Մատչելիության հղումներ

Սալիվան. «Եթե սեղանին դնեմ ատրճանակս և ասեմ, թե խաղաղությամբ եմ եկել, դա սպառնալիք կլինի»


Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Սալիվանը դուրս է գալիս ԱԳՆ շենքից, Մոսկվա, 26 հունվարի, 2022թ.
Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Սալիվանը դուրս է գալիս ԱԳՆ շենքից, Մոսկվա, 26 հունվարի, 2022թ.

Միացյալ Նահանգները վերստին Ռուսաստանին կոչ է անում հետ քաշել Ուկրաինայի սահմանի մոտ տեղակայած զորքը, քանի որ դրա ներկայությունը կարող է վկայել հարձակվելու մտադրության մասին:

Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Սալիվանի փոխանցմամբ, Վաշինգտոնը սպասում է, թե ինչ պատասխան կտա Ռուսաստանն Ուկրաինայի շուրջ ճգնաժամը դիվանագիտական եղանակով կարգավորելու վերաբերյալ ամերիկյան կողմի գրավոր առաջարկներին:

Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ամերիկացի և ռուսաստանցի դիվանագետների նոր հանդիպում: Դեսպանի խոսքով, «առաջ տանող միակ ճանապարհը դիվանագիտությունն է»: Միաժամանակ նա ընդգծել է, որ դա հնարավոր կլինի միայն սահմաններից ռուսական զորքը հետ քաշելու դեպքում:

Արևմուտքի հետախուզական կառույցների փոխանցմամբ, Ռուսաստանն այս պահին Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայել է շուրջ 100 հազարի հասնող բանակ:

«Եթե ես սեղանին դնեմ ատրճանակս և ասեմ, թե խաղաղությամբ եմ եկել՝ դա սպառնալիք կլինի»,- ասել է Սալիվանը:

Դեսպանի խոսքով, տնտեսական պատժամիջոցները կդառնան Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանն արձագանքելու սոսկ մեկ միջոցը: Մնացածների թվում կլինեն արտահանման հսկողությունը, Եվրոպայի դաշնակիցների հզորացումը և Ռուսաստանից Գերմանիա Բալթյան ծովի հատակով անցկացված «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի աշխատանքի արգելափակումը:

Արևմուտքի վերլուծաբանները չեն բացառում, որ Ուկրաինայի վրա գրոհի դեպքում Ռուսաստանն ի շարս այլ պատժիչ միջոցների՝ կարող է նաև անջատվել համաշխարհային ֆինանսական փոխանցումներ ապահովող SWIFT համակարգից:

XS
SM
MD
LG