Ղազախստանում ՀԱՊԿ-ի հիմնական առաքելությունն ավարտված է, երկու օրից կսկսվի երկրից կազմակերպության զորքերի դուրսբերումը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ այսօր ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում: Այդ գործընթացը, ըստ Տոկաևի, կտևի 10 օրից ոչ ավելի։
Ղազախստանի ղեկավարը հայտարարել է երկրում հեղաշրջման փորձի ձախողման մասին և խոստացել է ներկայացնել քաղաքական բարեփոխումների նոր փաթեթ։
Ղազախստանի նախագահի խոսքով՝ զինյալները փորձել են զավթել իշխանությունը, սակայն հեղաշրջման փորձը ձախողվել է։ Տոկաևի հավաստմամբ՝ երկրի բոլոր մարզերում իրավիճակն այժմ կայուն է։
ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները հունվարի 6-ին են սկսել առաջադրանքներ կատարել Ղազախստանում: Այդ երկրի իշխանությունները օգնություն էին խնդրել կազմակերպությունից մեկ օր առաջ։
ՀԱՊԿ խաղաղապահների համար այս օպերացիան պատմության մեջ առաջինն էր, մինչ այդ նրանք միայն զորավարժություններ էին անցկացնում։