Դիվանագիտական ջանքերը շարունակվում են
Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերը շարունակվում են: Փետրվարի 7-ից 8-ը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կմեկնի Մոսկվա, ապա Կիև: Հաջորդ շաբաթ պետք է հանդիպեն «Նորմանդյան ձևաչափով» բանակցություններին մասնակցող Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների քաղաքական խորհրդականները:
Մինչդեռ, պատերազմի հնարավորությունը և պատժամիջոցների սահմանումն առավել հաճախ են դառնում հանրային քննարկումների և փորձագիտական վերլուծությունների թեմա:
Ռուսների ռազմական ներկայությունն Ուկրաինայում և այդ երկրի սահմանների մոտ, այդ թվում հյուսիսից՝ Բելառուսի տարածքում, օրըստօրե հզորանում է:
Ֆեյքից հետո շարքային մարդը հավանություն է տալիս իշխանության քայլերին
Ցանկացած պատերազմ ունի պատճառ և առիթ: Ներքին և արտաքին լսարանին հարկ է ներկայացնել մի պատկեր, որից պարզ կդառնա, որ երկիրը քաղաքական, ռազմական և՝ ամենակարևորը, բարոյական տեսակետից պարզապես չէր կարող չդիմել հուժկու գործողության:
Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայիս գերլարված հարաբերությունների պայմաններում նման հանգամանք կարող է լինել կա՛մ ուկրաինական բանակի նեխուժումը բուն Ռուսաստան, կա՛մ, ինչն առավել հավանական է: ուկրաինական բանակի հարձակումը Դոնբասի ռուսամետ անջատականների վրա:
Եթե տեղի ունենա զինված առճակատում՝ անխուսափելիորեն կլինեն ահասարսուռ տեսարաններ, որոնք շարքային հպատակի մոտ կառաջացնեն ազնիվ վրդովմունք և վրեժ լուծելու ցանկություն: Կձևավորվի «հայրենասիրական համապատասխան մթնոլորտ»: Բնակիչները՝ առնվազն մարտերի առաջին փուլում, կսատարեն իշխանության գործողություններին:
«Դիակների, սգավորների և ավերակների կադրեր»
Ամերիկյան հետախուզության տվյալներով, ռուսական կողմը կարող է պատրաստել նման նյութ, որը գուցե կդառնա պատերազմ սկսելու պատրվակ: Այդ մասին են ահազանգել միանգամից երկու գերատեսչություններ՝ Պենտագոնը և Պետական դեպարտամենտը:
Պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբիի փոխանցմամբ, ռուսները կարող են պատերազմի մեկնարկի մի քանի տարբերակներ մշակել, դրանցից մեկի համար նրանք կնկարահանեն հատուկ տեսահոլովակ:
Քիրբիի խոսքով, Ռուսաստանում, որպես կանոն, իշխանության ամենավերին ատյաններն են արտոնում այդօրինակ գործողությունը:
«Դա կարող է լինել շատ պատկերավոր քարոզչական վիդեո, դիակներով, ողբացող մարդկանց կերպարով ներկայացող դերասաններով, ավերակներ, ոչնչացված զինտեխնիկա, ընդ որում պետք է երևա, որ զինատեսակների մի մասն Արևմուտքի կողմից է փոխանցվել ուկրաինացիներին»,- ասել է Քիրբին:
Ֆեյքերի օգտագործումը ռուսական պրոպագանդայի հին մեթոդներից է: Պենտագոնի խոսնակի փոխանցմամբ, դա նրանց «սցենարների գրքից» է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Ռուսաստանից է կախված, պատերազմ չի լինի, վստահեցնում է Լավրովը«Այդ մասին չէինք խոսի, եթե չստանայինք արժանահավատ տեղեկություն»
Ֆեյքերին է անդրադարձել նաև արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Նեդ Փրայսը: Նրա փոխանցմամբ, զոհվածների դիակների, սգավորների և ավերակների վիդեոն պատերազմ սկսելու տարբերակներից մեկն է:
«Մենք չգիտենք՝ արդյոք ռուսներն առաջիկա օրերին դա կօգտագործե՞ն, մենք այդ մասին ասում ենք, որ տեսանելի դառնա Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների ծավալը և որ հետ պահենք ռուսներին այդ վտանգավոր արշավից»,- ասել է Փրայսն, ընդգծելով, որ ամերիկյան կողմն այդ հարցը չէր արծարծի, եթե վստահ չլիներ նշված սցենարի նախապատրաստման վերաբերյալ: «Այդ մասին չէինք խոսի, եթե չստանայինք արժանահավատ տեղեկություն»,- ասել է Փրայսը:
Ռուսատանի ԱԳ նախարարը «զառանցանք» է անվանել ֆեյքերի մասին պնդումը
Ռուսական կողմն արդեն արձագանքել է Պենտագոնի և Պետդեպարտամենտի հրապարակումներին:
Արտգործնախարար Սերգեյ Լավրովը ֆեյք վիդեո նախապատրաստելու մասին տեղեկությունը «զառանցանք» է անվանել:
Ռուսական կողմը նաև հերքել է ԱՄՆ պետական քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի պնդումն այն մասին, թե ռուսներն են կազմակերպել տեղեկատվական արտահոսքը, որի շնորհիվ El Pais իսպանական պարբերականում հրապարակվել է Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի պատասխանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի պահանջներին:
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել է, թե այդ պնդումը «զարմանք է հարուցում»: «Հիշեցնենք, որ նյութերը հրապարակվել են ՆԱՏՕ-ի անդամ և Միացյալ Նահանգների սերտ դաշնակիցը համարվող երկրում»,- ասել են ռուսաստանցի դիվանագետները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը հաստատում է El País-ի հրապարակման իսկությունը«Ոչ թե մեր, այլ Արևմուտքի լրատվամիջոցներն են ֆեյք նկարահանելու»
Ռուսներն էլ սկսել են լուրեր տարածել, թե ոչ թե իրենք, այլ Արևմուտքն է պատրաստվում ֆեյք վիդեոների նկարահանման:
Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետության» միլիցիայի խոսնակ Իվան Ֆիլիպոնենկոն ասել է, թե Դոնբասի հետախուզական կառույցների տվյալներով, Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից և Էստոնիայից Դոնբաս ժամանած լրագրողները մտադիր են նկարահանել Ռուսաստանի ագրեսիայի մասին բեմադրված ռեպորտաժներ:
Դոնբասում դժգոհում են նաև այն կապակցությամբ, որ YouTube-ն արգելափակել է Դոնբասի ժողովրդական միլիցիայի տեղեկատվական ալիքները:
Իրականությանը չհամապատասխանող թվեր 2008-ի պատերազմի մասին
Հավանաբար ամբողջ աշխարհում են որպես հիբրիդային պատերազմի բաղադրիչ օգտագործում տարատեսակ ապատեղեկատվություն և ֆեյք նյութեր:
2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիան գրավելուց առաջ Մոսկվան վաղ առավոտյան հայտնել է, որ վրացիների հարձակման հետևանքով զոհվել է մի քանի հազար խաղաղ բնակիչ, ուստի, Ռուսաստանը պարտավոր է ներխուժել կոտորածը կանխելու համար:
Հետագայում Եվրամիության նախաձեռնությամբ ստեղծված հատուկ հանձնաժողովը, որի ղեկավարը Հայդի Տալիավինին էր, եզրակացրել է, որ նախահարձակն իսկապես Թբիլիսին է եղել, սակայն Հարավային Օսիայում տեղացի զինվորների և խաղաղ բնակիչների զոհերի ընդհանուր թիվը 365 է: Դա, իհարկե, ողբերգություն է, բայց մի քանի հազար չէ:
2014-ին էլ ռուսական Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում մի կին պատմել է, թե ինչպես են անգութ, չար ուկրաինացի զինվորները Սլավյանսկում՝ Լենինի հրապարակում բազմության աչքի առաջ խաչել մի պստիկ տղայի:
Ոչ մի ֆոտո, ոչ մի վիդեո չի եղել, հրապարակում ներկա մեծ թվով մարդկանցից ընդամենը մեկն է իր վրա վերցրել սարսափելի բովանդակությամբ պատմության մասին խոսելու պատասխանատվությունը:
Հետագայում պարզվել է, որ այդ կինը երկու անգամ՝ իրար հակասող և չհամընկնող դրվագներով, նույն լրագրողին է պատմել խաչված երեխայի մասին: Այդ սյուժեն առայսօր համարվում է ռուսական պրոպագանդայի ամենաանհաջող ֆեյքերից մեկը: