«Ղազախստանում տեղի ունեցածի կադրերը դիտելիս, տեսնում ենք կոնկրետ ուժային գործողություններ, որի ընթացքում ահաբեկիչներին յուրահատուկ փաստեր են նաև արձանագրված», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ զորքերի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից․ ՏոկաևՀարցին՝ ինչպե՞ս կհակադարձի քննադատությանը, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին չաջակցեց, չնայած Երևանի պաշտոնական դիմումներին՝ կապված ադրբեջանական ուժերի ներխուժման հետ, իսկ Հայաստանի իշխանությունները երկու ժամում այդ հարցին լուծում տվեցին, Քոչարյանը պատասխանեց. «Հայաստանում կա իշխանություն, որ երկու ժամով կարող է լուծում տալ, ՀԱՊԿ անդամ երկիր, այդտեղ ՀԱՊԿ-ի խնդիրն է՝ ժամանակին ինչու չարձագանքեցին մեր խնդրանքներին: Այ հիմա, հետագայում արդեն՝ բնականաբար, ղազախական դեպքերից հետո, ՀԱՊԿ-ը արդեն նոր դեմքով պետք է հանես գա, ես այդպես եմ հասկանում»:
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ Հայաստանը գնահատական տալու համար չի, որ գտնվում է ՀԱՊԿ-ում, «դա մեր անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչն է, և ՀԱՊԿ-ը առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունն է»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ապացուցվա՞ծ է, որ Ղազախստանում կային ահաբեկիչներ, Քոչարյանը նշեց. «Այն կադրերը, որ նայում ենք, տեսնում ենք կոնկրետ ուժային գործողություններ, որի ընթացքում ահաբեկիչներին յուրահատուկ փաստեր են նաև արձանագրված, այն, ինչ որ երեկ արձանագրեց նաև Ղազախստանի նախագահը, որ երկու զինվորական կտրած գլուխներ կան»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոյգու․ Ղարաբաղի փորձը օգտակար էր Ղազախստանում ռուսական զորախումբը տեղակայելիսՊաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ իր համար կարևոր է փաստերի արձանագրումը. «Որովհետև 44-օրյա պատերազմի ընթացքում արձանագրվեց ահաբեկիչների ներկայությունը պատերազմի ժամանակ, ավելին, Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունների տրամադրության տակ հայտնվեցին նաև ահաբեկիչների տվյալներ: Հետագայում դա հաստատեցին թե՛ Ֆրանսիայի իշխանությունները, թե՛ Ռուսաստանի հատուկ ծառայությունները և անհանգստություններ, որ այդ ահաբեկիչները հայտնվել են նաև Իրանի սահմանների մոտ»:
«Ազատության» հարցին՝ ճի՞շտ է համարում զուգահեռները «Արցախ ներթափանցած ահաբեկիչների և Ղազախստանում գործողների միջև», Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Հայաստանինը փաստարկված էր մեր ձեռքի տակ եղած նյութերով, իսկ Ղազախստանինը, ըստ էության, կարող ենք վերլուծությունների արդյունքում լինենք, իսկ եթե դա հաստատում է Հայաստանի վարչապետը, նշանակում է, որ տեղեկատվությունն ամբողջական է»:
Հարցին էլ, թե «ինչո՞ւ միջամտել այլ պետության ներքին գործերին, ժողովրդական ընդվզումներին դեմ գնալ, հատկապես դա անում է մի երկրի ղեկավար, որը 2018-ին այդպիսի մեծ շարժում է առաջնորդել», Քոչարյանը պատասխանեց. «Շատ ճիշտ ասացիք՝ ժողովրդական շարժում է առաջացել, հարց չի՞ առաջանում՝ ինչո՞ւ ցանկություն չառաջացավ ՀԱՊԿ անդամ այն ժամանակվա իշխանություններին ունենալ Հայաստանում ինչ-որ ձև ներգրավվածություն: Սերժ Սարգսյանը չէր կարող կանչել, որովհետև Սերժ Սարգսյանը և նախկին իշխանական համակարգը մերժված էր, և մեր ժողովուրդը փողոցում ո՛չ մեքենա էր այրում, ո՛չ գլուխ էր կտրում: Դա, ըստ էության, համաժողովրդական հեղափոխություն էր»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խորհրդարանական ընդդիմությունը քննադատում է Ղազախստան հայ զինծառայողների ուղարկելու կառավարության որոշումըՆա ընդգծեց, որ համեմատության եզրերը շատ հեռու են. «Եվ երեկ էլ ես նայում էի՝ նախկին մարդու իրավունքների պաշտպանը՝ Լարիսա Ալավերդյանը համեմատություն էր անում Մարտի 1-ի և ղազախական դեպքերի հետ. մարտի 1-ին մեր ժողովուրդը որևէ մեկի վրա չի կրակել այդպիսի փաստ, եթե մեր իշխանությունները ունենային, կբերեին և որևէ փաստահավաք խմբում կմտցնեին մեր աչքը, չի եղել այդպիսի բան»:
Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ երեկ առաջարկ է ստացել՝ Սեյրան Օհանյանի գրառմամբ, Պաշտպանության և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում՝ համատեղ քննարկելու ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով. «Իմ համար զարմանալի է՝ քննարկենք ի՞նչը, ստեղծված իրավիճակը՞, իրավիճակն այն է, ինչ որ մենք խոսեցինք, և իրավիճակը նաև իրենց համար է տեսանելի: Որոշումն ընդունվել է հստակ օրենսդրական պահանջի հիմքով, բայց քննարկմանը ես դեմ չեմ եղել, երեկ Գեղամ Մանուկյանը եղել է իմ մոտ, ես ասել եմ՝ նիստից հետո մենք աշխատանքային կարգով քննարկենք՝ ոնց ենք այդ քննարկումը կազմակերպում: Իրենք գնացին՝ Սեյրան Օհանյանի գրությունը թողնելով անտեր»:
Իսկ թե խնդրահարուց չի համարո՞ւմ, որ այդ կարևոր որոշման մասին պատգամավորները վարչապետի ֆեյսբուքյան գրառումից են իմանում, Պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Ոչ, որովհետև այդ օրենսդրությունը այդ հնարավորությունը տալիս է կառավարությանը: Եվ վերջին հաշվով եթե խնդիր կա խորհրդարանական վերահսկողության հետ կապված, նույն այս քննարկման արդյունքում կարող է մենք եզրահանգեինք նրան, որ պառլամենտական խումբ ենք ձևավորում, ասենք, մեր և ընդդիմության ներկայացուցիչների հետ կապված, և գնում ենք մեր խմբավորմանը այցելության՝ տեսնենք այդ պայմանները, խնդիրները և այլն, այդ իրավունքը մենք ունենք»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.