Ռուսաստանը փորձում է իրականացնել կայսրություն դառնալու իր ծրագիրը․ Բոժկո

Հակամարտությունը ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի, այլ Ռուսաստանի և Արևմուտքի մեջ է, «Ազատության» «Հարցազրույց Կարեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն՝ ընդգծելով՝ Ռուսաստանը փորձում է իրականացնել կայսրություն դառնալու իր ծրագիրը։

«Ռուսաստանը զգում է, որ սա երևի իր վերջին շանսն է նորից կայսրություն դառնալու և նա աշխատում է իրականացնել նույնիսկ հազարավոր կյանքների գնով, և աշխարհի ղեկավարները գիտակցում են դա, գիտեն դրա մասին, դրա համար, փառք Աստծո, արդեն այդպիսի մեծ ուշադրություն են դարձնում մեր ռուս-ուկրաինական հակամարտության վրա», - ասաց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպանը՝ շարունակելով․ - «Ես շատ բարձր եմ գնահատում և Բայդենի վերջին ելույթը, որտեղ նա զգուշացնում է աշխարհին, որ սա զուտ ռուս-ուկրաինական պատերազմ չի լինելու, որովհետև դա արդեն կարող է դառնալ համաշխարհային մակարդակով պատերազմ, այնպիսի պատերազմ, որ 1945 թվականից հետո մարդկությունը դեռ չի տեսել»։

Դեսպանի խոսով՝ Պուտինի նպատակներից մեկը նաև Ուկրաինայի տնտեսությանը վնաս հասցնելն է։ «Մեզ մոտ գիտակցություն կա, որ Պուտինի նպատակներից մեկը խուճապ ստեղծելն է, որպեսզի Ուկրաինայում խուճապ լինի ժողովրդի մեջ, որպեսզի հարված հասցնի Ուկրաինայի տնտեսությանը, և, իրոք, նա իր նպատակին, կարելի է ասել, հասել է արդեն, որովհետև մենք իրոք ահագին կորուսներ ունենք ֆինանսական տեսակետից, և մեզ համար կարևոր է, որ Եվրոպան խոստանում է օժանդակել և աջակցել մեզ ֆինանսապես այս դժվար պահին», - ասաց Բոժկոն։

Հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է, որ արյունահեղությունը կանխելու համար Կիևն այնուամենայնիվ սկսի ուղիղ բանակցություններ Դոնեցկի և Լուգանսկի այդ ինքնահռչակ միավորների հետ, ինչը որ հիմա Մոսկվայի պահանջն է՝ ասում է՝ «գնացեք, իրենց հետ խոսեք», - Բոժկոն պատասխանեց․ - «Չէ, որովհետև իրենք ոչ մի բան չեն որոշում, ամեն ինչ որոշվում է Մոսկվայում, Պուտինի խաղն է, մոսկովյան վերնախավի խաղն է, մանավանդ մենք գիտենք, որ դա ինչ է տվել, երբ Մոլդովայի նախագահը սկսել է բանակցել անջատականների հետ, կամ Վրաստանում, կամ դա ի՞նչ է տվել Վրաստանին կամ Մոլդովային, ոչ մի բան, ուղղակի Պուտինն այսպիսով փոխում է նկարը, ուզում է ապացուցել աշխարհին, ցույց տալ աշխարհին, որ ոչ թե ինքն է ամեն ինչ սարքում՝ էդ ամբողջը»։

Ռուսաստանը երեկ պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսական բանակն արդեն մտնում է Ուկրաինա, իսկ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը նոր պատժամիջոցներ են սահմանում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․