Քաղաքապետ Հայկ Մարությանի 3 տարին. տված խոստումներն ու կատարած աշխատանքը (ինֆոգրաֆիկա)

Հայկ Մարությանի երդման արարողությունը, 13-ը հոկտեմբերի, 2018թ., Երևան

2018-ին Հայկ Մարությանը իշխանության եկավ աղբահանության, վերելակների ու հանրային տրանսպորտի օր օրի սրացող խնդիրները վերացնելու խոստումներով:

«Ազատությունն» ուսումնասիրել ու ամփոփել է անցած 3 տարիներին Երևանի քաղաքապետի կատարած աշխատանքը:

Աղբահանությունը` առաջին մարտահրավեր

Աղբահանության խնդիրը Հայկ Մարությանի համար, թերևս, առաջին մարտահրավերներից էր։ 2018-ին աղբի կուտակումներն ու գարշահոտը մայրաքաղաքի տարբեր հատվածներում արդեն սովորական էին դարձել. ընտրություններից ամիսներ անց խնդիրն է՛լ ավելի սրվեց։ Քաղաքային իշխանությունը 2019-ին մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնելու համար «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը ստեղծեց, «Սանիթեքի» հետ պայմանագիրը խզեց։

Նորաստեղծ հիմնարկը «Սանիթեքից» շեշտակի ավելի աղբատարներ ու աղբարկղեր ձեռք բերեց։ Մայրաքաղաքի աղբահանությունը հիմա 55 աղբատար մեքենայով է իրականացվում։ Մինչդեռ «Սանիթեքը» գործունեության ավարտին ընդամենը 26 մեքենա ուներ։

574 նոր վերելակ` երեք տարվա ընթացքում, 35-ը` քսանյոթ տարվա

«Մահվան վերելակ» անունը ստացած, տասնամյակներ շարունակ շահագործվող շուրջ 3500 վերելակներից 574-ը Մարությանի պաշտոնավարման ժամանակ են փոխվել։

Քաղաքապետը հայտարարում է` արդեն 2022 թվականին փոխարինված վերելակների թիվը հազարի կհասնի, գնման մրցույթներն արդեն հայտարարվել են։ Մայրաքաղաքում փոխարինման ենթակա դեռ շուրջ 2900 վերելակ կա։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Մարությանից առաջ՝ 27 տարիների ընթացքում մայրաքաղաքում ընդամենը 35 վերելակ էր փոխվել։

Հանրային տրանսպորտն ամբողջությամբ փոխել չի հաջողվել

Մարությանին հանրային տրանսպորտն ամբողջությամբ փոխել չի հաջողվել, չնայած դեռ 2 տարի առաջ խոստացել էր՝ առնվազն 2-3 տարում Երևանն արժանավայել տրանսպորտային ցանց կունենա։ Այս ընթացքում քաղաքային բյուջեով 100 փոքր, 211 հատ էլ 8,6 մետրանոց ավտոբուս է ձեռք բերվել։

Քաղաքապետն օրերս հայտարարեց, որ ևս 100 հատ 8,6 մետրանոց ավտոբուսի գնման հայտ է ներկայացվել։

Հանրային տրանսպորտի նոր ցանցի մշակումը վստահվել էր WYG բրիտանական խորհրդատվական ընկերությանը, որը դեռևս նախորդ իշխանությունների պատվերով էր սկսել աշխատանքները։ Բրիտանական ընկերության նախագծով մայրաքաղաքում պետք է գործի 42 երթուղի՝ 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Այս պահին, ստացվում է, որ պահանջվող 845 ավտոբուսների 37 տոկոսն է ձեռք բերել քաղաքապետարանը։ Նոր տրոլեյբուսներ չեն գտնվել։

2011-ից 2018 թվականներին, երբ քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, ըստ պաշտոնական տվյալների` Երևանի բյուջեով հանրային տրանսպորտի միջոցներ ձեռք չեն բերվել, տրանսպորտային ցանցը համալրվել է միայն մասնավորի գնումների ու Չինաստանի նվիրատվությունների միջոցով։

Այս տարի ավելի քան 200 ապօրինի կառույց է քանդվել

Հայկ Մարությանը պաշտոնավարման հենց մեկնարկին սկսեց պայքարել ապօրինի շինությունների դեմ, դրանք մեծ հանրային հնչեղություն ստացան թերևս այն պատճառով, որ Մարությանից առաջ քաղաքային նախորդ իշխանություններն այդ հարցում շատ զգուշավոր էին։ Դրա մասին հենց վիճակագրությունն է փաստում։ Օրինակ` 2016 -ին ու 2017-ին ընդհանուր գրեթե նույնքան ապօրինի շինություն է ապամոնտաժվել, որքան միայն 2019 թվականին։ Ապամոնտաժումների թիվն արդեն հաջորդ տարիներին զգալի ավելացել է։ Միայն այս տարի արդեն ավելի քան 200 ապօրինի կառույց է քանդվել։

Քաղաքաշինություն. դժգոհություններ

Քաղաքաշինության ոլորտում Մարությանի իրականացրած քաղաքականությունից Երևանի պատմամշակութային ժառանգությամբ մտահոգվող քաղաքացիներն ու ակտիվիստներն են դժգոհ։ «Ֆիզգորոդոկում», Ֆիրդուսում իրականացվող կառուցապատումը, պատմական շենքերի քանդումն է քննադատության պատճառը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են քանդվել համայնքապատկան հողամասում կառուցված ինքնակամ շինությունները

Մայրաքաղաքում դեռ բազմաթիվ խնդիրներ կան

Մայրաքաղաքում դեռ չլուծված բազմաթիվ խնդիրներ կան. որոշ բուժհաստատություններ հիմնանորոգման, փողոցներ, բակեր բարեկարգման, ասֆալտապատման, լուսավորության անհրաժեշտություն ունեն։ Բազմաբնակարան շենքերի ու փողոցների մեծ մասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց։

Այս ամենի համար գործող քաղաքապետը դեռ 2 տարի՝ մինչև 2023 թվականը ժամանակ ունի, բայց ավագանու իշխող խմբակցությունը նրա պաշտոնանկության գործընթաց է սկսել։