերազմը, օկուպացիան արդեն ավարտվել են: Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նստեն և բանակցեն: Երրորդ կողմերին մեզ վերաբերող հարցեր լինելու դեպքում մենք էլ կաջակցենք», - հավելել է նա:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը չի հստակեցրել, թե երրորդ կողմ ասելով ում նկատի ունի, սակայն արդեն հայտնի է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար պաշտոնական Երևանը դիմել է ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը պատասխանել է Բաքվի առաջարկներին և պայմանագրի կնքման բանակցությունների համար դիմել ՄԽ համանախագահությանըՉավուշօղլուն նաև ընդգծել է, որ Անկարան աջակցում է խաղաղությանն ու համագործակցությանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի քայլերին, Բաքուն էլ իր հերթին կողմ է հայ-թուրքական կարգավորման գործընթացին: Չավուշօղլուի խոսքով` այս հարցում մշտապես խորհրդակցում են Բաքվի հետ և շարունակելու են առաջ գնալ նույն տրամաբանությամբ:
Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ավելի վաղ «Անադոլու» գործակալության հետ զրույցում ասել էր, թե Բաքուն Երևանին հինգ կետից բացկացած խաղաղության պայմանագրի առաջարկ է ներկայացրել, որի բովանդակությունը Ադրբեջանի արտգործնախարարությունը միայն այսօր բացահայտեց։ Նախօրեին էլ Բայրամովը ասել էր, թե այս առաջարկը կարևոր քայլ է, որը վկայում է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և բարիդրացիության հաստատման հարցում Թուրքիայի և Ադրբեջանի պատրաստակամության մասին: Բաքուն, մասնավորապես, առաջարկում է ճանաչել միմյանց ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Անկարան վերահաստատում են պատրաստակամությունը` շարունակելու կարգավորման գործընթացըԹուրքիայի արտգործնախարարը նաև անդրադարձել է շաբաթ օրը Անթալիայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպանը՝ կրկին ընդգծելով, որ այն շատ արդյունավետ է անցել: Նա նշել է, որ այդ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը ուղղված անելիքները: Թուրք նախարարի խոսքով` հայաստանցի պաշտոնակցին հայտնել են՝ ակնկալում են, որ Երևանը դրական կպատասխանի խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկին:
«Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ ցանկանում են Ադրբեջանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ: Հուսով եմ` րոպե առաջ տեղի կունենան: Քանի որ բանակցությունները ժամանակ են պահանջում, երկու կողմերն էլ առաջարկներ էլ ունենալու, դրանք պետք է դիտարկվեն: Այդ պատճառով լավ կլինի շուտ սկսել: Բանակցություններ սկսելն անգամ կարևոր քայլ կլինի», - ասել է նա:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը իր հերթին խոսել է հայ-թուրքական բանակցային գործընթացի մասին: Բայրամովը «Անադոլու»-ին ասել է, որ Բաքուն այս հարցում լիովին աջակցում է Անկարային: Նրա խոսքով` Ադրբեջանն ու Թուրքիան նպատակ ունեն դրական ձեռքբերումներ ունենալ ողջ տարածաշրջանի համար, և որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իրենց մտադրությունն անկեղծ է: