Մատչելիության հղումներ

«Պալաչը» պնդում է, թե Վլադիմիր Գասպարյանի մասին հաղորդում չի ներկայացրել իրավապահներին


Արթուր Հարությունյանը, նույն ինքը՝ «Պալաչ» մանկանվամբ հայտնի նախկին գործարարը, «Ազատության» հետ զրույցում այսօր պնդեց՝ նախկին ոստիկնապետ Վլադիմիր Գասպարյանի անվան շուրջ բարձրացած աղմուկը իր հետ որևէ կապ չունի։ Ասաց՝ Գասպարյանի մասին ինքը հաղորդում չի ներկայացրել իրավապահներին, տեղի ունեցածը թյուրըմբռման հետևանք է։

«Երևի ցուցմունքների մեջ թյուրըմբռնում կա, որը որ կուղղվի։ Վլադիմիր Գասպարյանի հետ կապված ոչ մի խնդիր չկա, ես անձամբ խնդիր չունեմ», - նշեց Արթուր Հարությունյանը։

Քննչական կոմիտեն երեկ գործ էր հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, գործն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն։

Թեև այս պահին Գասպարյանին մեղադրանք առաջադրված չէ, սակայն կոմիտեի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նախկին ոստիկանապետը 2012 թվականին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, խոստացել է միջամտել և օգնել Երևան - Աբովյան երթուղին իրականացնող «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս Ազգային ժողովի ընտրություններում աջակցի Հանրապետական կուսակցությանը:

Այս տեղեկություններն Արթուր Հարությունյանն այսօր հերքեց՝ նշելով, թե դա սուտ է։ Ասաց, որ այժմ Բելգիայում է, բայց երբ վերադառնա Հայաստան, կշտկի իրավիճակը, որ Գասպարյանի անունը չարատավորվի։

«Վլադիմիր Գասպարյանը ընդհանրապես ընտրական գործընթացների մեջ ինձ ո՛չ ուղղություն ա տվել, ո՛չ աջակցություն ա առաջարկել կամ ինչ-որ պայմանով բան ա.... նման բան չի եղել։ Կարող է իմ միամտության հետևանքով էլ առաջացած լինի, բայց ես ընդեղ ընդհանուր առմամբ խոսացել եմ, որ ընդհանուր Վլադիմիր Գասպարյանը ժամանակին ասել է, եթե պետք է աջակցեմ ինչ-որ հարցերով, ասենք, մարդը ասել է, որ աջակցեմ էդ անվճար ավտոբուսների հետ կապված, ես շնորհակալություն եմ հայտնել իրան, որ պետք չի աջակցություն։ Այդքան բան։ Վլադիմիր Գասպարյանի հետ ես ընդհանրապես խնդիր չունեմ, իմ խնդիրը Ծառուկյան Գագոյի հետ է», - ընդգծեց Հարությունյանը։

Արթուր Հարությունյանը հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, օգտագործելով իշխանական լծակները, սեփականացրել է իր ունեցվածքը, իրեն թողել ձեռնունյան։

Ըստ քրեական գործի, հենց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ին են անցել Արթուր Հովհաննիսյանի սնանկացած ընկերությունները։ Նա իրավապահներին հայտնել է, որ 2012-16 թվականներին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել այս ընկերությունների գործունեությանը, բարեգործության պատրվակով, իրականացրել են անվճար ուղևորափոխադրումներ, ինչից ինքը կրել է մեծ ֆինանսական կորուստներ, ապա՝ սնանկացել:

Հարությունյանն ասաց, թե նախորդ իշխանության օրոք անիմաստ է համարել դիմել իրավապահներին, սակայն հեղափոխությունից հետո որոշել է քայլ անել։

«Ես դա քրտինքով եմ ստեղծել էդ ամեն ինչը, ո՛չ խլել եմ, ո՛չ գողացել եմ։ Ոնց ասեմ էնքան «բեզպրիդել ա»։ Նույն ինքը ֆիրմա ա բացում, ինքը սեփականատեր ու իմ ունեցվածքը, ամեն ինչը, շենք-շինությունը, անգամ վերջին լուցկու հատիկը տանում ա, իրա անունով ա դարձնում։ Քաղաքականությունից ա խոսում պարոն Ծառուկյանը։ Պարոն Ծառուկյան, ի՞նչ քաղաքականության մասին ես խոսում, դու նայի տես հլը քանի՞ մարդու բիզնես ես բան արել, քանի՞ մարդու ձեռից ես հարցը խլել։ Բարեգործությունից ես խոսում, ի՞նչ բարեգործություն, դա բարի գործ չի», - ասաց նա։

«Ազատության» հարցին, թե պատճառը որն է, որ նման խնդիր է առաջացել իրենց միջև, Արթուր Հարությունյանը պատասխանեց. - «Որովհետև Աբովյան քաղաքում պարոն Ծառուկյանը չի տեսնում ոչ մեկի։ Ինքը մտածեց ոնց կարա, բացի իրանից ընդեղ հանկարծ մեկը լինի, որը որ ունենա շատ ավելի հեղինակություն, վտանգ ա սպառնում իր կարիերային, իր ամեն ինչին»։

Նրա խոսքով, այն, որ Ծառուկյանի հետ քավոր-սանիկ են եղել, անգամ դա չի նպաստել հարաբերությունները կարգավորելուն: Ասաց, որ մինչև իրավապահներին դիմելը անձամբ Ծառուկյանի հետ է հանդիպել ու առաջարկել է իր փոխարեն մարել վարկերը, ապա սեփականացնել ընկերությունները, եթե վերջինիս նպատակը իրեն սնանկացնելն է։

«Ինքը ինձ պատասխանեց՝ Արթուր ջան, էս ինչ ես ասում, հո ես անբարոյականի զավա՞կ չեմ․․․ Իմ մեջ թշնամի ա իրան տենում։ Դե հիմա թշնամի ա տենում, ինչ ասեմ ես էլ։ Էրեկվա էրեխեքը չենք, հելնենք բոքս կպնենք, հիմա ի՞նչ ասենք։ Թող իրավական դաշտը պարզի: Եթե կպարզվի ինքը ճիշտ ա, ուրեմն ես ներողություն․․․ ինչ ասեմ», - ասաց Հարությունյանը։

Նշեմ, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում «Ազատությունը» չկարողացավ մեկնաբանություն ստանալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին։ Նա նախ խոստացավ պատասխանել հարցերին, բայց հետո զանգերն անպատասխան թողեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG