Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գագաթնաժողովում խոսեցին Ուզբեկստանի, «վիզը ոլորելու» և դիահերձարաններից դիեր տանելու մասին 


Ոչ վաղ անցյալում ՀԱՊԿ անդամ Հայաստանն ինքն էր բախվել մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն, այսօր հեռավար անցկացված ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մեկ տարով նախագահում է դաշինքի բարձրագույն մարմնում՝ Հավաքական անվտանգության խորհրդում։

ՀԱՊԿ երկրների ղեկավարների այսօրվա հրապարակային հանդիպումը առաջինն է դաշինքի անդամ պետությունների զորամիավորումների Ղազախստան մուտք գործելուց ի վեր։

Փաշինյանը ընդգծեց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է դաշինքի ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը. «Ցավոք, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության տեսանելի նվազում չի նկատվում, և մենք շարունակում ենք բախվել նոր տեսակի սպառնալիքների։ Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը մեզ մոտ առանձնահատուկ անհանգստություն և մտահոգություն է առաջացնում՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներգրավվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առնչությամբ։ Ոչ վաղ անցյալում մենք ինքներս բախվել ենք մեր տարածաշրջանում օտարերկրյա ահաբեկիչների ի հայտ գալուն»։

44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցող իսլամիստ ահաբեկիչների մասին, որոնցից առնվազն երկուսը գերի ընկան հայկական ուժերին։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ տարածաշրջան ժամանած մերձավորարևելյան ահաբեկիչների մասին բարձր մակարդակով հայտարարություններ արեցին Ռուսաստանը, Ֆրանսիան և Իրանը, սակայն այդ խոսքերը մնացին անհետևանք։

Հեղուկ գազի թանկացման պատճառով հունվարի սկզբին Ղազախստանի արևմտյան շրջաններում սկիզբ առած բողոքի ակցիաները կարճ ժամանակահատվածում տարածվեցին երկրի այլ բնակավայրեր, որն էլ, ըստ ղազախական իշխանությունների, վերաճեց դրսից կառավարվող ահաբեկչական գործողությունների։

Բանդիտները գիշերները դիահերձարաններից տանում էին իրենց զոհված հանցակիցների դիակները. Տոկաև

ՀԱՊԿ այսօրվա առցանց գագաթնաժողովին, որին մասնակցում էին դաշինքի անդամ բոլոր երկրների ղեկավարները, Ղազախստանի 68-ամյա նախագահը հայտարարեց, որ այլևս տիրապետում է ամբողջական պատկերին և կարող է ասել, որ անցած օրերի իրադարձությունները, որոնք ամենածանր ճգնաժամն էին երկրի անկախության 30-ամյա պատմության ընթացքում, նախապատրաստվել են մի քանի տարի, համակարգվել մեկ կենտրոնից, ինչի հետևանքով բախումները, մարտական գործողությունները միաժամանակ տարածվել էին երկրի 17 մարզերից 11-ում՝ գլխավորապես կենտրոնանալով երկրի խոշորագույն քաղաք Ալմաթիում։

«Վստահաբար հայտարարում եմ Ղազախստանի դեմ ագրեսիային ահաբեկիչների, այդ թվում՝ օտարերկրյա գրոհայինների մասնակցության մասին։ Պատահական չէ, որ բանդիտները գիշերները հարձակվում էին դիահերձարանների վրա, տանում էին իրենց զոհված հանցակիցների դիակները, նաև հավաքում էին գրոհայինների դիակները ուղղակի մարտի դաշտում։ Սա միջազգային ահաբեկիչների հայտնի պրակտիկան է։ Հենց այս եղանակով նրանք թաքցնում են հետքերը։ Ակնհայտ էր նպատակը՝ մեր տարածքում ձևավորել քաոսի գոտի՝ հետագայում իշխանությունը զավթելու մտադրությամբ։ Իրադրությունը Ղազախստանում ստացավ կրիտիկական բնույթ. Ալամաթին ու մարզային ինը կենտրոններ բանդիտների ձեռքում էին», - հայտարարեց Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Այդպես էլ չնշելով, թե դրսից կառավարվող ինչ կենտրոնի մասին է խոսքը, կամ որ երկրից էին ահաբեկիչները, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նաև ժամկետ չնշեց, թե կոնկրետ երբ կավարտվի ՀԱՊԿ հինգ անդամ երկրների առաքելությունը Ղազախստանում։

ՀԱՊԿ ուժերը Նուր-Սուլթան և Ալմաթի քաղաքներում են. Զաս

Կենտրոնասիական այդ երկրում դաշինքի առաքելության հստակ ժամկետների մասին չխոսեց նաև տեսակոնֆերանսին մասնակցող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Միայն տեղեկացրեց, որ վաղը մեկնելու է Ղազախստան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին. «Արդեն երեկ ողջ ծավալով ավարտել ենք [Ղազախստանում] մեր զորախմբի տեղաբաշխումը։ Չորս օրում Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ինքնաթիռների միջոցով իրականացվել է ավելի քան 180 չվերթ։ Հավաքական խաղաղապաh ուժերի զորախմբերը տեղակայված են Նուր-Սուլթան, Ալմաթի քաղաքներում և Ալմաթիի մարզում։ Հրամանատարական կետը Ալմաթիում գտնվող [Ղազախստանի] ցամաքային զորքերի ռազմական ինստիտուտում է։ Ըստ ղազախական կողմի հետ համաձայնեցված ծրագրի, հավաքական խաղաղապաh ուժերը ձեռնամուխ են եղել ռազմական և պետական կարևոր օբյեկտների պահպանության և պաշտպանության ամրապնդմանը, ինչպես նաև՝ պատասխանատվության գոտիներում իրավիճակի կայունացման պայմանների ստեղծմանը»։

Լուկաշենկո. Ուզբեկստանը պետք է դասեր քաղի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զուգահեռներ տարավ ղազախական իրադարձությունների և Հարավսլավիայում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, Աֆղանստանում, Բելառուսում տեղի ունեցածի միջև՝ ըստ էության, արևմտյան երկրներին մեղադրելով ՀԱՊԿ անդամ երկրում արյունալի իրադարձությունների համար. «Դասերը, որոնց մասին այստեղ շատ խոսեցին, պետք է քաղի, կներեք արտահայտության համար, նախևառաջ Ուզբեկստանը։ Եթե այդ դասերը չեն քաղելու, ըստ մեր տեղեկությունների, ... իսկ դա արդեն դուք տեղում կտեսնեք, նրանց հայացքները նաև Ուզբեկստանի ուղղությամբ են»:

Նշելով, թե հեռանկարում ՀԱՊԿ-ին լուրջ մարտահրավերներ են սպասում, ուստի անհրաժեշտ է հետևողականորեն ամրապնդել դաշինքը՝ Լուկաշենկոն կոչ արեց այդ անելիս հայացքը չուղղել դեպի Արևմուտք, Ամերիկա, «այլապես վզներս կոլորենք»։

Պուտին. Թույլ չենք տա իրականացնել, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների սցենարները

Հայտարարելով, որ Ղազախստանում ՀԱՊԿ գործողությունները բացառապես լեգիտիմ են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծեց. «Իհարկե, գիտակցում ենք, որ իրադարձությունները Ղազախստանում՝ արտերկրից մեր պետությունների ներքին գործերին միջամտելու վերջին փորձը չեն։ Այստեղ ես համաձայն եմ [Բելառուսի նախագահ] Ալեքսանդր Գրիգորևիչի հետ, և ՀԱՊԿ գծով ձեռնարկված միջոցները հստակ ցույց տվեցին, որ մենք թույլ չենք տա մեր իսկ տանը ապակայունացնել իրավիճակը և իրականացնել, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների սցենարները»։

Անցած տարի մայիսին, երբ ադրբեջանական ուժերը ներխուժեցին Հայաստան, պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, սակայն Ռուսաստանի գլխավորած դաշինքը այդպես էլ գործնական որևէ քայլի չդիմեց։ Մինչդեռ, Ղազախստան զորք ուղարկելու որոշումը բառացիորեն երկու ժամում կայացվեց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG