Շաբաթվա սկզբին Միացյալ Նահանգները կներկայացնի իր հաջորդ դիվանագիտական քայլերը՝ կապված Ուկրաինայում ռուսական սպառնալիքների և, այսպես կոչված, անվտանգության երաշխիքների քննարկման հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն քննարկումներ է վարում «դաշնակիցների և գործընկերների», այդ թվում՝ Ուկրաինայի հետ, և առաջիկա քայլերը համակարգված կլինեն:
«Բայց առանցքային կետն այստեղ այն է, որ մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման: Եթե Ռուսաստանը ցանկանում է առաջ շարժվել դիվանագիտական ճանապարհով, մենք բացարձակապես պատրաստ ենք դա անել մեր դաշնակիցների ու գործընկերների հետ համընթաց։ Եթե Ռուսաստանը ցանկանա գնալ ներխուժման և էսկալացիայի ճանապարհով, մենք նույնպես պատրաստ ենք դրան վճռական պատասխան տալ», - նշել է Սալիվանը։
Ընդորում՝ Միացյալ Նահանգները վճռական պատասխանի մասին խոսելիս հիշատակում է աննախադեպ կոշտ պատժամիջոցները, այդ թվում՝ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Ուկրաինային հնարավոր ռազմական օգնության մասին Վաշինգտոնը և Բրյուսելը գերադասում են չխոսել:
Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև կայացած բանակցություններից և անցյալ շաբաթ Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո ռուս ներկայացուցիչները հայտարարել են, որ Արևմուտքից ակնկալում են գրավոր պատասխան դեկտեմբերին իրենց ներկայացրած պահանջներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը կարծում է, որ Արևմուտքը կընդունի դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը բացառելու մասին Ռուսաստանի պահանջըԴրանց թվում է ՆԱՏՕ-ին նոր երկրների անդամակցությունից, Ուկրաինայի հետ ռազմական համագործակցությունից հրաժարվելը, 1997 թվականից հետո դաշինքին անդամակցած երկրներից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը: Չնայած այդ պահանջների մեծ մասը միանշանակ մերժվել էր բանակցությունների ընթացքում, Ռուսաստանը պնդում է գրավոր պատասխանի վրա։ Սալիվանը չի ասել՝ նման պատասխան կտրվի, թե ոչ, և չի պարզաբանել, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը։
Պեսկովը չի հերքել ռուսական զորքի կուտակումը Ուկրաինայի հետ սահմանին
Մինչդեռ Մոսկվան հայտարարում է, թե զորքերը Ուկրաինայի հետ սահմանից հետ չի քաշի։ Մոսկվան ընդհանրապես պնդում է, թե զորքերի տեղակայումը սեփական տարածքում Ռուսաստանի իրավունքն է։ CNN-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հերքել ռուսական զորքի կուտակումը Ուկրաինայի հետ սահմանին, սակայն ընդգծել է․ «Ռուսաստանը ռազմական հակամարտություն չի պատրաստում և մեղադրել Է ՆԱՏՕ-ի երկրներին լարվածության սրման մեջ»:
Սակայն ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Մոսկվան «ռազմական» կամ «ռազմատեխնիկական» պատասխան կտա այն դեպքում, եթե նրա պահանջները մերժվեն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի խոսել բանակցությունների ընթացքի մասին։ Նրա խոսնակը նույնպես չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլերի կարող է դիմել Մոսկվան՝ ընդգծելով, որ ռազմական գործողություններ Ռուսաստանը չի ծրագրում:
«Մենք չենք խոսում ռազմական գործողությունների մասին, խելագարություն կլիներ դա անել։ Բայց ՆԱՏՕ-ի ընդլայնման դեպքում մենք պատրաստ ենք որոշակի հակամիջոցներ ընդունել», - նշել է Պեսկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան նոր զորավարժություններ է սկսել Ուկրաինային սահմանակից մարզերումԱվելի վաղ Միացյալ նահանգները հայտարարել էր, թե տեղեկություններ ունի Ուկրաինայի տարածք լայնամասշտաբ ներխուժման պատրվակ ստեղծելու նպատակով հատուկ պատրաստված օպերատիվ-հետախուզական միջոցների օգտագործմամբ դիվերսիա կազմակերպելու ռուսական ծրագրերի մասին: Ուկրաինան էլ, իր հերթին, Ռուսաստանին մեղադրել է զանգվածային կիբերհարձակումների մեջ։ Պեսկովը երկու մեղադրանքներն էլ հերքել է՝ հավելելով, թե չնայած ճգնաժամային իրավիճակին հավատում է, որ նախագահներ Պուտինի և Բայդենի քաղաքական իմաստությունը թույլ կտա գտնել փոխզիջումային տարբերակներ։