Անթալիայում բացվեց «Վերաձևելով դիվանագիտությունը» խորագրով դիվանագիտական ֆորումը

Անթալիայում մեկնարկել է դիվանագիտական եռօրյա ֆորումը, որին մասնակցում է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Վերջին տասնամյակում նա առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան է, որը Թուրքիա է մեկնել։

Անթալիայում մեկնարկել է դիվանագիտական եռօրյա ֆորումը, որին մասնակցում է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Վերջին տասնամյակում նա առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան է, որը Թուրքիա է մեկնել։

Դիվանագիտական հարաբերություններ չունեցող Հայաստանն ու Թուրքիան այժմ փորձում են բանագնացների միջոցով կարգավորել խնդիրները։ Արտգործնախարարի Թուրքիա այցին նախորդել են բանագնացների երկու հանդիպումները Մոսկվայում և Վիեննայում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը Լավրովին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Երեկ Անթալիա ժամանած Միրզոյանը հանդիպել էր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովին: Երկու նախարարները քննարկել էին Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում «հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, անդրադարձել հայ-ռուսական համագործակցության օրակարգին:

Լավրովը առանձին հանդիպում էր ունեցել նաև Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ, որը ևս այս օրերին Անթալիայում է:

Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին չի հաղորդվում, փոխարենը ակնկալվում է, որ կկայանա Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Արտգործնախարարությունից փոխանցել էին, որ Միրզոյանը Անթալիայում գործընկերների հետ մի շարք հանդիպումներ կունենա՝ առանց այլ մանրամասների։

Ֆորումն այսօր բացեց Թուրքիայի արտգործնախարարը, որը հիմնականում Ուկրաինայի օրինակով խոսեց հակամարտություններից, դրանց առաջացրած հումանիտար խնդիրներից և կոնֆլիկտները հանգուցալուծելու հարցում դիվանագիտության անհրաժեշտությունից։

Ֆորումի մասնակիցներին ողջունեց նաև Թուրքիայի նախագահը: Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդգծեց կրակը անմիջապես դադարեցնելու և խաղաղությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Հայտարարեց, որ պատերազմող Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակով առաջին հանդիպումը ինքնին ցույց է տալիս, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումը սկսել է ծառայել իր նպատակին:

«Մեր հարևան երկրի ինքնիշխանության դեմ ուղղված գործողությունները մենք երբեք չենք կարող արդարացնել: Թուրքիան անընդունելի է համարում Ղրիմի անօրինական բռնազավթումն ու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը անտեսող քայլերը: Եթե 2014 թվականին ողջ արևմտյան աշխարհը արձագանքեր Ղրիմի օկուպացիային, արդյո՞ք այսօր կուենայինք նման պատկեր: Այն ժամանակ լուռ մնացողները հիմա ինչ-որ բաներ են ասում: Մեր ցանկությունն է, որպեսզի սառնասրտությունն ու ողջամտությունը հաղթեն և զենքերի ձայները րոպե առաջ լռեն», - նշեց Էրդողանը:

Երկրորդ անգամ անցկացվող ֆորումը այս տարի միջազգային ուշադրության կենտրոնում հայտնեց նաև այն պատճառով, որ նախօրեին դրա շրջանակներում Թուրքիայի միջնորդությամբ բանակցեցին Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անթալիայում ավարտվեցին Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները

«Վերաձևելով դիվանագիտությունը» խորագրով ֆորումին համաշխարհային մի շարք առաջնորդներ, արտգործնախարարներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ և գործարարներ են մասնակցում: Ֆորումի պատվավոր հյուրերի թվում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր քննարկումներից մեկում ևս խոսեց ռուս-ուկրաինական ճգնաժամի և հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման դեմ ուղղված Ռուսաստանի քաղաքականության մասին: Նա ողջունեց ուկրաինացիների պայքարը՝ նշելով, որ աջակցում են Կիևին. - «Շատ տպավորիչ է տեսնել ուկրաինացիների խիզախությունը և պայքարը ռուսական ագրեսիայի դեմ: Իհարկե, բանակցությունները շատ կարևոր են, բայց մենք պետք է որոշակի քայլեր ձեռնարկենք: Ռուսաստանը պետք է հարգի անկախ պետությունների ընտրությունը, ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի իրավունքը»:

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում մի շարք թեմատիկ նիստեր, կլոր սեղանի շուրջ քննարկումներ, մասնակիցների միջև երկկողմ հանդիպումներ տեղի կունենան:

Ֆորումի նպատակը աշխարհի ու տարածաշրջանի ապագայի շուրջ նոր գաղափարների, միտումների և օրակարգի ձևավորումն է: Ըստ պաշտոնական կայքի, քննարկումների ժամանակ կարմիր թելով անցնելու է երկրների միջև առկա տարաձայնությունների, առճակատումների ու պատերազմների բերած հումանիտար ճգնաժամերը կանխելուն միտված լուծումներ գտնելու և ցանկացած պարագայում դիվանագիտությանը առաջնահերթություն տալու կարևորությունը: Շոշափվելու են համաշխարհային նշանակության թեմաներ՝ ահաբեկչության դեմ պայքար, կլիմայական փոփոխություններ, պարենային և էներգետիկ անվտանգություն, արհեստական բանականություն, խտրականության դեմ պայքար, պանդեմիայից հետո ծառացած մարտահրավերներ: