Մատչելիության հղումներ

Երևանը նոր առաջարկներ է ներկայացրել սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով․ Լավրով


Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին։ Այդ մասին այսօրվա ասուլիսում հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը։

«Բառացիորեն երեկ ես շփվել եմ Հայաստանի իմ գործընկերոջ հետ, որի մոտ նոր առաջարկներ կան, դրանք մենք կփոխանցենք Բաքվին»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը կողմ է սահմանազատման շուտափույթ աշխատանքներին՝ ընդգծելով, որ այդ գործընթացը կապ չունի Լեռնային Ղարաբաղի շրջանի ու կարգավորման խնդրի հետ․ «Մենք հանդես ենք գալիս՝ որքան հնարավոր է շուտ ձեռնամուխ լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծմանը։ Դա չի վերաբերում Ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման հարցերին։ Այն զուտ երկկողմ հարց է, որն արդեն գրեթե մեկ տարի մենք առաջակում ենք՝ սկսել մշակումները, դրա համար ստեղծելով սահմանագծման ու սահմանազտման հանձնաժողով»։

Ռուսաստանի դերի մասին Լավրովն ասել է, թե առաջարկում են այդ հանձնաժողովում խորհրդատու ընդգրկվել՝ հաշվի առնելով ռուսական գլխավոր շտաբում, այլ կառույցներում գոյություն ունեցող քարտեզները, որտեղ արտացոլված են նախկին ԽՍՀՄ ձևավորման տարբեր փուլերն ու միութենական հանրապետությունների միջև վարչական սահմանների փոփոխությունները։

Նա ասել է, որ սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողով ստեղծելու համար կողմերի համապատասխան առաջարկներ կան, ու որպեսզի հաձնաժողովը ստեղծվի, առաջին հերթին պետք է համաձայնեցնել պայմանները, որոնք հիմա քննարկվում են, բայց այնտեղ տարաձայնություններ կան․ «Մեր դիրքորոշումը հստակ է՝ պետք է նստել ու արդեն պաշտոնապաես ձևավորված հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր այն հարցերը, որոնք հիմա դեռ մնում են չհամաձայնեցված»։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու խնդիրներին այսօրվա ասուլիսում Լավրովն անդրադարձել է՝ պատասխանելով հայ և ադրբեջանցի լրագրողների հարցերին։

Նա հաստատել է, որ նոյեմբերին Սոչիում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունները հույս էին ներշնչել, որ հանձնաժողովը շուտով կձևավորվի։

«Սոչիում իրոք կար սկզբունքային համաձայնություն, և նույնիսկ մամուլի հետ շփումներում հույս էր հայտնվել, որ հանձնաժողովը կձևավորվի մինչև 2021 թվականի ավարտը, բայց կյանքը բարդ է, հանձնաժողովի ստեղծման առաջընթացը իրոք բավարար չէ, բայց մենք աշխատում ենք, կտեսնենք՝ ինչպես անել, որ հանձնաժողովը որքան հնարավոր է շուտ աշխատի»,- ասել նա։

Տարաձայնությունների մասին Լավրովի նշել է՝ «ինչ պետք է անել, որ այն սկսի աշխատել, դա բարդ կլինի»։ «Այդ թեմայի քննարկումների ընթացքում մենք համոզվել ենք, որ օպտիմալը այդ հանձնաժողովը ստեղծելն է, օրակարգում ընդգրկելով այն հարցերը, որոնք պետք է լուծվեն առաջնահերթության կարգով»։

Սահմանազատման հանձնաժողով ձվավորելու վերաբերյալ «Ազատությունը» հարցում է ուղարկել Հայաստանի արտգործնախարարություն, թե հայական կողմից ինչ նոր առաջարկներ են ներկայացվել, պատասխան դեռ չկա։

XS
SM
MD
LG