Կարմիր խաչը կմնա՞ Արցախում, թե՝ ոչ. առայժմ պաշտոնապես չի հստակեցվում

Երկրորդ օրն է՝ պաշտոնապես չի հստակեցվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կմնա՞ Արցախում, թե՝ ոչ․ Բաքուն ու Երևանը դեռ հեռավար, միմյանց հակասող ուղերձներ են փոխանակում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր երեկվա հայտարարությանը, թե Բաքուն փորձում է սահմանափակել հումանիտար կազմակերպության աշխատանքը Արցախում։ Միրզոյանը սահմանափակվել է միայն կարճ մեկնաբանությամբ։

«Մենք շատ ինտենսիվ քննարկումների մեջ ենք և՛ Կարմիր խաչի, և՛ մյուս միջազգային կազմակերպությունների հետ», - հայտարարեց Միրզոյանը:

Արտաքին գերատեսչության ղեկավարը երեկ Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարի հետ ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում էր խնդրին անդրադարձել, շեշտելով՝ Ադրբեջանական կողմը նաև մարդասիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքն է ցանկանում խաթարել՝ քաղաքական դրդապատճառներով։

«Նրանք պարտադրում են ոչ միայն այլ միջազգային կառույցների, այլև նույնիսկ միջազգային Կարմիր խաչի կոմիտեին, որ մաքուր հումանիստական, հումանիտար, մարդասիրական կազմակերպություն է, մարդասիրական նպատակներ հետապնդող կազմակերպություն է և որևէ քաղաքական ենթաշերտ և կոնտեքստ չունի, և ահա Ադրբեջանը պարտադրում է նույնիսկ միջազգային Կարմիր խաչին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որը իրենք են տեսնում։ Սա միակ կազմակերպությունն է, որը այս տարիների ընթացքում ունեցել է ներկայություն, մուտք ու ելք է ունեցել Լեռնային Ղարաբաղ։ Եվ այժմ Ադրբեջանը, ըստ էության, նույնիսկ սա է սահմանափակում», - նշեց Միրզոյանը։

Պաշտոնական Բաքուն փաստացի չի հերքում Երևանի պնդումները։ Երեկ Ադրբեջանի, արտգործնախարարությունն արձագանքելով Արարատ Միրզոյանին, հայտարարել էր. «Մեր երկրի ինքնիշխան հողերում ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը միջազգային կազմակերպության և Ադրբեջանի երկկողմ հարցն է»։

Տևական ժամանակ է, ինչ խոսվում է, որ պաշտոնական Բաքուն խոչընդոտում է միջազգային կազմակերպությունների մուտքը Արցախ: Պատերազմից հետո ոչ մի անգամ Ստեփանակերտ չեն այցելել ղարաբաղյան խնդրով զբաղվող Մինսկի խմբի միջնորդները, թեև նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել անցած սեպտեմբերին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից դեռ չեն մեկնաբանում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի բարձրացրած խնդիրը։ Կազմակերպությունից հավաստիացնում են՝ առաջիկայում լրացուցիչ մեկնաբանություն կտրամադրեն։ Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը գործում է սովորականի պես, հայտնում են գրասենյակից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարմիր խաչը հնգապատկել է Ղարաբաղի առաքելության ֆինանսավորումը

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը Կարմիր խաչի հումանիտար գործունեությունը հատկապես պատերազմից հետո անհրաժեշտություն է համարում Արցախի համար։ Այս ընթացքում բազմաթիվ հարցեր հենց կազմակերպության շնորհիվ են լուծվել, հայտնում են գրասենյակից՝ առանց այլ հավելյալ մեկնաբանությունների։

1992 թվականից Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրեր իրականացնող Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի արցախյան առաքելությունը վերջին մեկուկես տարում էլ պատերազմի հետևանքով տուժած բազմաթիվ քաղաքացիների է աջակցել։ Ջերմոցներ են կառուցվել, հազարավոր արցախցիների սնունդ ու այլ անհրաժեշտ պարագաներ են տրվել, դպրոցներին՝ տարբեր սարքեր, ջրային տնտեսություններին՝ ամենագնացներ և այլ սոցիալական ծրագրեր են իրականացվել։ Կոմիտեն ռուս խաղաղապահների հետ մասնակցել է նաև զոհված զինծառայողների դիերի որոնման ու դուրսբերման աշխատանքներին։ Կազմակերպությունը գործունեություն է ծավալում աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ չճանաչված պետություններում։