Մատչելիության հղումներ

Բռնագանձման համար կալանքի տակ է Վլադիմիր Գասպարյանի, նախկին նախարար Արամ Հարությունյանի ու գնդապետ Սերոբ Հարությունյանի գույքը


Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը Երևանում
Վլադիմիր Գասպարյանի առանձնատունը Երևանում

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրա կինը, զոքանչը, դուստրն ու որդին ծանոթացել են իրենց գույքի ապօրինի ձեռքբերման մասին իրավապահների ուսումնասիրությանը։ Սրան կհետևի դատական փուլը։ Գործերը կուղարկվեն ընդհանուր իրավասության դատարան՝ այս նպատակով առանձնացված դատավորների։

«Ձեր կողմից նշված անձը ևս հրավիրվել է, հնարավորություն ունեցել է ծանոթանալու իրեն վերաբերող ուսումնասիրությունների նյութերին, և իր ներկայացուցչի միջոցով իր այդ իրավունքը ապահովել է, այս իրավունքը իրացվել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Արդյո՞ք Վլադիմիր Գասպարյանը համաձայն է իրեն ու ընտանիքին ներկայացված տվյալների հետ, հնարավոր չեղավ պարզել, նրա փաստաբանը հրաժարվեց տեղեկություններ փոխանցել։

«Ազդարար» հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում տեղադրված են հրավերները, որոնք հասցեագրվել են նաև արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանին, նրա որդուն, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։ Նրանց գույքը դատախազության խնդրանքով դատարանը կալանքի տակ է առել։

Դատախազության տվյալներով, առայժմ 6 դիմում է ուղարկվել դատարան՝ կասկածելի ծագում ունեցող գույքը կալանքի տակ դնելու խնդրանքով։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի տվյալներով, դեռևս 4 դիմում է բավարարվել՝ 20 միավոր գույքով։ Սա արվում է, որպեսզի ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքը չվաճառվի կամ նվիրվի մեկ ուրիշի. - «Ընդհանուր առմամբ, խոսքը վերաբերում է քսան միավոր անշարժ գույքի, ինչպես նաև դրամական միջոցների, որոնց ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան վեց միլիարդ դրամ։ Խոսքը վերաբերում է ուսումնասիրության առարկա հանդիսացող և հայտնաբերված առերևույթ կամ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի նկատմամբ արգելանք կիրառելուն, որպեսզի երբ դիմենք դատարան, ունենանք վստահություն, որ դատարանի կողմից համապատասխան վճռի կայացումից հետո հնարավոր կլինի բռնագանձում իրականացնել»։

Աբրահամյանի խոսքով, առաջիկա մեկ ամսվա ընթացքում առաջին գործերը կուղարկվեն դատարան, որն էլ կորոշի՝ իսկապե՞ս այս անձինք ապօրինի են ձեռք բերել կալանքի տակ դրված գույքը, թե՞ ոչ։ Չի բացառվում նաև հաշտության տարբերակը, երբ քաղաքացին, համաձայնելով իրավապահների հետ, պետությանը վերադարձնի ապօրինի ձեռք բերված գույքի 75 տոկոսը։

«Անձինք սահմանված կարգով, գոնե այն երեք ուսումնասիրությունների շրջանակում, որոնք ավարտվել են արդեն, հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու նյութերին, նաև դիրքորոշում արտահայտելու։ Որի արդյունքներով պայմանավորված՝ արդեն կլուծվի դատարան հայց ներկայացնելու կամ չներկայացնելու հարցը։ Որովհետև օրենսդրությունը ստեղծել է հնարավորություն հաշտության միջոցով խնդիրը լուծելու»։

Թավշյա հեղափոխությունից հետո, երբ ուրվագծվեց ապօրինի ճանապարհով հարստացածներից գույքը պետությանը վերադարձնելու ծրագիրը, իրավապաշտպանները իշխանությանը հորդորում էին առաջին հերթին բարեփոխել դատական և իրավապահ համակարգը։

Նինա Կարապետյանցի կարծիքով, այս իշխանությունը պարտավոր էր գնահատական տալ տարիներ շարունակ իրավապահ համակարգում հանցագործություններ կոծկածներին, հետո անցնել բացահայտումների. - «Իրականում մենք ամբողջ բեռը փորձում ենք այս երեք տարիների ընթացքում բարդել բացառապես միայն դատարանների վրա։ Ես եղել եմ դատական համակարգի քննադատներից մեկը, բայց մենք հաշվի չենք առնում այն հանգամանքը, որ այդ թվում նաև դատախազությունը և քննչական մարմինները անգործություն են դրսևորել։ Էնպես չի, որ նույն Վլադիմիր Գասպարյանի ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել երեկ չէ առաջի օրը, կամ նշված բոլոր պաշտոնյաների ապօրինի գույքը ձեռք է բերվել երեկ չէ առաջի օրը»։

Կարապետյանցը չի շտապում ուրախանալ, խորհուրդ է ստալիւս սպասել ուժի մեջ մտած որոշումներին, ինչի արդյունքում նախկինում հարաստացածների գույքն կանցնի պետությանը։ Իրավապաշտպանը չի բացառում նաև, որ այս գործերն էլ ձախողվեն դատարաններում, ինչպես, օպրինակ, ձախողվեց Մարտի 1-ի գործը. - «Ես, անկախ ամեն ինչից, հաջողություն եմ մաղթում այս կառույցներին։ Թերահավատ լինելով հանդերձ՝ միևնույնն է հաջողություն, մեզ բոլորիս՝ համբերություն»։ Որովհետև հաղթելու պարագայում, ճիշտ ուղղությամբ գնալու պարագայում հաղթելու է պետությունը, ոչ թե մեկ անձ կամ մեկ կառույց»։

Գլխավոր դատախազությունում ամիսներ առաջ ձևավորված նոր վարչությունը ծանրաբեռնված է աշխատում, պնդում է դատախազի խորհրդականը։ Անցած սեպտեմբերից դատախազությունը քննչական տարբեր կառույցներից ստացել է ավելի քան 200 քրեական գործերի նյութեր, որոնք առնչվում են հանրությանը հայտնի անձանց։ Այս նյութերի ստուգման արդյունքում անցած ամիսներին ուսումնասիրություն նախաձեռնելու 240 որոշում է կայացվել։ Հայաստանյան իրավապահներին օգնության են եկել նաև միջազգային գործընկերները։

XS
SM
MD
LG