Բաքուն դեռ չի հստակեցրել՝ սահմանազատման հարցով առաջարկներից որն է իր համար անընդունելի․ Միրզոյան

Դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով առաջարկներից որն է Բաքվի համար անընդունելի, հայկական կողմը հստակեցումներ դեռ չունի, այսօր «Եռաբլուրում», «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով՝ հստակեցումները ճշգրտման փուլում են։

Ճշտող հարցին՝ սպասո՞ւմ են ադրբեջանական կողմի առաջարկներին, թե՞ նոր առաջարկներ կներակայցնեն, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ - «Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է։ Հիմա փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, և, ըստ այդմ, ինչպիսի նոր լուծումներ կարող են լինել»։

Երևանի և Բաքվի միջև հեռակա բանավեճը սկսվեց, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե հայկական կողմը սահմանազատման հարցով առաջարկներ է փոխանցել Բաքվին`Մոսկվայի միջոցով: Փաստաթղթի ու առաջարկների մանրամասները կողմերից որևէ մեկը մինչ օրս չի գաղտնազերծել: Սակայն, Ադրբեջանի արտգործնախարարը, Վիեննայում հայտարարել է, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու համար՝ շեշտելով, որ սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարևոր բաղադրիչ է, և Բաքուն հանդես է գալիս այն անհապաղ և առանց նախապայմանների սկսելու օգտին։ Երևանն էլ արձագանքելով՝ հայտարարեց՝ սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի մերժման դեպքում շարունակելու ենք աշխատել դիվանագիտական միջոցներով. Արմեն Գրիգորյան