Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստի արդյունքների մասին, որը դիտարկել է Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման վերաբերյալ Պետդումայի որոշման համատեքստում, հաղորդում է Կրեմլը:
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների իշխանությունները դիմել են Ռուսաստանի նախագահին` անկախությունը ճանաչելու և անվտանգության ոլորտում համաձայնագրեր կնքելու խնդրանքով, իսկ վաղն էլ Պետդումայում նորից քննարկելու են երկու ինքնահռչակ հանրապետություններում ստեղծված իրավիճակը:
Այս ամենը հաշվի առնելով՝ Ռուսաստանի նախագահն ասել է, որ մտադիր է մոտ ժամանակներս համապատասխան հրամանագիր ստորագրել, նշված է հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի դաշնային կանցլերն իրենց հիասթափությունն են հայտնել իրադարձությունների նման զարգացմամբ։ Միաժամանակ նրանք հայտնել են շփումները շարունակելու պատրաստակամության մասին։