Ուկրաինայի առաջնորդն այսօր կրկին հորդորել է Եվրամիությանն արագացված կարգով քննարկել իր երկրի անդամակցության հարցը։ Այս անգամ Զելենսկին այս մասին խոսել է Եվրախորհրդարանի հատուկ նիստում, որտեղ պատգամավորները նրան ողջունել են երկարատև ծափահարություններով:
«Երեկ 16 երեխա է մահացել: Եվ նորից Պուտինը կասի, որ սա ինչ-որ հատուկ գործողություն է։ Որտե՞ղ են աշխատում մեր երեխաները, ի՞նչ տանկեր են վարում։ Մենք ունենք շատ նպատակաուղղված ժողովուրդ, պայքարում ենք մեր իրավունքների, ազատության, կյանքի համար։ Մենք պայքարում ենք Եվրոպայի իրավահավասար անդամ լինելու համար։ Մեզ հետ ԵՄ-ն ավելի ուժեղ կլինի, մենք կապացուցենք մեր ուժը: Ապացուցե՛ք, որ մեզ հետ եք, ապացուցե՛ք, որ եվրոպացի եք», - ասել է այդ երկրի ղեկավարը:
Ուկրաինան վեցերորորդ օրն է՝ դիմադրում է ռուսական բանակին, որն այսօր արդեն սկսել է բացահայտ սպառնալ մայրաքաղաքի բնակիչներին։ Ժամեր առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր ապրում են Կիևում` վերահեռարձակող հանգույցների կողքին, լքել իրենց տները: Պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, թե ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը մինչև իր առջև դրված նպատակներին հասնելը։
Այս հայտարարություններից առաջ ռուսական բանակը հարվածներ էր հասցրել Խարկովին, որոնց հետևանքով, ըստ ուկրաինական կողմի, առնվազն 10 մարդ է զոհվել։ Խարկովի հարվածներից հետո Զելենսկին այսօր Մոսկվային մեղադրել է ահաբեկչության մեջ, Ռուսաստանը որակել ահաբեկիչ պետություն։
Ճգնաժամը բանակցություններով հարթելու փորձերն առայժմ արդյունք չեն տալիս
Երեկ Բելառուսի տարածքում շուրջ հինգ ժամ տևած հանդիպմանը կողմերը որևէ համաձայնության չէին եկել, պայմանավորվել էին միայն երկրորդ փուլի մասին, որն ըստ ռուսական աղբյուրների` կարող է կայանալ վաղը։ Իսկ մինչ այդ կատաղի մարտերը Ուկրաինայի տարածքում, այդ թվում` մայրաքաղաքի մերձակայքում շարունակվում են։
Ռազմական վերլուծաբանները շեշտում են` ինչքան երկար տևի պատերազմն, այնքան կոշտ միջոցների կդիմի ռուսական բանակը:
Բարձրաձայնվում է ռազմական հանցագործությունների մասին
Մինչդեռ միջազգային հանրությունն արդեն խոսում է ռազմական հանցագործությունների մասին: Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը նախորդ գիշեր ասել է, թե «որոշել է հնարավորինս շուտ սկսել Ուկրաինայում իրավիճակի հետաքննությունը»։ Նրա խոսքով` հարցի նախնական ուսումնասիրությունից հետո ինքը եկել է այն եզրակացության, որ կան ողջամիտ հիմքեր ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու համար։
Պատժամիջոցները շարունակվում են
Զուգահեռ ընդարձակվում են պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Երեկ նաև Ճապոնիան է միացել արևմտյան երկրներին՝ պատժամիջոցներ կիրառելով անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Լավրովի, պաշտպանության նախարար Շոյգուի, Գլխավոր շտաբի պետ Գերասիմովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևի և Անվտանգության խորհրդի փոխնախագահ Մեդվեդևի նկատմամբ։ Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են նաև 49 կազմակերպություններ, այդ թվում՝ դաշնային անվտանգության ծառայությունը, Sukhoi-ը, MiG-ը, Rostec-ը, Ռուսաստանի կենտրոնական բանկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոտ մեկ տասնյակ ռուսաստանյան ընկերություններ արդեն տեղափոխվել են. նախարար ՔերոբյանՆախօրեին Եվրամիության պատժամիջոցների ցուցակում ավելացավ 26 ռուսաստանցի, այդ թվում՝ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը և միլիարդատերերի մի մեծ խումբ, ինչպես նաև լրագրող Ռոման Բաբայանը, կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը:
Կրեմլի խոսնակը, սակայն, այսօր լրագրողներին ասել է, թե իրեն չի մտահոգում այն փաստը, որ հայտնվել է Արևմուտքի պատժամիջոցների ցուցակում:
«Եթե Արևմուտքը կարծում է, որ պատժամիջոցները կարող են ստիպել մեզ փոխել մեր դիրքորոշումը, ապա դա տեղի չի ունենա։ Մեզանից ոչ ոք չի փոխի մեր հետևողական դիրքորոշումը»,- ընդգծել է Պեսկովը` հավելելով, թե նրանցից և ոչ մեկը ակտիվներ և հաշիվներ դրսում չունի։
Մոսկվան շարունակում է պահանջներ ներկայացնել
Ու մինչ Ուկրաինայի տարածքում ընթանում են թեժ ռազմական գործողություններ, և մյուս կողմից` սեղմվում է օղակը Ռուսաստանի շուրջ, պաշտոնական Մոսկվան շարունակում է պահանջներ ներկայացնել։
Ռուսաստանի արտգործնախարարն այսօր հայտարարել է, թե Արևմուտքը պետք է հրաժարվի նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում ռազմական օբյեկտների ստեղծումից, շեշտելով, թե Մոսկվայի համար անընդունելի է, որ ԱՄՆ միջուկային զենքը տեղակայվի Եվրոպայում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոյգու․ Ռուսական բանակը կշարունակի գործողությունը Ուկրաինայում մինչև իր առջև դրված նպատակներին հասնելը«Ժամանակն է այդ զենքը տուն տանել», - ասել է Սերգեյ Լավրովը, որը կոչ է արել հրաժարվել Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռներից: Միաժամանակ նա ընդգծել է, թե սեփական միջուկային զենք ձեռք բերելու Կիևի ծրագրերը վտանգավոր են։ Նրա խոսքով` Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի դա տեղի չունենա։
Արձագանքելով Կրամլի հռետորաբանությանը` դաշնային հեռուստաընկերությունները շարունակում են ռազմատենչ քարոզչությունը` ուկրաինացիներին մեղադրելով ֆաշիզմի մեջ:
Երեկ երեկոյան, օրինակ, Կրեմլի խոսափողը համարվող Դմիտրի Կիսելյովը մանրամասն պատմել է, թե ինչ միջուկային զենք ունի Ռուսաստանը, և ինչ կարող է անել այդ զենքը Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի հետ:
«Մեր սուզանավերը կարող են արձակել հինգ հարյուր միջուկային մարտական գլխիկ, ինչը կոչնչացնի Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի բոլոր երկրները այն սկզբունքով, որ մեր ինչի՞ն է պետք աշխարհը, եթե չի լինելու Ռուսաստանը», - ասել է նա:
Ռուսաստանի թոփ պրոպագանդիստը հավելել է, թե Ռուսաստանն այսօր ամենահզոր միջուկային գերտերությունն է աշխարհում։ Ավելի վաղ երկրի նախագահը հրամայել է ռուսական բանակի զսպման ուժերը բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի: