Մատչելիության հղումներ

Վլադիմիր Գասպարյանը մեղադրանքը չի ընդունում, բայց խոստացել է փոխհատուցել պետությանը պատճառած վնասը


Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին Քննչական կոմիտեն այսօր մեղադրանք է առաջադրել իշխանությունը չարաշահելու համար։ Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է, որ Գասպարյանը իրեն մեղավոր չի ճանաչում և հրաժարվում է քննության այս փուլում ցուցմունքներ տալու։

Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեց, որ թեև Գասպարյանը հրաժարվում է ցուցմունք տալ, սակայն խոստացել է մինչև օրվա ավարտը Քննչական կոմիտեի հաշվին վճարել պետությանը պատճառած առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 22 միլիոն դրամի վնասը:

Մինչդեռ նախկին ազդեցիկ պաշտոնյայի փաստաբանը կրկին Ֆեյսբքում գրել է, թե Գասպարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հետևաբար և՝ որևէ պատճառված վնաս։

«Իմ տեղեկություններով, վնասը վաղուց հատուցվել է այն ենթադրաբար պատճառած այլ անձանց կողմից», - պնդել է Տիգրան Աթանեսյանը:

Ըստ մեղադրանքի, Գասպարյանը 1997-2011-ը թվականները, երբ զբաղեցրել է ռազմական ոստիկանութան պետի, այնուհետև Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, տեղյակ է եղել, որ Պաշտպանության նախարարության զորամասի 3 զինծառայողներ՝ Նելսոն Սարոյանը, Արմեն Մովսեսյանը և Խաչիկ Բադեյանը 2001, 2004, և 2009 թվականներից զորամասում հրամանագրված են եղել որպես ռազմական ոստիկան, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել զինծառայության: Դրա փոխարեն կատարել են այլ աշխատանք՝ նրանցից մեկն աշխատել է որպես Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ։ Երեք զինծառայողներն այս գործով որպես վկա են անցնում։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Վլադիմիր Գասպարյանը Սարգսյանների բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար է չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները և թույլ է տվել իր աշխատողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ:

Քննչական կոմիտեի խոսնակը, վկայակոչելով մեղադրանքը, նշեց, որ Գասպարյանը ցուցում է տվել ենթակա զինծառայողին իրավական ընթացք չտալ տեղի ունեցածին: Բացի այդ, 2010 թվականի դեկտեմբերի 3-ին զբաղեցնելով արդեն Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 5 տարի ժամկետով երկարաձգել է ծառայողներից մեկի զինծառայության ժամկետը: Այս գործողությունների հետևանքով պետական բյուջեից անհիմն վճարվել է մոտ 22 միլիոն դրամ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով վնաս։

«Քննչական կոմիտեն նախաքննության ընթացքում է ձեռք է բերել տվյալներ, ապացույցներ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում, որոնք հիմք են հանդիսացել մեղադրանք առաջադրելու Վլադիմիր Գասպարյանին», - ասաց Նաիրա Հարությունյանը:

Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նաև հայտարարում է, որ իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում, քանի որ այն զավեշտի աստիճանի ակնհայտ անհիմն է և, բացի այդ, սա արդեն 5-րդ թե 6-րդ քրեական գործն է, որը կապվում է Գասպարյանի անվան հետ պաշտոնից ազատվելուց հետո:

«Այդ քրեական գործերից մի քանիսի վարույթը արդեն կարճվել է նախաքննության փուլում: Համոզված ենք, որ այս գործը ևս չունի որևէ իրավական ապագա և կարճվելու է», - գրում է Աթանեսյանը:

Բացի այս քրեական գործից, որը հարուցվել է դեռ 2018-ին, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունը հիշատակվում է ևս երկու գործի շրջանակում։ Երկուսն էլ քննում է Հատուկ քննչական ծառայությունը։

Մեկը վերաբերում է Գասպարյանի առանձատան վերաբերյալ «Hetq.am լրատվական կայքի հրապարակմանը։

Խոսքը «Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի մասին է։ Քրեական գործը հարուցվել էր առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։ Այս քրեական գործով Գասպարյանը որևէ կարգավիճակ չունի, նախաքննությունը շարունակվում է։

Մյուս քրեական գործը վերաբերում է հակամրցակցային գործունեություն ծավալելուն։ Անցած դեկտեմբերին հաղորդվեց, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանապետ Գասպարյանը իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խոստացել է միջամտել և օգնել Երևան - Աբովյան երթուղին իրականացնող «Քինգ դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում՝ եթե վերջինս Ազգային ժողովի ընտրություններում աջակցի Հանրապետական կուսակցությանը: Ըստ Քննչական կոմիտեի, ոստիկանապետը խոստացել է ոստիկանության աշխատակիցների միջոցով խոչընդոտներ ստեղծել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շրջանակներում գործող և նույն երթուղին իրականացնող անվճար ավտոբուսների համար, մինչդեռ «Քինգ դելյուքսին» աջակցել անգամ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում:

Գասպարյանը այս գործով ևս որևէ կարգավիճ չուներ, և «Ազատության» հարցմանն ի պատասխան այսօր Հատուկ քննչական ծառայությունից հաղորդեցին, որ նախկին ոստիկանապետի վերաբերյալ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է կայացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG