Փաստացի իշխանություն չունեցող Վանաձորում ավագանի անցած կուսակցությունները չեն բացառում, որ նոր ավագանու նիստեր այդպես էլ տեղի չեն ունենա, և համայնքը նոր ընտրությունների կգնա։ Մեկ ամիս առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո մանդատ ստացած 33 անդամներն այդպես էլ համայնքի ղեկավար չընտրեցին։
Ընդամենը մի քանի ձայնի պատճառով ավագանիում մանդատ չստացած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատարանում վիճարկել էր քվեարկության արդյունքները։ Մինչև այսօր թե՛ վարչական և թե՛ վճռաբեկ վարչական դատարանները մերժել են ԼՀԿ-ի հայցը։ Կուսակցությունից «Ազատությանն» ասացին՝ հավանաբար կդիմեն նաև վճռաբեկ դատարան։ Այդ ընթացքում նորընտիր ավագանին նիստեր գումարելու իրավունք չի ունենա։ Բայց մինչ դատարաններում կվճռեն «Լուսավոր Հայաստանի»՝ Վանաձորի ավագանիում մանդատ ունենալ-չունենալու հարցը, մյուս խմբակցություններում ասում են՝ անորոշություն է՝ չբացառելով, որ Վանաձորում բոյկոտի ճանապարհով հնարավոր են նոր ընտրություններ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորում քաղաքական ուժերը միմյանց են մեղադրում համայնքի ղեկավարի ընտրությունը տապալելու հարցում9 մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ընտրություններից հետո իր մանդատից հրաժարված Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պնդում է՝ կուսակցությունն այլ քաղաքական ուժերի հետ համաձայնություն չունի. «Եթե քաղաքական ուժերն իրար հետ ընդհանուր հայտարարի էլ չգան, չեն բացառվում արտահերթ ընտրությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պիտի քննարկի և նոր որոշում կայացնի։ Դա (բոյկոտը- խմբ.) էլ է քաղաքական պրոցես, դա էլ է սցենարներից մեկը, բայց նորից եմ ասում՝ հիմա «Քաղաքացիական պայմանագիրը» որևիցե որոշում չունի»։
Վանաձորի ավագանիում Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը ևս չբացառեց՝ հնարավոր է, որ դեռևս նիստեր չանցկացրած ավագանին լուծարվի. «Չենք խոսացել, ոչինչ չի որոշվել։ Դեռ չգիտենք՝ նիստ լինելու է, թե չի լինելու, ինչ են որոշելու, դեռ անորոշություն է։ Անորոշությունը նա է, որ կարող է պատահի՝ ցրեն էլի»։
Ամենաշատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն դեռ ազատազրկված է։ Նա դեկտեմբերի 15-ին՝ համայնքի ղեկավարի ընտրությունից օրեր առաջ, երկու ամսով կալանավորվեց իր պաշտոնավարման տարիներին կատարած հնարավոր հանցանքների համար։
Երեկ համայնքապետարանում էին Քննչական կոմիտեի քննիչները։ Մանրամասներ չասացին, բայց նշեցին, որ քննչական գործողություններ են իրականացնում։
Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ իրավապահները համայնքապետարանում էին Մամիկոն Ասլանյանին վերաբերող քրեական գործով։
Անցած տարեվերջին մտավախություն կար, թե համայնքապետարանի ղեկավար անձնակազմի բացակայության պայմաններում աշխատավարձ չի վճարվի, աղբահանությունն ու փողոցների մաքրումը կդադարեցվեն։ Բայց համայնքապետարանի ենթակայության բոլոր հիմնարկներում աշխատավարձ ստացել են, երեկ տեղացած ձյունից հետո հիմնական փողոցները մերկասառույցից մաքրվել են։ Նախորդ օրերին աղբարկղերի մոտ աղբի կուտակումներ կային, բայց երեկվանից արդեն տեսանելի էր, որ աղբը տեղափոխվել է։
Դեռ մեկ ամիս առաջ պաշտոնից հեռացած համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանի օրոք եռամսյա մրցույթ են իրականացրել ու պայմանագիր կնքել համայնքում կոմունալ ծառայություններ իրականացնող կազմակերպությունների հետ, որոնք Վանաձորի ղեկավարների լինել-չլինելուց անկախ, կիրականացնեն այդ ծառայությունները։ Եթե Վանաձոր քաղաքում որոշակի լուծվել են այս խնդիրները, ապա խոշորացման արդյունքում Վանաձորին միացած հարակից երեք գյուղերում՝ Դարպասում, Շահումյանում և Գուգարքում դեռ աղբահանության խնդիր կա։
Բնակիչներն են դժգոհում, աղբը Ամանորից հետո այս գյուղերում չի տեղափոխվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի նորընտիր ավագանու անդամներն այսօր ստանում են իրենց մանդատներըՄարզպետն ասաց՝ աղբատար մեքենայի հարցը կարծես լուծել են, այս մասով էլ առաջիկա օրերին, ըստ նրա, այլևս խնդիր չի լինի. «Շահումյան համայնքում մենք ունենք մեքենա, որը պատկանում է Շահումյան համայնքին, աշխատողներ, և այդ մարդկանց ու տեխնիկայի միջոցով մենք մյուս գյուղերում էլ այդ խնդիրը կլուծենք»։
Միևնույն է` Վանաձորում համայնքապետարանի հետ վարձակալության պայմանագրեր կնքելու, անվանափոխություններ անելու, սոցիալական խնդիրներով համայնքի ղեկավարներին դիմելու բոլոր գործառույթները կասեցված են։ Այս տարվա բյուջեն հաստատված չէ։ 5 տարի առաջ Վանաձորում նույն իրավիճակն էր, երբ ավագանի անցած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 10 մանդատներով ուղիղ մեկ տարի բոյկոտում էր նիստերը՝ համարելով, որ Հանրապետական կուսակցությունը «մանդատագողությամբ» խլել է իրենց թեկնածուի համայնքապետ դառնալու հնարավորությունը։ Մեկ տարի շարունակ բյուջե չէր հաստատվում, ավագանու որոշումներ չէին ընդունվում, մինչև որ իրեն ընդդիմադիր հռչակած «Հայկական վերածնունդ» խմբակցությունը, որը ևս միացել էր «Լլուսավոր Հայաստանի» բոյկոտին, կոալիցիոն հուշագիր ստորագրեց Հանրապետականի հետ, և քվորում ապահովելով ավագանին սկսեց գործել։