Հայաստանը կոչ է արել ԵԱՀԿ նախագահությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ գործուն միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի սադրանքները, և վերսկսելու հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը:
ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանն ընդգծել է՝ ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառումը չի կարող «լուծել» որևէ հակամարտություն և ադրբեջանական կողմից ուժի կիրառումը, որպես հակամարտության կարգավորման լեգիտիմ գործիքի ներկայացումը վտանգում է ԵԱՀԿ-ի տարածաշրջանի անվտանգությունը և վարկաբեկում հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպությունները՝ այդ թվում ԵԱՀԿ-ն:
Ներկայացնելով «Հայաստանի ինքնիշխան տարածք 2021-ի մայիսի 12-ից ներխուժած ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից 2022-ի հունվարի 11-ին հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ կազմակերպած սադրիչ գործողությունները», ինչի արդյունքում հայկական կողմը երեք զոհ ունեցավ՝ դեսպանը շեշտել է՝ վերջին օրերին Բաքվից հնչող հայատյաց և, միևնույն ժամանակ, «ինքնախոստովանական» հայտարարությունները հաստատում են, որ այդ բախումները նախաձեռնել է Ադրբեջանը։
Խոսելով Բաքվում պահվող հայ ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև բռնի անհետացումների խնդիրներին՝ Պապիկյանը շեշտել է՝ խնդիրները չեն հանգուցալուծվել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունների ոտնահարման հետևանքով:
Դեսպանը կոչ է արել ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտությունը
Դեսպանը կոչ է արել ԵԱՀԿ լեհական նախագահությանը ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտությունը, և հույս հայտնել, որ Լեհաստանի նախագահությունը միջազգային այլ գործընկերների հետ միասին կօգտագործի առկա գործիքակազմը՝ Ադրբեջանին հստակ և միանշանակ ուղերձ հղելու համար, որ ուժի շարունակական կիրառումը չի կարող հանդուրժվել և անհետևանք մնալ։
«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր սադրանքները, դուրս բերի իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, դադարեցնի լարվածության սրումը թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Արցախի հետ շփման գծում և կատարի իր ստանձնած պարտավորությունները», - եզրափակել է Պապիկյանը։
Ադրբեջանի նախագահը քանիցս հայտարարել է, թե հակամարտությունն այլևս լուծված է։ Հայկական կողմը, ինչպես նաև միջնորդական խմբի երեք գերտերությունները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը, մինչդեռ, պարբերաբար հայտարարում են, որ մի շարք խնդիրներ դեռևս լուծված չեն, և անհրաժեշտ է շարունակել բանակցությունները հակամարտության համապարփակ կարգավորմանը հասնելու համար։