Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունը սեփական պատերազմական հանցանքները քողարկելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն և Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն ուղղված հերթական քայլն է, հայտարարում են Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը:
Համատեղ հայտարարությամբ պաշտպաններն ընդգծում են՝ Հայաստանի և Արցախի, ինչպես նաև միջազգային հանրային գործիչների, փորձագետների ու լրագրողների թիրախավորելու, նրանց, այսպես կոչված, սև ցուցակներով շանտաժի ու հետապնդման ենթարկելու գործելաոճը լավագույնն է փաստում, որ ադրբեջանական իշխանությունների խաղաղության կոչերն ու հայտարարություններն իրականում կեղծ են, շղարշ են արտաքին աշխարհի համար և ունեն իսկական մտադրությունները քողարկելու նպատակ:
Արայիկ Հարությունյանի դեմ հայտարարած հետապնդման նպատակը, Թաթոյանի և Ստեփանյանի համոզմամբ, Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու ահաբեկելու և խաղաղ բնակչության մոտ խուճապ առաջացնելը նպատակ ունի՝ նկատելով՝ այդ հետապնդումն ունի քաղաքական շարժառիթներ և հիմնված է փաստերի բացահայտ մանիպուլիացիայի վրա:
«Մենք միջազգային հանրությանը համոզված իրազեկում ենք, որ ադրբեջանական իշխանությունները շարունակելու են փաստերի կեղծումը և մոլորեցումը նորանոր մեթոդներով, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ իրենց հանցավոր արարքները խաղաղության կոչերի ներքո թաքնվելով, քանի դեռ իրենց ցեղասպան քաղաքականության համար հասցեական արձագանքի և պատասխանատվության չեն արժանացել ու չեն պատժվել իրենց հանցավոր արարքերի համար», - ասված է համատեղ հայտարարությունում։
Պաշտպանները տեղեկացնում են, որ հայտարարությունը կուղարկեն միջազգային կառույցներին նաև առանձին նամակներով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի գործող և նախկին պաշտոնյաների նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ