Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Թուրքիայի նախագահական գրասենյակի փոխանցմամբ, կողմերը քննարկել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես բելառուսական Գոմել քաղաքում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև հրադադարի հարցով կայացած բանակցությունները:
Նախօրեին շուրջ հինգ ժամ տևած բանակցությունները արդյունք չեն տվել, կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել ենԹուրքիայի ղեկավարը բելառուսցի գործընկերոջը հայտնել է, որ Անկարան շարունակելու է ջանքերը պատերազմի դադարեցման և խաղաղության վերականգնման ուղղությամբ: Լուկաշենկոն իր հերթին ընդգծել է, որ պաշտոնական Մինսկը ևս նման դիրքորոշում ունի: Բելառուսական աղբյուրների համաձայն, շուրջ մեկ ժամ տևած հեռախոսազրույցի ընթացում շոշափվել է նաև Բելառուսի և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հարցը:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդական առաքելության ձգտող Անկարան վճռական է նաև կիրառել Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները և փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական և ուկրաինական ռազմական նավերի համար, նախօրեին կառավարության նիստից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահը. - «Մենք վճռական ենք՝ կիրառել Մոնտրոյի կոնվենցիայով նեղուցներում նավերի երթևեկության հարցում մեզ տրված լիազորությունները, որպեզի կանխենք ճգնաժամի խորացումը: Ինչպես մշտապես ասել ենք, կողմ ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը, քաղաքական միասնությանն ու տարածքային ամբողջականությանը: Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի տարածքների նկատմամբ, ողջունում ենք Ուկրաինայի ղեկավարության ու ժողովրդի մղած պայքարը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան վճռական է՝ փակել նեղուցները ռուսական և ուկրաինական ռազմանավերի համարԱվելի վաղ պաշտոնական Կիևը դիմել էր Անկարային՝ խնդրելով փակել ռուսական նավերի անցումը Միջերկրական ծովից դեպի Սև ծով, քանի որ ռուսական ռազմածովային ուժերը սկսել էին ներխուժել Ուկրաինայի ջրային տարածքներ: Թուրքիայի բարձր ղեկավարությունը հայտարարել էր, որ Ուկրաինայում ծավալվող զարգացումները արդեն պատերազմի են վերածվել, և իրենք պետք է կատարեն Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները:
1936 թվականին ընդունված կոնվենցիայի 19-րդ կետի համաձայն, Թուրքիան պատերազմական իրավիճակում կամ նման վտանգի պարագայում իրավունք ունի սահմանափակել պատերազմող երկրների ռազմական նավերի անցումն իր վերահսկողության ներքո գտնվող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով: Բացառություն են միայն ռազմակայան վերադարձող նավերը, որոնք կարող են անարգել վերադառնալ ելման կետեր:
Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդընի կարծիքով, Մոսկվայի ու Կիևի հետ լավ հարաբերություններ ունեցող Անկարան փորձում է հավասարակշիռ քաղաքականություն վարել. - «Թուրքիան կարող է քննադատել Ռուսաստանին, նաև աջակցել ուկրաինական կառավարությանը և զինված ուժերին ու շարունակել դրոններ վաճառել՝ չնայած ռուսական կողմի դժգոհությանը: Թուրքիան կարող է տարբեր աստիճանի աջակցություն ցույց տալ կողմերից մեկին կամ չաջակցել՝ ընտրելով այլընտրանքային ճանապարհ: Կարծում եմ Թուրքիան փորձում է մանևրել կողմերի միջև»:
Փորձագետների գնահատմամբ, Մոնտրոյի կոնվենցիայի իրագործումը Անակարայի կողմից ավելի շատ խորհրդանշական քայլ է, քանի որ Ռուսաստանը շատ ռազմանավեր է ուղարկել Սև ծով մինչև ներխուժումը Ուկրաինա:
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չհետևեց եվրոպական երկրներին և չփակեց իր օդային տարածքը Ռուսաստանի համար: Մյուս կողմից ուկրաինական զինուժը ռուսական կողմի դեմ թուրքական դրոններ է կիրառում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական պատերազմը թեժանում է, մի շարք ուղղություններով ռուսական բանակի առաջխաղացում է նկատվում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են