ՄԱԿ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության 12 անդամների հրաման է տրվել մինչև մարտի 7-ը լքել Միացյալ Նահանգները․ Վաշինգտոնը պնդում է, որ ռուսաստանցի պաշտոնյաները զբաղվել են ոչ դիվանագիտական գործունեությամբ։
«Այդ դիվանագետները, որոնց խնդրել են լքել Միացյալ Նահանգները, զբաղվել են այնպիսի գործունեությամբ, որը չի համապատասխանում իրենց դիվանագիտական պարտականություններին և պարտավորություններին», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է ԱՄՆ փոխդեսպան Ռիչարդ Միլսը՝ առանց մանրամասներ նշելու։
Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ ռուսաստանցի գործընկերներին խնդրել են հեռանալ, «որպեսզի չվնասեն հյուրընկալող երկրի ազգային անվտանգությունը»։
Միլսը շեշտել է, որ ռուս դիվանագետների արտաքսման որոշումն ընդունվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանի համաձայնագրերին համապատասխան։
Վաշինգտոնը դիվանագետների արտաքսման որոշումը չի կապում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմի հետ, ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ որոշման մանրամասները կներկայացնեն ավելի ուշ։
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան գործընկերների արտաքսումը գնահատել է որպես ՄԱԿ-ի համաձայնագրի «կոպիտ խախտում» և դիվանագիտական հարաբերությունները կարգավորող Վիեննայի կոնվենցիայի ոտնահարում։
Վաշինգտոնի որոշման մասին հայտնի դարձավ նախօրեին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արտահերթ նստաշրջանում քննարկում էր Ուկրաինայում Մոսկվայի «ագրեսիայի» վերաբերյալ բանաձևը։
«Ուկրաինայում մարտերը պետք է դադարեցվեն», - նախազգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ շարունակելով․ - «Բավական է: Զինվորները պետք է վերադառնան իրենց զորամասեր: Առաջնորդները պետք է շարժվեն դեպի խաղաղություն: Քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն»։
Բանաձևի շուրջ քննարկումներում ելույթ ունենալու ցանկություն է հայտնել շուրջ հարյուր երկիր։ Պարտադիր ուժ չունեցող փաստաթուղթը, որը Ռուսաստանից պահանջում է անհապաղ դուրս բերել իր զորքերն Ուկրաինայից, քննարկումների ավարտին կդրվի քվեարկության։
ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպանը կառույցի անդամ երկրներին խնդրել է աջակցել բանաձևին: «Եթե Ուկրաինան չգոյատևի, ՄԱԿ-ը չի գոյատևի, պատրանքներ մի՛ ունեցեք», - ասել է Սերգեյ Կիսլիցան։
Նեբենզյան պաշտպանել է հարևան երկիր ներխուժելու Ռուսաստանի որոշումը՝ վերահաստատելով Մոսկվայի դիրքորոշումը, թե ռազմական գործողություն են սկսել Ուկրաինայի արևելյան շրջանների բնակիչներին պաշտպանելու նպատակով: