Մատչելիության հղումներ

Նախկին ոստիկանապետի եղբորը բռնության գործադրմամբ խուլիգանության մեղադրանք է առաջադրվել, գործը դատարանում է


ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Կոտայք գյուղում Վարդավառի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, մեղադրանք է առաջադրվել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը՝ Կարեն Գասպարյանին:

Անցած տարվա հուլիսի 8-ին Կոտայքի մարզի բնակիչը ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, իրենց տան դիմաց անչափահաս դստեր կողմից Վարդավառի ժամանակ Կարեն Գասպարյանի ավտոմեքենան ջրելու կապակցությամբ վերջինիս և իր միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, այնուհետև` ժամը 12:30-ի սահմաններում, երբ պարզաբանումներ պահանջելու համար Գասպարյանի որդին իրեն կանչել է Գասպարյանի ամառանոց, սպանության սպառնալիքներ է տվել իրեն, պահանջել ծնկաչոք ներողություն խնդրել և բռունցքով հարվածել դեմքին:

Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը») 1-ին մասով և 119-րդ հոդվածի («Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը») 1-ին մասով: Դատախազության որոշմամբ՝ քրեական գործի նախաքննության հետագա կատարումը շարունակվել է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

«Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2018 թվականի հուլիսի 8-ին անչափահաս աղջիկը և իր հասակակից մի խումբ երեխաներ Կոտայք գյուղի 3-րդ փողոցում ու դրան հարակից հատվածում «Վարդավառ»-ի ժամանակ ջրել են միմյանց, որի ընթացքում երեխան ջրել է նաև փողոցով երթևեկող Կարեն Գասպարյանի «ԲՄՎ X3» մակնիշի ավտոմեքենան: Քննության տվյալներով՝ Կ. Գասպարյանը, համայնքի մյուս բնակիչների և երթևեկության մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունը ցուցադրելու նպատակով, ակնհայտ արհամարհանք դրսևորելով, ցուցադրական կերպով ավտոմեքենան կանգնեցրել է ճանապարհի միջնամասում` խոչընդոտելով երթևեկությունը, իջել ավտոմեքենայից և ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, խուլիգանական դրդումներով աղմկել է, վիրավորել անչափահասին, այնուհետև նաև՝ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ: Աղջնակի հայրը, պատշգամբից ականատես լինելով միջադեպին, Կ. Գասպարյանից պահանջել է անհապաղ թողնել երեխային և հեռանալ, սակայն Գասպարյանը հայհոյել է երեխայի հորը, ապա փորձել բռնություն գործադրել նաև նրա նկատմամբ, բայց վեճը դադարել է հավաքվածների միջամտությամբ: Սակայն Կ. Գասպարյանը, չհանդուրժելով տեղի ունեցածը, նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, երեխայի հորը հրավիրել է իր ամառանոց, որտեղ իր որդու և վերջինիս երկու ընկերների ու ամառանոցի պահակի, ինչպես նաև տուժողի եղբոր որդու և հարևանի ներկայությամբ, երեխայի հորից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել՝ իրեն հակադրվելու համար», - մանրամասնում է Քննչական կոմիտեն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քննության ընթացքում Կարեն Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

XS
SM
MD
LG