Հակակոռուպցիոն կոմիտեն, քննելով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին վերագրվող կոռուպցիոն հանցագործության գործը, ավարտել է նախաքննությունն ու գործն ուղարկել հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար։
18 տարի իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած գեներալ լեյտենանտն, ըստ մեղադրանքի, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 միլիարդ դրամը կամ 4 միլիոն դոլարը։ Նախկին ոստիկանապետը երկրից չբացակայելու ստորագրություն է տվել։
«Կոռուպցիան էս համակարգում կոչնչացնեմ հիմնովին», - հարցազրույցներից մեկում ասել էր Հայաստանի նախկին ոստիկանապետը։
Ժամանակին կոռուպցիան ոչնչացնել խոստացող, իսկ այժմ կոռուպցիոն 6 տարբեր հոդվածներով մեղադրվող 63-ամյա Գասպարյանն, ըստ իրավապահների, 2000-2018-ի ընթացքում, զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, կոռուպցիոն բնույթի այլ արարքներ։ Այս գործողությունների արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ։ Եվ դրանց ծագումը թաքցնելու համար գրանցել է այլ անձանց անուններով։
Քրեական գործում հիշատակվում են նաև Գասպարյանի կինն ու դուստրը, թեև Հակակոռուպցիոն կոմիտեն չի մանրամասնում, թե արդյոք նրանք ևս ունեն մեղադրյալի կարգավիճակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Գասպարյանը դստեր պրոդյուսերին տուն է նվիրել, կնոջն ու մյուս աղջկան՝ կոչումներ շնորհել. ՀՔԾՆրանք անցած տարիներին Գասպարյանի ղեկավարած պետական կառույցներում՝ Ոստիկանությունում ու Ռազմական ոստիկանությունում նշանակվել են տարբեր պաշտոնների, բայց տարիներ շարունակ աշխատանքի չեն ներկայացել։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, աշխատանքի չներկայացած Գասպարյանի կինն ու դուստրը ստացել են ավելի քան 45 միլիոն դրամ աշխատավարձ։
Հայաստանի նախկին ոստիկանապետը, նրա կինը, զոքանչը, դուստրն ու որդին անցնում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություններով, որով զբաղվում է Գլխավոր դատախազությունը։
Բռնագանձման համար կալանքի տակ դրված Գասպարյանների գույքի վերաբերյալ դիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանին։
Դատախազության տվյալներով, բռնագանձման ենթակա է մոտ 168 միլիոն դրամ, ավելի քան 5 միլիոն ռուբլի, Երևանի և Գեղարքունիքի 2 բնակարանները, 3 տները, Կոտայքի մարզում հողամասը, 3 թանկարժեք ավտոմեքենաները։
Գասպարյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, իսկ նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հրաժարվում է «Ազատությանը» որևէ մեկնաբանություն տալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բռնագանձման համար կալանքի տակ է Վլադիմիր Գասպարյանի, նախկին նախարար Արամ Հարությունյանի ու գնդապետ Սերոբ Հարությունյանի գույքը