Հանրապետության նախագահի պաշտոնում ո՞ւմ թեկնածությունն է առաջադրելու իշխանությունը, հարցի պատասխանը իշխանականները դեռ չունեն։ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողներին վստահեցրեց, որ այս պահին որևէ որոշում չունեն։
«Այս պահի դրությամբ որևէ որոշում չկա, քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորություններ», - նշեց Աղաջանյանը:
Արդյոք քննարկվող թեկնածուների թվո՞ւմ է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, երկու օր է մամուլում շրջանառվում է նրա անունը։ «Տվյալ պահին որոշում չկա, և քննարկումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որոշումը կկայացվի, բնականաբար, սահմանված ժամկետների շրջանակներում», - ասաց Էդուարդ Աղաջանյանը:
Մամուլում տարբեր թեկնածուների անուններ են շրջանառվում, որ իշխող կուսակցությունից չեն։ Օրինակ՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ էդմոն Մարուքյանի անունները։ Մարուքյանն այսօր «Ազատության» եթերում վստահեցրել է, որ իշխանությունից առաջարկ չի ստացել։
«Նախ անլուրջ է չստացած որևէ առաջարկ մեկնաբանել, նույնը մարդու իրավունքների պաշտպանի ժամանակ էր, նույնը՝ գլխավոր դատախազի: Չի էլ կարող լինել նման առաջարկ հիմա, ինչո՞ւ, որովհետև նախագահը դեռևս գործում է և ուժի մեջ չի մտել նրա հրաժարականը», - ասաց Մարուքյանը:
Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններն էլ կարող են նախագահի թեկնածու առաջադրել, սակայն այստեղ էլ դեռ հստակություն չկա։
Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնից հրաժարական տվեց հունվարի 23-ին, կիրակի երեկոյան, արտերկրից։ Չորս տարի պաշտոնավարելուց հետո հայտարարեց, թե պարադոքսալ իրավիճակ է, Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք:
Սահմանադրությամբ նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանում մշտապես բնակվող յուրաքանչյուր անձ։ Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Նախագահի ընտրության համար անհրաժեշտ է 81 ձայն, իշխող խմբակցությունը առաջին փուլում միայնակ չի կարող ընտրել, քանի որ 71 պատգամավոր ունի։ Սահմանադրությամբ նախատեսվում է երեք փուլ։ Երկրորդ և երրորդ փուլերի համար ավելի պակաս քվե է անհրաժեշտ՝ 65 և 54 ձայն, երկրորդ փուլում իշխող թիմը արդեն միայնակ կարող է իր առաջադրած թեկնածուին նախագահ ընտրել։ Նախագահը պաշտոնավարում է 7 տարով և միայն մեկ անգամ կարող է ընտրվել։ Իսկ ընտրությունը պետք է լինի նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո։
Եթե Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը ետ չվերցնի, ապա ամենայն հավանականությամբ, Հայաստանի հաջորդ նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 25-ից սկսած տասն օրվա ընթացքում։