Մատչելիության հղումներ

Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում պատժամիջոցները կհասնեն 10 բալլի․ Բրայան Ուիթմոր


Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում, 10 բալլանոց սանդղակով, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կհասնեն 10 բալլի, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Atlantic Concill հետազոտական կենտրոնի փորձագետ Բրայան Ուիթմորը։

Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին ուրբաթ օրը հայտարարեց, թե ամերիկյան հետախուզական կառույցների տվյալներով, Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալները նախապատրաստում են սադրիչ գործողություններ, որոնք հետագայում հնարավոր կլինի օգտագործել որպես Ուկրաինայի վրա հարձակվելու պատրվակ: Ավելի ուշ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հաստատեց, որ պաշտպանության նախարարությունն էլ ունի ռուսների կողմից Ուկրաինայում սադրանքներ նախապատրաստելու մասին տեղեկություններ: New York Times-ն էլ հաղորդեց, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է զինել ուկրաինական ապստամբ ուժերին, որոնք պարտիզանական հարձակումներ կարող են սկսել ռուսական ուժերի դեմ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։

Ուիթմորի խոսքով՝ այդ տարբերակն իսկապես քննարկվել է Վաշինգտոնում։

«Ուկրաինայում ռուսական ներխուժման դեպքում պոտենցիալ պարտիզանական գործողությունների զինումը մի բան է, որը քննարկվել է այս ճգնաժամի ընթացքում՝ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ դաշնակիցների շրջանում։ Ուկրաինայի զինված ուժերը ծրագրում են դա վերածել պարտիզանական գործողությունների և Արևմուտքում Ուկրաինայի բարեկամներն, ըստ երևույթին, պատրաստ են օգնել նրանց այդ հարցում», - ասաց փորձագետը՝ շեշտելով՝ սա մի մասն է այն ռազմավարության, որը Միացյալ Նահանգներում շատերն անվանում են փշոտ խոզուկի՝ դիկոբրազի ռազմավարություն. - «Այսինքն՝ Ուկրաինան Ռուսաստանի համար հնարավորինս անմարսելի դարձնելը։ Դա անշուշտ կներառի Ուկրաինայի պաշտպանական ոլորտի համար օգնություն տրամադրելը՝ հնարավոր պարտիզանական գործողությունների պարագայի համար։ Սա Արևմուտքի ավելի լայն ռազմավարության մի մասն է»։

Ուիթմորի խոսքով՝ հաջորդ քայլով ՆԱՏՕ-ի զորքերը կտեղաշարժվեն դեպի սահմանակից երկրներ՝ Բալթյան պետություններ և Լեհաստան, որն էլ կնշանակի նաև այնպիսի կոշտ պատժամիջոցներ ինչպիսին Ռուսաստանը դեռ չի տեսել։

«Խստությամբ 1-ից 10 բալլանի սանդղակով այժմ պատժամիջոցները մոտավորապես գտնվում են 2-ի վրա, ու եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ապա մենք կտեսնենք, որ պատժամիջոցները կհասցվեն մինչև 8 կամ 9, նույնիսկ 10 բալլ», - ասաց փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG