Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է, այսօր «Արմենպրեսի» խնդրանքով, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակն՝ ընդգծելով՝ «կարծում եմ՝ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա»:
Վահան Հունանյանի խոսքով՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում։
«Պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում», նաև նշել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը՝ եզրափակելով․ - «Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»։
«Սահմանագծման դեպքում ՀՀ որևէ համայնք, կամ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող»
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, այդուամենայնիվ որոշ չակերտներ բացեց՝ նշելով, որ առաջարկությունները ներառում են նաև Հայաստանի որոշ գյուղերի կողքով, միջով անցնող սահմանագծի լուծումներ։
«Մեր առաջարկությունները նաև ներառում են նման իրավիճակների լուծումներ, դրա համար այնտեղ, որտեղ բնակավայրեր կան, սահմանապահ զորքերը կանգնելու են հենց բնակավայրի՝ դեպի սահմանին մոտ երկայնքով, լուծումն այդպիսինն է բնակավայրերի դեպքում», - ասաց Գրիգորյանը՝ շեշտելով՝ սահմանազատման, սահմանագծման գործընթացի դեպքում Հայաստանի Հանրապետության որևէ համայնք, կամ Հայաստանի Հանրապետության տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող, նման հարց չկա։