Այսօր Վանաձորի նորընտիր ավագանու 33 անդամները կստանան իրենց մանդատները։
Դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով 15 մանդատ կունենա արդեն 6 օր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի գլխավորած դաշինքը, 9 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի ցուցակը գլխավորում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, 5 մանդատ՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ համայնքապետի նախկին տեղակալ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ, և 2-ական մանդատ՝ «Հայրենիք» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։
Մինչև կեսօր ընտրված թեկնածուները կարող են ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողով։ Մանդատներն ստանալուց հետո ավագանին օրենքի ուժով պետք է գումարի իր առաջին նիստը։
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք ամենաշատ թվով՝ մոտ 39 տոկոս ձայն ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը կմասնակցի՞ նիստին համայնքապետի իրենց թեկնածուի կալանքի տակ գտնվելու պայմաններում։ Ավագանիում տեղեր ունեցող քաղաքական ուժերը դեռ չեն հայտարարում՝ ինչ միավորումներ կլինեն և համեմատաբար քիչ ձայներ ունեցող կուսակցություններն ում օգտին կքվեարկեն։
Հայտնի չէ նաև՝ համայնքապետի թեկնածու կառաջադրի՞ արդյոք ընդամենը 9 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Օրերս «Ազատությանը» տված հարցազրույցում Լոռու մարզպետը չէր հստակեցրել իրենց քաղաքական դիրքորոշումն ու չէր բացառել թե՛ թեկնածու առաջադրելը, թե՛ այլ քաղաքական ուժերի հետ միավորումը։ «Քաղաքականության մեջ չենք կարող որևիցե բացառություններ անել», - ասել էր Խաչատրյանը։
Հավանական է, որ «Հայրենիք» կուսակցության 2 անդամները կքվեարկեն Մամիկոն Ասլանյանի օգտին՝ այդ դեպքում վերջինս կունենա նախատեսված նվազագույն 17 ձայնը, որ անհրաժեշտ է համայնքապետ դառնալու համար։ Ավագանի անցած մյուս 3 կուսակցություններն անգամ միավորվելու դեպքում չեն կարող ապահովել 50+1 ձայները և ընդամենը 1 քվեով կզիջեն ազատազրկված Ասլանյանի կողմնակիցների ձայներին։ Սակայն եթե վերջինս քվեարկության օրը մնա կալանքի տակ, նրան համայնքապետ դառնալու համար անհրաժեշտ կլինեն նաև մյուս կուսակցությունների անդամների քվեները։ Այսօր թերևս հնարավոր է, որ կուսակցությունները բարձրաձայնեն իրենց քաղաքական մտադրությունների մասին։
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 16-ից կալանավորված է իր պաշտոնավարման տարիներին լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Երեկ նրա փաստաբանները Վերաքննիչ դատարան բողոք են ներկայացրել կալանավորելու որոշումը բեկանելու պահանջով։
Նախօրեին Հայաստանի վարչական դատարանը մերժեց դեկտեմբերի 5-ին Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը, որով 3,97 տոկոս ձայն ստացած կուսակցությունը փորձում էր պաշտպանել մանդատ ունենալու իր իրավունքը։ «Լուսավոր Հայաստան»-ին ընդամենը 0,03 տոկոս՝ 10 ձայն չէր բավարարել անցողիկ շեմի հաղթահարելու և Վանաձորի ավագանիում առնվազն 1 մանդատ ունենալու համար։