ԱՄՆ Կոնգրեսում Ռոբերտ Մենենդեսի գլխավորած մի խումբ դեմոկրատ սենատորներ ներկայացրել են օրինագիծ, որով պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի ղեկավարների նկատմամբ այն դեպքում, եթե ռուսները համարձակվեն ներխուժել Ուկրաինա: Նախաձեռնության անվանումն է «Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության 2022 թվականի օրենք»:
Օրինագծով ենթադրվում է պատերազմի պարագայում պատժամիջոցներ սահմանել նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և բարձրաստիճան այլ ղեկավարների նկատմամբ:
Նախագիծը պետք է քննարկվի Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովում, որի նախագահը Մենենդեսն է:
Ըստ գործող կարգի, Սենատը և Ներկայացուցիչների տունը պետք է հավանություն տան օրինագծին, ինչից հետո այն վավերացման համար կփոխանցվի նախագահ Ջո Բայդենին:
Ռուսական կողմն արդեն նախազգուշացրել է, որ օրինագծի ընդունումն ու իրագործումը կդիտվի որպես աննախադեպ քայլ, որը չափազանց ծանր հարված կհասցնի երկու գերտերությունների առանց այն էլ բարդ հարաբերություններին:
«Պետության ղեկավարի, Ռուսաստանի ղեկավարի նկատմամբ պատժամիջոցի սահմանումը ծայրահեղ միջոց է, այն համեմատելի է միայն հարաբերությունները խզելու հետ», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ընդգծել, որ Վաշինգտոնի կողմից նման քայլին Մոսկվան անմիջապես կտա համարժեք պատասխան:
Խոսնակի փոխանցմամբ՝ Ժնևում, Բրյուսելում և Վիեննայում տեղի ունեցած բանակցությունների օրերին պատժամիջոցի մասին լուրի հրապարակումը պատահական չէ և Մոսկվայի վրա ճնշում բանեցնելու նպատակ է հետապնդել:
Այս շաբաթվա ընթացքում Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ:
Ռուսաստանը պահանջում է անվտանգության երաշխիքներ ու մասնավորապես խոստում առ այն, որ նախկին խորհրդային երկրները՝ Ուկրաինան և Վրաստանը չեն անդամակցի ՆԱՏՕ-ին:
Հյուսիսատլանտյան դաշինքը պատասխանել է, որ Ռուսաստանը չունի ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցում որևէ պահանջ ներկայացնելու իրավունք:
Բրյուսելում վերստին հստակ ասել են, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են, և ցանկացած երկիր կարող է դրան միանալ, եթե քաղաքական, ռազմական և այլ առումներով համապատասխանի դաշինքի չափանիշներին:
Արևմուտքի և Ռուսաստանի պատվիրակների փոխանցմամբ՝ բանակցություններում առաջխաղացում չի գրանցվել, սակայն կողմերը կփորձեն շարունակել երկխոսությունը: