Արմեն Սարգսյանի հրաժարականի հիմնավորումը համոզիչ չէ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ ընդգծելով՝ հրաժարականի պատճառները քաղաքական են։
«Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելիս շատ լավ գիտեր այդ լիազորությունների շրջանակը և շատ լավ պատկերացնում էր, որ նախագահի պաշտոնը Հայաստանում, մեծ հաշվով, խորհրդանշական պաշտոն է՝ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում։ Էստեղ, հետևաբար, պատճառները թերևս ավելի քաղաքական են, և էս առնչությամբ տարբեր ենթադրություններ, տարբեր հավանական և անհավանական վարկածների շուրջ մանիպուլյացիաներ թույլ չտալու համար, շատ ճիշտ կլինի, եթե նախագահ Սարգսյանն ավելի հանգամանալից ներկայացնի այդ պատճառները»։
Թավշյա հեղափոխությունից առաջ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ունենալու էր կարևորագույն բալանսավորող գործոն, ասաց Բադալյանը՝ շեշտելով՝ մեծ հաշվով սա էր թերևս Սերժ Սարգսյանի հետ նրա քաղաքական համաձայնության առանցքում։
«Թավշյա հեղափոխությունց հետո այդ բալանսն ամբողջապես խախտվել էր շատ օբյեկտիվ պատճառներով․ ձևավորվեց միաբևեռ քաղաքական իրավիճակ՝ դարձյալ հեղափոխությունից բխող օբյեկտիվ պատճառներով, և այստեղ Արմեն Սարգսյանի խնդիրն իսկապես հայտնվեց բոլորովին այլ քաղաքական միջավայրում և նախագահն իսկապես հայտնվեց քաղաքական ավելորդության վիճակում», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Բադալյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․