Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են


Ռուս-ուկրաինական պատերազմի հինգերորդ օրը Ուկրաինայի հյուսիսում, արևելքում և հարավում ռազմական գործողությունները շարունակվում են։

Կիևում այսօր համեմատաբար հանդարտ է, Խարկովն ու Չեռնիգովը մինչ այս պահն էլ գնդակոծվում են։ Ուկրաինայի մայրաքաղաքում պարետային ժամն այսօր առավոտյան չեղարկվել է, որոշ մթերային խանութներ բացվել են, տրանսպորտը մասնակի վերսկսել է աշխատանքը՝ բացառությամբ մետրոյի, որն օգտագործվում է որպես ռմբապաստարան։

Կիևի իշխանությունները հերքում են, թե ռուսաստանյան զորքը շրջապատել է մայրաքաղաքը

Կիևի իշխանությունները հերքում են պնդումները, թե ռուսաստանյան զորքը շրջապատել է մայրաքաղաքը՝ հավաստիացնելով, որ Կիևը լիովին գտնվում է ուկրաինական զինվորականների և տարածքային պաշտպանության ներքո։

«Ազատության» Current time հեռուստանախգծի Կիևի թղթակիցը տեղից հաղորդել է. «Այսօր իմ աչքով առաջին անգամ տեսա վառված դիակներ, սպանվածներ հենց իմ տան մոտ։ Պարզվում է իմ տան մոտ՝ 300-400 մետր հեռավորության վրա փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ահա մենք հիմա տեսնում ենք տարածքային պաշտպանության ավտոբուսը, որի մոտ քաղաքացիական հագուստով անձի դիակ կա։ Ավտոբուսից քիչ հեռու հրդեհված ռազմական տեխնիկա է, կարծում ենք, որ մահացածը ուկրաինական զինված ուժերի բեռնատարի վարորդն է»։

Երեկ հրապարակված արբանյակային լուսանկարների համաձայն՝ Կիևին սպառնացող վտանգը սակայն չի չեզոքացվել։ Maxar ընկերության արձանագրած լուսանկարների համաձայն՝ ռուսական մեծաքանակ զորքեր՝ այդ թվում ծանր զինտեխնիկա շարժվում են դեպի ուկրաինայի մայրաքաղաք․ լուսանկարներում կարելի է տեսնել շուրջ հինգ կիլոմետր ձգվող ավտոշարասյուն, որը Կիևից ընդամենը 65 կիլոմետր է հեռու։

Վաղ առավոտից սկսած ռմբակոծությունների և հրետակոծությունների տակ է Խարկովը, հաղորդվում է տասնյակ զոհերի և հարյուրավոր վիրավորների մասին։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքերով՝ մեկուկես միլիոն բնակչություն ունեցող քաղաքը հրետակոծության է ենթարկվում գրադ կայանքներից։

Մարիուպոլն ու Վոլնովախան մնում եմ Դոնբասի ամենաթեժ կետերը

Մարիուպոլն ու Վոլնովախան մնում եմ Դոնբասի ամենաթեժ կետերը։ Այս բնակավայրերի համար ռուսական և ուկրաինական զորքերի միջև մարտերը շարունակվում են։ Տեղի իշխանությունները հայտնում են, որ փորձում են կանաչ միջանցք բացել հումանիտար օգնությունը՝ դեղորայք, սննդամթերք, ջուր տեղ հասցնելու, ինչպես նաև բնակչությանը տարհանելու համար։ Նույնանման կացություն է Լուգանսկի շրջանում, որտեղ ուկրաինայի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ռուսական բանակը գնդակոծել է բոլոր բնակավայրերը։

Բնակչությունը զրկված է ջրից, հոսանքից, գազից։ Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը այդուհանդերձ վստահեցնում է՝ ռուսական հարձակման արագությունը դանդաղել է, հակռակորդը ծանր կորուստներ է կրում:

«Ռուսաստանցի զավթիչները նվազեցրել են հարձակման տեմպերը, սակայն դեռ շարունակում են հաջողությունը զարգացնելու փորձերը։ Հարձակման ընթացքում հակառակորդը շարունակում է հարվածներ հասցնել քաղաքացիական և ռազմական օդանավակայաններին, հրամանատարական կետերին, ՀՕՊ համակարգերին, բնակավայրերին և պաշտպանական շրջաններում տեղակայված ստորաբաժանումներին։ Հակառակորդը, սակայն, բարոյալքված է և ծանր կորուստներ է կրում», - հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչը։

Մոսկվայից հակադարձում են․ Ռուսաստանյան զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը այսօր առավոտյան հայտարարել է, թե ռուսաստանյան ավիացիան լիակատար վերահսկողություն է հաստատել ուկրաինայի օդային տարածքի նկատմամբ։ Ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականի խոսքերով՝ Մոսկվայի վերահսկողության տակ են անցել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Բերդյանսկի շրջանը։

Համացանցում տարածված տեսանյութերից մեկի համաձայն՝ օկուպացված Բերդյանսկի բնակչությունը հավաքվել է ռուսական բանակի զինտեխնիկայի մոտ և երգում է ուկրաինայի պետական հիմնը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ վերահսկողություն են հաստատել նաև Զապարոժիեի էլեկտրակայանի նկատմամբ։

Կիևը կտրականապես հերքում է՝ հայտարարելով, որ Զապորոժիեի Ատոմային էլեկտրակայանը և դրա հարևանությամբ գտնվող Էներգոդար քաղաքը շարունակում են վերահսկվել ուկրաինական բանակի կողմից։ Հ

Հիշեցնենք՝ Ուկրաինայի տարածքում գործող չորս ատոմակայաններից մեկը Չեռնոբիլի ատոմակայանն անցած շաբաթ արդեն անցել է ռուսական վերահսկողության ներքո։

Պաշտոնական տվյալներով՝ ուկրաինական կողմից սպանվել է 352 մարդ, Ռուսաստանը շարունակում է թաքցնել իր զոհերի թիվը

Ռուսաստանը պատերազմից հինգ օր անց էլ շարունակում է թաքցնել իր զոհերի և վիրավորների թիվ։ Երեկ պաշտոնական Մոսկվան առաջին անգամ միայն հայտարարեց, որ ռուսաստանցի զինվորականների շրջանում զոհեր կան, առանց թվեր նշելու, փոխարենը Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը շտապեց հայտարարել, որ հակառակորդի կորուստները բազմակի շատ են։

Կիևի տվյալներով՝ Ուկրաինա ներխուժելուց ի վեր ռուսաստանցի զինվորականների կորուստների թիվը 5300 է։ Ուկրաինայի իշխանությունները, սակայն, չեն հստակեցնում՝ այդ տվյալները ներառում են միայն զոհերի, թե նաև վիրավորների թիվը։ Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ուկրաինական կողմից սպանվել է 352 մարդ, այդ թվում՝ տասնվեց երեխա, վիրավորվել է ավելի քան երկու հազարը։

նախարար Վիկտոր Լյաշկոյի հայտարարությունից էլ պարզ չէ, հրապարակված թվերը բացառապես խաղաղ բնակչության շրջանում տուժածների, նաև զինորականների մասին է։ Ուկրաինայի ռազմա-ծովային ուժերը այսօր հայտնել են, որ Զմեինի կղզու զինծառայողները, որոնց ճակատագրի մասին մի քանի օր շարունակ տեղեկություն չկար, ողջ են և գտնվում են ռուսաստանյան գերության մեջ։ Սև ծովում գտնվող նավթի և գազի պաշարներով հարուստ այդ կղզին ռուսական բանակը գրավել է փետրվարի 24-ին, այն գտնվում է Օդեսայի մարզում հավասարապես հեռու ռումինական Սուլինա և ուկրաինական Վիլկովո քաղաքներից։

Ռուսական բանակի ներխուժումից հետո Կիևը կորցնելով կապը զինվորականների հետ, ենթադրել է, որ նրանք սպանվել են։

Զելենսկին հայտարարել է զինվորական փորձառություն ունեցող կալանքի տակ գտնվողներին ազատ արձակվելու որոշման մասին

Ուկրաինայի ողջ տարածքում լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին երկրի նախագահը այսօր հայտարարել է զինվորական փորձառություն ունեցող կալանքի տակ գտնվող բոլոր ուկրաինացիներին ազատ արձակվելու որոշման մասին։ Զելենսկին խոստովանել է՝ բարոյական տեսանկյունից դժվար որոշում է, բայց օգտակար պաշտպանության տեսանկյունից։

«Երբ ես առաջադրվեցի նախագահ դառնալու համար, ասում էի՝ մեզնից յուրաքանչյուրը նախագահ է, որովհետև մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է մեր պետության համար, մեր հիասքանչ Ուկրաինայի համար։ Եվ հիմա այնպես է ստացվել, որ մեզնից յուրաքանչյուրը՝ զինվոր է։ Զինվոր է իր տեղում։ Ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը կհաղթի»,- հայտարարել է Զելենսկին և կրկին դիմել ռուսաստանցիներին, - «ինչո՞ւ եք եկել այստեղ։ հանուն ինչի՞ են ձեր ռազմատեխնիկայի շարասյունները մեր դեմ գալիս մեր Ղրիմից։ Թողեք ձեր տեխնիկան և գնացեք։ Մի հավատացեք ձեր հրամանատարներին։ Մի հավատացեք ձեր քարոզիչներին։ Պարզապես փրկեք ձեր կյանքերը, գնացեք»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG