Մատչելիության հղումներ

Երևանը դեռ չի արձագանքում Բաքվի նոր առաջարկին. ընդդիմադիր պատգամավորը քննադատում է կարևոր հարցի մասին լռելու համար


Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքում Բաքվի հինգ կետանոց առաջարկին, որի մասին այսօր հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարարը՝ ասելով, որ Բաքուն սպասում է հայկական կողմի պատասխանին։

«Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,- ասել է Ջեյհուն Բայրամովը թուրքական «Անադոլու» գործակալությանը։ Ադրբեջանի արտգործնախարարը թեև նոր առաջարկների բովանդակությունը չի բացահայտում, այդուհանդերձ, հավելել է, որ դրանք բաղկացած են 5 կետից և զետեղված են մեկ էջում։

«Դրանք բոլորը միջազգային հարաբերությունների սկզբունքներ են, արտասովոր ձևակերպումներ չկան, և Հայաստանի համար պետք է հեշտ լինի դրանք ընդունելը»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու հավելել՝ առաջարկները վերջերս են ներկայացվել պաշտոնական Երևանին։ Բայրամովը միայն նկատել է, որ սա առաջարկների նոր փաթեթ է, քանի որ նախորդին «Հայաստանը չէր արձագանքել։

«Ազատությանն» այսօր չհաջողվեց Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից ճշտել, թե ինչ է առաջարկում Բաքուն, երբ են ստացել նոր առաջարկներ, և ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը։

Ադրբեջանի արտգործնախարարը երեկ հիշեցրել է, որ մեկ տարի առաջ խաղաղության հաստատման մասին նախագահ Ալիևի հայտարարությանը Երևանը որևէ կերպ չարձագանքեց, և այս նոր առաջարկներն իրենց կողմից բարի կամքի դրսևորում են։

Բայրամովի հայտարարությունից ժամեր առաջ էլ Հայաստանի արտաքին գերատեսչությունն էր անակնկալ հայտարարել, որ Երևանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու համար։

Մամիջանյանը լավատեսական մոտեցում Բաքվից չի սպասում այս պայմաններում

Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը պաշտոնական Երևանի և Բաքվի իրար հաջորդող հայտարարությունները դեռևս չի շտապում միմյանց հետ կապել։ Մեկ բան, սակայն, ըստ Մամիջանյանի՝ հստակ է՝ Արցախում, նաև սահմանային հատվածներում տիրող իրավիճակի պայմաններում լավատեսական մոտեցում Բաքվից հնարավոր չէ սպասել։

«Ես չգիտեմ` այդ երկու առաջարկներն իրար հետ ինչ փոխկապակցվածություն ունեն, բայց վստահաբար կարող եմ ասել, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկը չէր կարող պատրաստված լինել մեկ օրվա ընթացքում: Չեմ կարծում, որ դա պայմանավորված է ՄԽ դիմումով», - ասաց պատգամավորը:

Մամիջանյանը քննադատում է Հայաստանի իշխանություններին՝ հերթական անգամ նման կարևոր հարցերի մասին լռելու համար, երբ հանրությունը Ադրբեջանի պաշտոնյաներից է տեղեկանում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նորություններից. «Եվ ինչպես միշտ, մենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող միջազգային գործընթացների վերաբերյալ տեղեկանում ենք հակառակորդի արտաքին գործերի պատասխանատուներից: Այդպես է լինում Չավուշօղլուի պարագայում, այդպես եղավ երեկ նաև Բայրամովի դեպքում»:

Ըստ քաղաքագետի` առաջարկները կարող են վերջնագիր լինել Բաքվի կողմից

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Բաքվի հայտարարությունները բնորոշում է որպես վերջնագիր հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում, երբ Ադրբեջանն օգտագործում է ուկրաինական պատերազմն իր նպատակներին հասնելու համար։

«Մոտավորապես նման է նրան, ինչ Ռուսաստանն արեց ռուս-ուկրաինական պատերազմից առաջ, երբ սեղանին դրեց փաստաթղթերի նախագիծ, Արևմուտքին ժամանակ տվեց պատասխանելու համար, և երբ սպասելիորեն այդ պատասխանը բացասական եղավ, որովհետև սեղանին դրված էին այնպիսի առաջարկներ, որոնք ընդունելի չէին որևէ պարագայում Արևմուտքի համար, դիմեց որոշակի գործողությունների: Հիմա ես չեմ ասում, որ Ադրբեջանն այս առաջարկները դրել է սեղանին կամ այս նոր սկզբունքները, ինչպես իրենք են ասում, դրել է սեղանին, որ պատերազմ սկսի, բայց կարող է ավելի մանր մասշտաբի լոկալ պրովոկացիաների համար հող նախապատրաստել», - ասաց նա:

Քաղաքագետի կարծիքով` Բայրամովի հայտարարությանը նախորդած Հայաստանի արտգործնախարարի խոսնակի հայտարարությունը Ադրբեջանի հետ խաղաղության հնարավոր բանակցությունների մասին հենց Բաքվի առաջարկների պատասխանն է։

Գրիգորյանը հիշեցնում է, որ Հայաստանը բազմիցս է խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին, բայց ոչ Ադրբեջանի առաջարկած տարբերակներով, երբ խոսք չի գնում Ղարաբաղի կարգավիճակի մասին։

Ադրբեջանը նոր առաջարկներով փորձում է ստեղծել իրավիճակ, երբ խոսք չկա Ղարաբաղի կարգավիճակի մասին, փոխարենը կլինեն հստակեցումներ «Զանգեզուրի միջանցքի», նաև սահմանազատման և սահամանգծման գործընթացի վերաբերյալ, կարծում է քաղաքագետը. «Տեսանք, որ Բայրամովն իր հարցազրույցի մեջ առանձնացրեց դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը:

Մենք գիտենք, որ մոտեցումների մեջ տարբերություն կա Հայաստանի և Ադրբեջանի. Հայաստանը կողմ է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելուց առաջ համապատասխան մթնոլորտ ձևավորվի սահմաններին: Վարչապետը խոսում է հայելային հետքաշման մասին, սրա մասին կա կետ նույնիսկ 2021թ. նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության մեջ, երբ որ նշվում է, որ համապատասխան պայմաններ պետք է գոյություն ունենան այդ գործընթացի համար: Ադրբեջանը Հայաստանի այս դիրքորոշումը դիտարկում է որպես նախապայման այդ գործընթացը սկսելու համար և նշում է, որ պետք է առանց նախապայմանների սկսել»:

Դեռևս 5 օր առաջ Հայաստանի արտգործնախարարությունն, արձագանքելով Ադրբեջանին, վերահաստատել էր Երևանի դիրքորոշումը խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, հիշեցրել, որ այն կառավարության օրակարգային առաջնահերթություններից, է և պատրաստ են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG