Մատչելիության հղումներ

Լայնածավալ պատերազմը Ուկրաինայում շարունակվում է․ հիմնական մարտերը այսօր հարավում են և Խարկովի մերձակայքում


Խարկով, Մարիուպոլ, Կիև, Խերսոն՝ սրանք են Ուկրաինայում ծավալված պատերազմի վեցերորդ օրվա հիմնական թեժ կետերը։ Ամենածանր մարտերն ընթանում են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի փողոցներում։

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական բանակն այստեղ նաև ծանր զինատեսակներ է կիրառել՝ թիրախավորելով մարզային վարչակազմի շենքը։

«Մեր թշնամին սկսել է դավադրաբար «Գրադ» կայանքների և թևավոր հրթիռների կիրառմամբ գնդակոծել Խարկովի կենտրոնը, բնակելի թաղամասերը։ Հարվածի տակ է հայտնվել նաև այն հրապարակը, որտեղ գտնվում է Խարկովի մարզային վարչակազմի շենքը։ Մենք այժմ զբաղված ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ճշտմամբ։ Մեր բանակն ուժեղ է, մենք կանգնած ենք մեր դիրքերում իսկ ռուսական բանակին այլ բան չի մնում քան ռազմական հանցագործությունների դիմել։ Դրա պատճառն այն է, որ թշնամու հարձակողական ներուժը փաստորեն սպառված է», - ռմբակոծությանը հաջորդած ուղերձում այսօր հայտարարում էր Խարկովի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը։

Զելենսկին արևմտյան պետություններին կոչ է արել Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարել

Ուկրաինա ներխուժած ռուսական զորքերի հարձակողական կարողությունների սպառման մասին պնդումները, սակայն, փոքր-ինչ վաղաժամ են թվում։ Համենայնդեպս, դա են վկայում երեկվանից շրջանառվող արբանյակային լուսանկարները, որոնցում պատկերված է հյուսիսից Կիևին մոտեցող ռուսական ռազմական շարասյունը։ Արևմտյան աղբյուրների պնդմամբ՝ դրա ընդհանուր երկարությունը երկուշաբթի երեկոյան հասել էր 64 կիլոմետրի։

Ռազմական փորձագետների կարծիքով, այն հանգամանքը, որ մի քանի հազար միավոր զրահատեխնիկայից, հրետանային միջոցներից ու բեռնատարներից բաղկացած այս շարասյունը անարգել, առանց լուրջ քողարկման շարժվում է դեպի Կիև, գալիս է հաստատելու Մոսկվայից հնչող այն հայտարարությունների իսկությունը, որոնց համաձայն ռուսական կողմը օդում կարողացել է լիակատար գերակայության հասնել։

Այս պնդումն անուղղակիորեն հաստատեց նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ երկուշաբթի ուշ երեկոյան հեռարձակված ուղերձում կոչ անելով արևմտյան պետություններին, Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարել։

«Ես վստահ եմ, որ ռուսական հրթիռների, օդանավերի և ուղղաթիռների համար օդային տարածքի լիակատար փակումը հնարավոր է», - հայտարարում էր Զելենսկին։

Ռուսաստանյան որոշ աղբյուրներ, ի դեպ, պնդում են, որ ի տարբերություն պատերազմի առաջին օրերի, այժմ երկրի Զինված ուժերն Ուկրաինայում սկսել են ավելի ակտիվորեն կիրառել թե՛ ռազմական օդանավերի և թե՛ հրթիռային համակարգերի կարողությունները։ Որպես հետևանք աճում է զոհերի թիվը և ավերածությունների ծավալը։

Ախտիրկա քաղաքում, ըստ ուկրաինական իշխանությունների, 70 զինվորական էր զոհվել

Մարտավարության փոփոխությունն առաջինը զգացվեց Կիևից 180 կիլոմետր արևելք գտնվող Ախտիրկա քաղաքում, որտեղ հրթիռակոծության հետևանքով, ըստ ուկրաինական իշխանությունների, 70 զինվորական էր զոհվել։ Այս տեղեկությունն ուկրաինական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է նաև Սումիի նահանգապետ Դմիտրի Ժիվիցկին՝ նշելով, որ ռուսական զորքերի թիրախում էր հայտնվել տեղի զորամասը։

Հարավում ռուսական զորքերի առաջխաղացումն այսօր շարունակվել է Խերսոնի ուղղությամբ։ Համացանցում հայտնված սիրողական տեսագրություններում երևում են քաղաքի փողոցներով տեղաշարժվող ռուսաստանցի զինվորականները: Ուկրաինայի հատուկ կապի և տեղեկատվության պաշտպանության պետական գործակալությունը առավոտյան կողմ հաստատել է Խերսոնի գրոհի մեկնարկը։

Ռուսաստանի ՊՆ. Դոնեցկի զինյալներին և Ղրիմից հարձակվող ռուսական զորքին հաջողվել է միանալ՝ կտրելով ուկրաինական բանակի ելքը դեպի Ազովի ծով

Օրվա երկրորդ կեսին Ռուսաստանի ՊՆ հայտարարեց ռազմաճակատի մեկ այլ հատվածում՝ Մարիուպոլի ուղղությամբ առաջխաղացման մասին։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինյալներին և Ղրիմից հարձակվող ռուսական զորքին հաջողվել է միանալ՝ կտրելով ուկրաինական բանակի ելքը դեպի Ազովի ծով։ Պաշտոնական Կիևը նորանոր հաջողությունների մասին Մոսկվայից հնչող պնդումները հերքում է՝ հայտարարելով, որ ուկրաինական բանակը կարողանում է հաջողությամբ դիմակայել ռուսական հարձակումներին։

«Ռազմաքաղաքական իրավիճակը Ուկրաինայում շարունակում է վերահսկվել երկրի ղեկավարության և Զինված ուժերի հրամանատարության կողմից։ Ամենաթեժ կետը Խերսոնն է, որտեղ հակառակորդի առանձին հետևակային խմբեր փորձել են մոտք գործել քաղաք, սակայն բանակային ստորաբաժանումներին և տարածքային պաշտպանության ուժերին հաջողվել է կանգնեցնել նրանց առաջխաղացումը։ Եղանակը ևս մեր կողմից է։ Արդեն երեք օր Սև ծովում շարունակվող փոթորիկը հնարավորություն չի տալիս ռուսական ծովային դեսանտին ափհանում իրականացնել Օդեսայում և Նիկոլաևում։ Կիևի շուրջ տեղացող ձյունն ու հաստատված մառախուղը ևս ռուսական ուժերին գրոհելու հնարավորություն չեն տալիս», - հայտարարում էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Արեստովիչը՝ թվարկելով նաև պատերազմի սկզբից ի վեր ռուսական կողմի կրած կորուստները։

Ուկրաինացի պաշտոնյայի պնդմամբ՝ ռուսական կողմը պատերազմի առաջին վեց օրերին 5710 զոհ ունի, գերիների թիվը գերազանցում է 200-ը: «Խոցվել կամ վնասվել 29 օդանավ և 29 ուղղաթիռ, 200 տանկ, տասնյակ միավոր այլ զրահատեխնիկա», - հայտարարում էր Արեստովիչը։

Նշենք, սակայն, որ ակտիվ ռազմական գործողությունների պայմաններում այս տվյալները անկախ աղբյուրների միջոցով ստուգելու որևէ հնարավորություն չկա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG