Վանաձորի «Հայփոստի» բաժանմունքում ավելի քան 100 ծառայություն կմատուցվի

Այսուհետ Վանաձորում 110 պետական ծառայություններ կմատուցվեն մեկ շենքում․ կենտրոնական հրապարակին կից գործող «Հայփոստի» բաժանմունքում։

Արդարադատության նախարարության, «Հայփոստի» ու ԱՄՆ զարգացման գործակալության համատեղ ծրագրով Լոռու մարզի բնակիչներն 8 ամենապահանջված պետական կառույցներում ունեցած իրենց հարցերով դիմելու են նորաստեղծ քաղաքացիական կենտրոն՝ ծննդյան վկայական կամ անձնագիր ստանալու, ԴԱՀԿ ծառայության վճարումներ անելու, կազմակերպություն կամ սեփականություն գրանցելու, կենսաթոշակի հարցերով դիմելու կամ արխիվից տվյալներ պահանջելու։

Կենտրոնի բացմանը եկած արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասաց՝ քաղաքացիական կենտրոնը բնակիչների կյանքը հեշտացնելու համար է։

«Պատկերացրեք, երբ քաղաքացին ունի տասնյակ խնդիրներ պետության հետ, գալիս է ընդամենը մի հասցե՝ իր բնակավայրին ամենամոտ «Հայփոստը», և կարողանում է պետության հետ իր բոլոր հարցերը լուծած հեռանալ։ Այսինքն՝ ոչ թե մոտեցումը պետք է լինի, որ քաղաքացին գնա և լինի ինչ-որ չինովնիկից կախված կամ ինչ-որ մի պաշտոնյայից կախված, այլ հակառակը՝ քաղաքացին գա և ստանա լավագույն ծառայությունը և հասկանա, որ իր համար պետության հետ շփվելը հեշտ է և հարմարավետ», - ասաց նախարարը։

Այժմ 8 պետական կառույցի 110 ծառայություն են տեղավորել մի հարկի տակ, հետո արդեն ավելի շատ կառույցներ կլինեն, որոնց միջոցով միևնույն տեղում չորս անգամ ավելի շատ ծառայություն հնարավոր կլինի մատուցել։

Նախարարն ասում է՝ դրան հասնելու համար տեխնիկական խնդիրներ կան լուծելու։ «Հիմա մենք պետք է կարողանանք այս լավ, բարեհաճ պատուհանները կպցնենք մեր էն բոլոր պետական մարմինների ծրագրային աշխատանքների հետ։ Դրա համար, այո, այսօր քաղաքացիները ստիպված են լինելու տեղ-տեղ գնալ անձնագրային բաժին, երբ պետք է, օրինակ, պետավտոհամարանիշ ստանալ, պետք է գնան ճանապարհային ոստիկանություն և այսպես տասնյակ կառույցներ կան, սոցապ նախարարության գրասենյակներ», - ասաց Անդրեասյանը։

Հայաստանի տարածքում 850 բաժանմունք ունեցող «Հայփոստն», ըստ պատասխանատուների, ամենահարմարն է եղել հետագայում բոլոր բնակավայրերում նմանատիպ կենտրոններ ունենալու համար։ «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանն ասում է․ - «Ի՞նչ է լինելու, մարդը մոտենալու է իր գյուղ, իր գյուղում համապատասխան փաստաթղթեր ներկայացնի, դրանք սքանավորվելու են, ուղարկվեն այդ ծրագրով բեք օֆիս պետական, բեք օֆիսը որոշումն ընդունելու է, դնի նամակի մեջ և այդ առաքանին «Հայփոստն» արդեն կառաքի համապատասխան գյուղ։ Այսինքն՝ այլևս պետք չի լինի գյուղից դուրս գալ, որպեսզի պատշաճ պետական ծառայություններ մատուցվեն»։

Կենտրոնում քաղաքացիների հետ շփվում են միայն դիմում ընդունող և խորհրդատվություն տրամադրող աշխատակիցները, որոշումներ ընդունող պաշտոնյաները մնացել են պետական կառույցների նախկին շենքերում, կամ «Հայփոստի» երկրորդ հարկում՝ քաղաքացիների աչքից հեռու, ինչն, ըստ պաշտոնյաների, կոռուպցիոն ռիսկերն էական կրճատում է։

«Իմաստն այն պետք է լինի վերջնակետում, որ գրասենյակներում միայն մնան էն մարդիկ, ովքեր վերջնական որոշում են կայացնում՝ բեք օֆիսը մնա, իսկ ֆրոնտ օֆիսն ընդհանրապես տարանջատվի ու մատուցվի միայն «Հայփոստում» որպես ազգային օպերատորում։ Էդ դեպքում շատ ավելի էֆեկտիվ կլինի, շատ ռիսկեր կփակվեն», - ասաց Կարապետյանը։

Ավելի վաղ նման կենտրոններ են բացվել Երևանում, Իջևանում և Գյումրիում։ Նախատեսվում է, որ 4 տարի անց քաղաքացիական կենտրոններ կլինեն արդեն բոլոր մարզերում։